ԿարևորՀասարակություն

Արծաթե հուշադրամ ու անվանական նամականիշ․ Օհան Դուրյանը 100 տարեկան է

Այս տարի լրանում  է հայ անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին՝ մաեստրոյի ծննդյան օրը, աննախադեպ համերգով։ Օրերս էլ Կենտրոնական բանկը Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ է թողարկել, «Հայ փոստը»՝ անվանական նամականիշ։ Հոբելյանի շրջանակում անակնկալ ունի նաև Հանրային ռադիոն։  Դիրիժորի  ձայնագրությունների մեծ մասը պահվում է ռադիոյի արխիվում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Շուտով կթողարկվի Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Նա ղեկավարել է 100-ից ավելի նվագախմբեր, ճանաչվել է Մոցարտի և Բեթհովենի էտալոնային կատարող, եվրոպական մամուլը նրան կոչել է արևելքի Տոսկանինի։ Հայ մեծանուն դիրիժոր կոմպոզիտոր, ՀԱՅ ՄԱՐԴ Օհան Դուրյանը այս տարի կդառնար 100-տարեկան։

«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է»

Համերգների ժամանակ նա չէր օգտվում պարտիտուրից ու դիրիժորական փայտիկից`  նախընտրելով իր ձեռքերի լեզուն:

«Մեծ տարբերություն կա նոտաներ նվագողների և արտիստների միջև, պետք չէ լինել նոտաներ նվագող, այնպես ինչպես դիրիժորը միայն ձեռքերը թափ տվող չէ, մենք պետք է լինենք երաժիշտ ու արտիստ»,– փորձերից մեկի ժամանակ ասել է Օհան Դուրյանը:

Օհան Դուրյանի վերջին բեմերը Մոսկվայում էին, վերջին փորձերից մեկի ժամանակ Մաեստրոն նվագախմբին երաժշտական դադարի նշանակությունը բացատրելիս հարցրեց՝ ով կարող է ասել, որն է աշխարհի ամենագեղեցիկ դադարը։ Երաժիշտներից պատասխան չստանալով՝ Դուրյանն ասաց՝ ամենագեղեցիկ դադարը մահն է։ Երևան վերադառնալով՝ մաեստրոն այլևս բեմ չբարձրացավ։ Նա կյանքից հեռացավ 2011թ․–ին 88 տարեկանում։

Մանկությունն ու պատանեկությունը Հայաստանում չանցկացրած Դուրյանը երբեք չմոռացավ հայ լինելը։ Հայերեն սովորեց 16 տարեկանում Երուսաղեմի եկեղեցու վանականներից։ Պատմում են՝ նա վանականներին արաբերեն ու երաժշտություն էր սովորեցնում, իսկ եկեղեցականներ նրան՝ հայերեն։

«Մաեստրոն պատմում էր, որ երբ առաջին անգամ լսել է Կոմիտասի երաժշտությունը, այդ ժամանակ ինքը հիմնավորապես ընկալել է իր հայ լինելը»։

Բեմում՝ երաժշտություն արարող, կյանքում՝ ճշտապահ ու օբյեկտիվ․  դիրիժորի որդու՝ Նարեկ Դուրյանի հիշողություններն են հոր մասին։

«Եթե պայմանավորվում էինք ժամը 2-ին, իր համար 2։01–ն արդեն անընդունելի էր։ Իրականում այդտեղից շատ բան է սկսվում․ հարցը այդ մեկ րոպեն չէ, դու այդպես ես մոտենում ամեն ինչին։ Երեխա էի, պապան ինձ համար ժամացույց էր գնել, ես բակում ֆուտբոլ էի խաղում, բայց միշտ պիտի ժամին նայեի։ Ինքը ինձ տուն չէր կանչում․ ուղղակի ասում էր ժամը 2-ին հաց ենք ուտում։ Ես խաղով տարված չէի նկատում, որ ժամանակն անցնում է, հետո վազելով տուն էի գնում, ու եթե ուշանում էի պատժում էր․ հաց չէր տալիս»,– պատմում է Նարեկ Դուրյանը։

Սեպտեմբերի 8-ին լրացավ մեծանուն երաժշտի 100-ամյակը: Հոբելյանական տարվա կապակցությամբ տոնական ու հիշատակի համերգներին զուգահեռ «Հայ փոստ» ընկերությունը շրջանառության մեջ է դնում «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ, որի վրա հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի դիմանկարն է։

Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկն էլ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել հոբելյանի առիթով թողարկված արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից մի հատված է և նրա ստորագրությունը, դարձերեսին՝ մեծատաղանդ երաժշտի դիմանկարն ու  նրա «խոսող» ձեռքերն են։ Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հոբելյանի շրջանակում անակնկալ ունի նաև Հանրային ռադիոն։  Դիրիժորի  ձայնագրությունների մեծ մասը պահվում է ռադիոյի արխիվում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Շուտով կթողարկվի Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Back to top button