ԿարևորՀասարակություն

Արմավիրի թիվ 1 դպրոցի ուսուցիչների մեծ մասը կամավոր ատեստավորվել է  

Արմավիրի Ռուբեն Եղոյանի  թիվ 1 ավագ դպրոցում կամավոր ատեստավորմանը մասնակցել է 18 ուսուցիչ: Նրանք ոչ միայն բարձր արդյունքներ են գրանցել, այլև օգնել են, որ վերանայվեն հարցաշարերը։  Այս ուսուցիչներն անցյալ  տարի բողոքարկել էին  քիմիայի ատեստավորման հարցաշարը, որի արդյունքում այս տարվա թեստերը որակապես փոխվել են։

Ուսուցչի տոնի առթիվ Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի լեզվաբանական ենթահոսքի 11-րդ դասարանցիներն անակնկալ էին պատրաստել անգլերեն լեզվի  ուսուցչուհուն և դերերով  փոխվել էին. Աննան, Մարիամն ու Սյուզաննան ստանձնել էին ուսուցչի պարտականությունը, իսկ  ուսուցչուհին աշակերտական նստարանի մոտ էր.

«Այսօր ցանկացել էինք մեր ուսուցչուհուն հանգիստ թողնել և աշակերտական նստարանից հետևել, թե ինչպես է զարգանում մեր խոսակցական անգլերենը: Շատ լավ անցավ մեր վարած դասը, բոլորն ակտիվ էին»:

«Փորձեցինք դասն ավելի հետաքրքրացնել՝ նախապես պատրաստված հարցերի միջոցով: Հիմնականում երկխոսությունների մեջ ենք ներքաշել ամբողջ դասարանին՝ ցույց տալով մեր ազատ շփումն անգլերենով»:

Անգլերենի ուսուցչուհի Մարգուշա Գևորգյանը գոհ է, իր աշխատանքն արդյունավետ է համարում: Գոհ է նաև կամավոր ատեստավորման արդյունքներից՝ 80 տոկոս: Անին արդեն 13 տարվա մանկավարժ է և այս տարի առաջին անգամ է մասնակցել կամավոր ատեստավորմանը։

«Առանց վարանելու մենք՝ անգլերենի 3 ուսուցիչներս, որոշել ենք մասնակցել կամավոր ատեստավորմանը, շատ գոհ ենք, երեքս էլ բարձր արդյունքներ ենք ցուցաբերել՝75 %, 80%  և 82%: Ես կարծում եմ, որ թեստերը կազմված էին այնպես, որ յուրաքանչյուր ուսուցիչ  60 տոկոսի շեմը գոնե պետք է հաղթահարեր»:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցից կամավոր ատեստավորմանը մասնակցած 18 ուսուցիչները բարձր արդյունքներ են գրանցել, որոնց աշխատավարձի հավելավճարը կազմել է 30-50 տոկոս: Սա ուսուցչի օրվա լավագույն նվերն է դպրոցին: Տնօրեն Նունե Դոլինյանը  հպարտությամբ է խոսում այս մասին, ասում է՝ հաջողության գաղտնիքը  ուսուցչի շարունակական աշխատանքն է։

«Ի ուրախություն ինձ, պետք է նշեմ, որ ղեկավարում եմ մի մասնագիտական խումբ, որի բոլոր անդամները պատրաստ են բոլոր տեսակի նորարարությունների: Այն գիտելիքները, որոնք իրենք ստանում են մասնագիտական և շարունակական վերապատրաստումների  արդյունքում, բերեցին այսօրվա գրանցված հաջողությանը: Անցած տարի 30 տոկոսի շեմը հաղթահարած ուսուցիչների աշխատավարձն այս տարի 40-50 տոկոսով կբարձրանա»:

18 ուսուցչից 5-ը կրկնակի է ատեստավորվել, այդ թվում՝  քիմիայի ուսուցչուհի Կարինե Գևորգյանը: Նա Արարատյան բակալավրիատի որակավորման ԱԲ հավաստագիր ունի և վերապատրաստում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչներին: Անցած տարի բողոքարկել էր քիմիայի ատեստավորման արդյունքները.

«Քանի որ անցած տարվա տարբերակներում ոչ թե բարդ խնդիրներ էին, այլ սխալներն էին շատ, որի մասին մենք բարձրաձայնեցինք: Պաշտոնապես ուղղվեց 6 սխալ, իսկ մյուս սխալները մնացին նույնությամբ: Իսկ այս տարի պետք է ասեմ, որ քիմիայի թեստերն ավելի մտածված ու լավ տարբերակներ էին առաջադրված: Թեստերն էլի բարդ էին, բաց սխալ չէին»:

Որակավորման առաջին տարակարգ ունեցող ուսուցչուհին ենթադրում է, որ այս տարվա թեստերը որակապես փոխվել են իրենց բողոքարկման արդյունքում: Կրկնակի որակավորման արդյունքում նա ստացել է ամենաբարձր միավորը՝ ցուցաբերելով 95% արդյունք։

«Երեք սխալ եմ ընդամենը արել, որից 2-ն իմ անուշադրության հետևանքով, իսկը մեկի  համար բողոքարկել եմ. իրենց հետ միայն մի կետում եմ անհամաձայն: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ՝ սարերի տարբերություն կար»:

Կարինե Գևորգյանի աշխատավարձի հավելավճարը 30 տոկոս էր կազմում, այս տարի կդառնա 50 տոկոս: 50 տոկոսով բարձրացել է նաև մաթեմատիկայի ուսուցչուհի Լյուբա Հայրապետյանի աշխատավարձը: Նա անցյալ  տարի է մասնակցել ուսուցիչների կամավոր ատեստավորմանը:

«Իմ կարծիքով՝ սա պետք էր, որովհետև 1988թ-ից աշխատում եմ դպրոցում, և իմ աշխատանքը շատ սիրում եմ, բայց, ցավոք, վճարվել եմ շատ ցածր՝ 48 000 դրամ, 60000 դրամ, 100 հազար դրամից ավելի գումար չեմ ստացել: Իսկ այս տարի 290 հազար դրամ եմ ստանում»:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում կամավոր ատեստավորմանը մասնակցել են գրեթե բոլոր առարկաների ուսուցիչները, բայց առաջատարը  մաթեմատիկա դասավանդողներն են:

Back to top button