Մշակույթ

Երգչուհի Քրիստինե Սահակյանը հանդես կգա հոբելյանական համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մանկավարժ, դոցենտ Քրիստինե Սահակյանի մենահամերգը։ Այն նվիրված է երգչուհու ստեղծագործական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակներին։ Համերգին որպես դաշնակահար հանդես կգա Ելենա Վարդազարյանը:

Համերգի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Քրիստինե Սահակյանը ծնվել է Երևանում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգչախմբային ընկերությունում: 1990-99թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը, այնուհետև ասպիրանտուրան (պրոֆ. Գոհար Գասպարյանի դասարան): 1998-ին, փայլուն մենահամերգից հետո, հրավեր է ստացել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից՝ հանդես գալու Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում` Փառանձեմի դերերգով:

Դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ` նրան վստահվել է մեցցո-սոպրանոյի գլխավոր դերերգերը: 1998-ից հանդիսանում է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի: Մասնակցել է մի շարք օպերային ներկայացումների առաջնախաղերին` «Արշակ Բ»,«Ալմաստ», «Աիդա», «Տրավիատա», «Կարմեն», «Անուշ», «Սևիլյան սափրիչ» և այլն: Նրա օպերային դերերգերն են` Փառանձեմ, Ալմաստ, Ամներիս, Ազուչենա, Ադալջիզա, Սանտուցցա և այլն: Նրա երգացանկը ընդգրկում է բազմաթիվ համերգային ստեղծագործություններ (Վ.Ա.Մոցարտ «Ռեքվիեմ», Ջ.Վերդի «Ռեքվիեմ», Դվորժակ «Ռեքվիեմ», Պերգոլեզի “Stabat Mater”, Ռոսսինի “Stabat Mater”, Յ.Ս.Բախ «Մատթեոսի չարչարանքները» և այլն):

Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է: Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների, ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիբանանում, Հունաստանում և այլուր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումների «Հիշում եմ և պահանջում…» խորագրի շրջանակներում մասնակցել է մի շարք գալա-համերգների՝ Սանկտ Պետերբուրգում՝ Դ. Շոստակովիչի անվան մեծ ֆիլհարմոնիայի դահլիճ, Մոսկվայում՝ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճ, Երևանում՝ «Սպիվակովը հրավիրում է…» խորագրով փառատոնին:

Որպես մեներգչուհի բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական երիտասարդական նվագախմբի, «Սերենադ» նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Ելույթներ է ունեցել հանրահայտ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Սպիվակովը, Լիոր Շամբադալը, Բայրոն Ֆիդետցիսը, Յուրի Կոչնևը, Վլադիմիր Լանդեն, Յարեմա Սկիբինսկին, Ջուզեպպե Սաբատտինին, Յուրի Դավթյանը, Օհան Դուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Վահան Մարտիրոսյանը, Սերգեյ Սմբատյանը և այլք: 2002-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2014-ից աշխատում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում:

Back to top button