Դպրություն

Ի՞նչ է առաջարկվում միջին մասնագիտական կրթօջախներին․ «Դպրություն»

Դեռևս աշխատանքային փուլում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նոր նախագիծը, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում:

Մշակվող նոր փաստաթուղթը հիմնարար օրենք է լինելու արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի համար։

«2017 թվականից ՄԿՈՒ ոլորտում նախաձեռնել ենք դուալ ուսուցման փորձնական իրականացումը, որի նպատակն էր դուալ ուսուցումը ներդնել համակարգում և ուսանողներին տալ կարողություններ, հմտություններ, զարգացնել դրանց գործնական կիրառումը և աշխատաշուկայում զբաղվածության խթանումը։

Փորձնական իրականացման փուլի մոնիտորինգի ընթացքում, բնականաբար, խնդիր առաջացավ այն ավելի հիմնարար դարձնելու և ողջ համակարգում տարածելու համար։ Առաջացավ գաղափարը՝ օրենսդրական հիմքեր ստեղծելու՝ դուալ ուսուցումը ներդնելու և տարածելու ՄԿՈՒ համակարգում։

Արմինե Պողոսյան

Օրենքի փոփոխությունը ենթադրում է փոփոխություն բոլոր մակարդակներում և սկզբունքներում»,–ասում է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պողոսյանը։

Արմենուհի Մհերյան

«Որպես փորձագետ կարող եմ միանշանակ փաստել, որ օրենքում կատարված փոփոխությունը և դուալ համակարգով ուսուցման ներդրումը և տարածումը քոլեջներում, ՄԿՈՒ հաստատություններում միանշանակ դրական արդյունք կարող է ապահովել, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը ավարտած ուսանողը ավելի հեշտ կարողանա աշխատաշուկայում իր տեղը գտնել»,– ասում է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության ոլորտի փորձագետ Արմենուհի Մհերյանը։

Վահե Բաբայան

«Ուսումնական հաստատությունների համար շատ կարևոր է, որ շրջանավարտը աշխատի հենց իր մասնագիտությամբ։ Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը շատ կարևոր է բժշկական ուսումնական հաստատությունների համար, որովհետև այստեղ, ինչպես տեսականը, գործնականն էլ շատ կարևոր է», – ասում է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը։

Վարդուհի Գյուլազյան

«Հավատարմագրման գործընթացների ժամանակ փորձում ենք անդրադառնալ աշխատանքի վրա հիմնված ուսուցման հարցին։ Նշեմ, որ անչափ կարևորվում է գործատուների հետ համատեղ ռազմավարություն մշակելու քաղաքականությունը։ Հույս ունենք, որ նոր օրենքի ընդունմամբ շատ քոլեջներ կորդեգրեն այս քաղաքականությունը»,– ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։

Անահիտ Տերտերյան

«Գուցե առաջին հայացքից թվա, որ երևանյան քոլեջները ավելի մեծ ռեսուրսներ ունեն, բայց քանի որ այս կրթօջախները նաև գտնվում են տարբեր տարածաշրջաններում, կարծես թե պետությունը ավելի մեծ ուշադրություն է դարձրել և փորձը ցույց է տալիս, որ ռեսուրսային առումով մարզային ուսումնական հաստատությունները ավելի ապահովված են։ Մարզային քոլեջները ցույց են տվել դուալ ուսուցման հրաշալի օրինակներ», – ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ, քոլեջների պատասխանատու Անահիտ Տերտերյանը։

Back to top button