ԿարևորՎերլուծական

Թեհրանը և Բաքուն մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Իրանի ու Ադրբեջանի  պաշտպանության նախարարներն օրերս պայամնավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել, սակայն այդ մասին դեռ հստակ հայտարարություն չկա։  Իրանագետներից ոմանք կարծում են, որ այդ համատեղ զորավարժությունների  մասին այդ հայտարարությունը հնարավոր է՝  այլ նպատակներ ունի։

Փորձագետներն այդ համատեքստում շեշտադրում են հատկապես Թեհրանի՝ ադրբեջանական ձգտումները զսպող հայտարարությունները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։  «Ռադիոլուրի»  զրուցակից փորձագետները  հորդորում են հապճեպ եզրակացություններ չանել այս հարցում։

Իրանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ պատրաստվում են երկու երկրների սահմանի ողջ երկայնքով համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այդ  համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաքերի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օրերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ նրանք նաև պայմանավորվել են բարելավել  ռազմական համագործակցությունը։

Իրանագետ Արմեն Վարդանյանը Թեհրանի ու Բաքվի միջև ռազմական բաղադրիչի  մասին շեշտադրումը նորություն է համարում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում իրանագետը վստահեցրել է, որ նախկինում նման բան չի եղել․

«Իրան-Ադրբեջան հարաբերությունները  մի շատ հետաքրքիր առանձնահատկութոյուն ունեն, նույնը կարելի է ասել Իրան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Այդ երկրները իրար նկատմամբ հակառակորդներ են, որոշ դեպքերում նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն, սակայն դրան զուգահեռ շատ լավ համագործակցում են մի շարք ոլորտներում։ Դա կարող է աբսուրդ թվալ, բայց իրենք ամբողջովին չեն կտրում կապը մասնավորապես՝ տնտեսական հարցերում լավ համագործակցում են, բայց ռազմական բաղադրիչը նորույթ է, նախկինում նման բան չեմ հիշում։ Իհարկե դեռևս չենք կարող ասել, թե որքան հեռու կգնա այս համագործակցությունը, սակայն մի բան ակնհայտ է, որ նրանք նաև այս ուղղությամբ են համագործակցում»։

Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ  հակված է այդ հայտարարության հիմքում տեսնել  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  անթույլատրելիության մասին իրանական կոչերն ու հստակեցումները։

Մեզ հետ զրույցում իրանագետն իր այս մոտեցումը հիմնավորում է այն փաստով, որ համատեղ զորավարժությունների անցկացման մասին դեռ հստակ հայտարարություն չկա․

«Գուցե քայլ է պատրաստակամության աստիճանը ստուգելու, գուցե քայլ է զբաղեցնելու ադրբեջանական բանակը՝ Հայաստանի դեմ նոր հարձակում թույլ չտալու համար, կամ  գուցե գործողություն է Իրանի ներքաղաքական իրավիճակի հարթման ուղղությամբ․․․ Մի քանի հանգամանքներով կարելի է նաև պայմանավորել համատեղ զորավարժությունների անցկացման մասին ձևակերպումը, դեռ վաղ է հստակ ասել թե նպատակը որն է»։

Ամեն դեպքում, ըստ փորձագետների, այդ  նախաձեռնությունն ուշագրավ է, հատկապես ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ագրեսիայի ու այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» շրջանակներում ռիսկային համարվող վերջին հայտարարություններին  ի պատասխան Թեհրանի սաստող, զգոնացնող կեցվածքի պայմաններում։

Հիշեցնենք, որ և՛ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, և՛  նախագահ Ռաիսին մի քանի անգամ հստակ հայտարարել են․ «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»։

Շանհայի կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցների առաջ  Ռաիսին կրկնել էր Թեհրանի այս դիրքորոշումը և հստակեցրել․

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ պետք է հարգանք դրսևորվի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Այսպիսով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարներին հղած մեսիջները ավելի  քան պարզ են՝ Թեհրանը  չի հանդուրժի իր սահմանին մոտ միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի գոյություն։

Արմեն Վարդանյան՝

«Միջանցքի հարցում Իրանը շատ կոշտ դիրքորոշում է ցուցաբերել և կարծում եմ, որ այս դիրքորոշումը նաև զսպող հանգամանք է Ադրբեջանի համար և կարծում եմ դա իր ազդեցությունը թողել է Ադրբեջանի վարքագծի վրա։ Միգուցե Բաքուն այս քայլերով փորձում է Իրանին սիրաշահել , ցույց տալ, որ իրենք էլ կարող են դաշնակիցներ լինել։ Մի բան պարզ է՝ Ադրբեջանը միշտ նախաձեռնողական քաղաքականություն է վարել և շատ հարցերում մեզանից առաջ է ընկել»։

Հայ քաղաքագիտական շրջանակներում պնդումներ կան, որ վաղուց անհրաժեշտ է Հայաստան- Իրան համատեղ զորավարժություններ անցկացնել, հաշվի առնելով Թեհրանի շահագրգռվածությունը  միջանցք թույլ չտալու հարցում։

Արմեն Վարդանյանը, հղում անելով Իրանի իր բարձրաստիճան աղբյուրներին,  վստահեցնում է, որ ժամանակին Հայաստան-Իրան-Մոսկվա համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկ եղել է, սակայն  դրան դեմ է եղել Ռուսաստանը։ Զրուցակիցս չի բացառում, որ դա կարող էր պայմանավորված լինել որոշակի խանդով։  

Ամեն դեպքում՝ փորձագետները կարևորում են այն, որ վերջին շրջանում Իրանի կողմից Ադրբեջանի հետ շփումներում  շրջանառվում է Հայաստանի դեմ ագրեսիայի թեման։ Պատահական չէ, որ ըստ վերը նշված հաղորդագրությունների՝ իրանցի գեներալը լարվածության թուլացման կոչ է արել  ադրբեջանի ՊՆ-ին և ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է երկխոսություն սկսել։

Իրանական աղբյուրների համաձայն՝ այդ երկրի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին, անկախ պայմանավորվածություններից  ու հայտարարություններից, զգոնացնում է՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան։ Ըստ իրանցի պաշտոնյայի՝ դա նշանակում է, որ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների:

Իրանում մտահոգ  են ոչ միայն Բաքվի տարածաշրջանային մղումներով այլև ներքաղաքական իրավիճակով։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգներին ու  Իսրայելին մեղադրել Է իր երկրի ներսում բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ։ Այդ ակցիաներն Իրանում շարունակվում են ավելի քան տասն օր։  

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները  սկսվել  են 22-ամյա կնոջ մահվանից հետո, որն ըստ բողոքավորների ոստիկանության անհամաչափ գործողությունների զոհ է դարձել ։

Այդ դեպքերի առթիվ Իրանի հոգևոր առաջնորդը ասել է․ « Չսպասելով հետաքննությանը, մարդիկ դուրս են գալիս փողոցներ, հանում հիջաբները, հրկիզում մզկիթներ, ինչը նորմալ չԷ»։

Իրանագետները նշում են, որ  դժվար է հասկանալ թե ինչ է կատարվում այդ երկրի ներսում, քանի որ այնտեղ չի գործում համացանցը։

Փորձագետները պատահական չեն համարում նաև այն, որ այս զարգացումներին զուգահեռ  Բաքու է այցելել նաև Իսրայելի պաշտպանության նախարարը։ Ադրբեջան- Իսրայել ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումն, ըստ նրանց,  ռիսկեր է պարունակում ոչ միայն Թեհրանի համար։  Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել նաև Հայաստանի համար։

Back to top button