Գերդաստաններ

Դոլուխանյաններ․ Սարդարապատի հերոսից մինչև գիտնական և գյուտարար․ «Գերդաստաններ»

Սիսիանի Բնունիս գյուղում 1800-ական թվականներին ապրում էր շատ հարուստ մի մարդ՝ Գալուստ Դոլուխանյանը, որի նախնիները տեղափոխվել էին Շուշիի Քարին Տակ գյուղից։

Գալուստի որդին՝ Դանիելը, գիտնական Աելիտա Դոլուխանյանի պապն էր։ Աելիտան առաջին կինն է, որ ընտրվել է ԳԱԱ «Հայագիտության և հասարակական գիտությունների» բաժանմունք, 36 գրքերի և 700 հոդվածների հեղինակ է,։ Նրա գրքերը Հարվարդի համալսարանի գրադարանի գանձարանում են, նա Սարդարապատի հերոսներից գնդապետ Աբրահամ Դոլուխանյանի գերդաստանից է։

Դանիելը քաղաքական, հասարակական գործիչ էր և հիմնել է Սիսիանի Նորավան գյուղն ու դարձել գյուղի գյուղսովետի նախագահՆրա որդին՝ Գուրգենը, Վայքի կուսշրջկոմի քարտուղարն էր։ Հենց նրա ջանքերով է հիմնվում «Ջերմուկ» առողջարանը։

Գուրգեն Դոլուխանյանի կինը՝Աղավնին, Սյունիքի Լոր գյուղի առաջին կին ուսուցչուհին էր, նա աշխարհահռչակ հայագետ Նիկողայոս Ադոնցի շառավիղներից է։ Գուրգենն ունենում է չորս զավակ՝ Աելիտան և Լևոնը, Վիլիկն ու Սուսաննան։

Լևոն և Վիլիկ Դոլուխանյան եղբայրները մեծ ներդրում են ունենում գիտության մեջ։ Վիլիկ Դոլուխանյանն ինժեներ-կոնստրուկտոր էր, նրա նախագծած հաստոցները օգտագործվել են տարբեր երկրներում։

Վերջինիս դուստրը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզան Դոլուխանյանն է։ Ասում է՝ հուզվում է հոր մասին խոսելիս, բայց միաժամանակ նաև հպարտանում՝ նրա մարդկային կերպարի և աշխատանքային կյանքի մասին պատմելիս։

Լևոնը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու էր, դոցենտ, Անասնաբուծության և անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի դաշտային կերարտադրության բաժնի վարիչ էր, դասավանդում էր Հայաստանի ագրարային համալսարանում։
Նա էլ Վիլիկ եղբոր պես ինժեներ-կոնստրուկտոր էր, առաջատար մասնագետ՝ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումում։

Աելիտան պատմում է, որ հոր՝ իր ծննդյան կապակցությամբ արած նվերը ճակատագրական է դառնում։ Հայրը նվիրել էր Րաֆֆու տասը հատորները, որոնք առիթ են դառնում, որ աղջիկը խորանա պատմավեպի ժանրի մեջ և հետագայում պաշտի գրականությունն ու նվիրվի գրականության պատմությանը։

1990-ական թվականներին Աելիտա Դոլուխանյանը, պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը, պրոֆեսորի կոչում է ստանում և ստանձնում է հայ գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, իսկ այժմ նույն համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է։

Նրա արած հետաքրքիր բացահայտումներից մեկը հայագետ Սեն-Մարտենի «Հիշատակարաններ Հայաստանի պատմության և աշխարհագրության» գրքում է։ Այնտեղ գրված է, որ Գևորգ Մարզպետունի իշխանը հաղթում է Բեշիրի բանակին։

Գերդաստանն ունի նաև շատ շնորհալի երիտասարդներ. Աելիտայի դուստրը՝ Հասմիկ Մարտիրոսյանը, Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի (Northeastern University) իրավագիտության դոկտոր է և Տյուվզյուդ միջազգային հիմնարկում փոխնախագահ։
Իր պապի ու տատի մասին հիշում է կարոտով ու սիրով, խոսում ու պատմում նրանց մասին՝ մեծ երախտագիտությամբ։

Փենսիլվանիայի համալսարանն է ավարտել ու Կալիֆորնիայի համալսարանի մագիստրատուրայում է սովորել Սուսաննայի դուստրը՝ Արմինե Գրիգորյանը, որդին՝ Տիգրանը, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դարձել է շատ պահանջված մասնագետ ու ապրում է Մոնրեալում։

Այս գերդաստանի մեծերն ու փոքրերը հաճախ են իրար գլխի հավաքվում, հիշում իրենց անցավոր մեծերին, պատմում նրանց անցած ճանապարհի մասին, երգում նրանց սիրած երգերը, իսկ Հայաստանից հեռու ապրող թոռներին պատգամում՝ ամուր պահել կապը հայրենիքի և մայրենիի հետ։

Back to top button