ԿարևորՀասարակություն

Անվտանգային հարցերով պայմանավորված՝ փոխվել են նաև բյուջեի առաջնահերթությունները

Գործադիրն արդեն հաստատել է 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն  առաջիկայում կքննարկվի նախ խորհրդարանական հանձնաժողովներում, հետո նաև՝ ԱԺ լիագումար նիստում։ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ-ով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով:

Հաջորդ տարի բոլոր ուղություններով՝ կրթության, պաշտպանության, գիտության  ոլորտներում  ֆինանսավորման աճ է նախատեսվել։ Կաճեն նաև կապիտալ ծախսերը, կնվազի պարտքի բեռը։ Տնտեսական աճի կանխատեսումները, ակնկալիքները համեստ են՝ 7 տոկոս, գնաճի թիրախը չի փոխվել՝ 4+-1տոկոս։

Հայաստանում տնտեսական մարտահրավերները ամբողջությամբ հաղթահարված չեն։ Համավարակին ավելացավ 44-օրյա պատերազմը, ռուս-ուկրաինական հակամարտությունն ու վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան։ Արդյունքում՝ հաջորդ տարվա համար փոխվել են ծախսային առաջնահերթությունները։ 2023-ին նախատեսվում է  Հայաստնի պաշտպանության ապահովման համար նախատեսվող գումարները ավելացնել   ավեի քան  47 տոկոսով կամ՝  160 մլրդ դրամով։ 2021-ին հատկացվել էր շուրջ 334 միլիարդ, 2022-ին՝  շուրջ 340 միլիարդ։ 

2023-ին արդեն պաշտպանության ոլորտին կտրամադրվի ավելի քան 557 միլիարդ դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ֆինանսավորման ավելացման շրջանակում նախատեսվում է  ՀՀ զինված ուժերի պահպանում, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված մակարդակի պաշարների, զենքի և զինամթերքի ձեռք բերում։

2023թվականի հունվարի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացողները 7 հազար դրամ ավել  կստանան՝ 68 հազար դրամի փոխարեն 75 հազար դրամ։   Կառավարությունում խոստանում են, որ մինչև 2026 թվականը  նվազագույն աշխատավարձը կսահմանվի  85 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, կենսաթոշակներին տրամադրվող գումարները հաջորդ տարի կավելանան 25․2 մլրդ դրամով։

Հայաստանում կենսաթոշակները սեպտեմբերից արդեն բարձրացել են 3  հազար դրամով, չսպասելով հաջորդ տարեսկզբին։ Վարչապետը հիշեցնում է՝ պլանավորել էին 2023-ին երկու անգամ ավելացնել թոշակները՝ հունվարին ու հուլիսին, բայց  մեկ անգամ արդեն բարձրացել են։  Գործադիրում ակնկալում են, որ առնվազն երեք հազար դրամով բարձրացող թոշակներին ու նպաստներին գուցե ավելանա նաև անկանխիկ առևտրի ժամանակ տրամադրվող 10 տոկոս հետվճարը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է․ «Անկանխիկ առևտրի քաջալերման համակարգի միջոցով նաև ըստ էության տեսական ու գործնական հնարավորութուն ենք ստեղծել, որ այդ կենսաթոշակները ևս 3-5 հազար դրամով ավելանան»։

Հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ ստացող այն քաղաքացիները, որոնք Հայաստանում առևտրի կամ ծառայությունների դիմաց կվճարեն քարտերով ու վճարում ընդունող սարքերով, հաջորդ ամիս կստանան 10% հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։  Գործադիրում վստահեցնում են՝ սա այս պահին  առավելագույնն է, որ կարող են անել։  Հանրությունն ու տնտեսագետները փորձում են հաշվարկում են՝ որքանո՞վ այս բարձրացումները կթեթևացնեն քաղաքացիների սոցիալական բեռը։ Արդյո՞ք բարձրացումները համահունչ են տնտեսական զարգացումներին ու գնաճին․ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ բյուջեն ավելին է թույլ տալիս, իսկ բարձրացումները պարզապես համարժեք չեն առաջացած սոցիալական կարիքներին։

«Մենք 2020-ին մոտ 20 տոկոս կուտակային գնաճ ունենք։ Հատկապես սննդամթերքի մասով ավելի բարձր է։ Միաժամանակ մենք տարեկան և բարձր տնտեսական ակտիվության, և գնաճի բարձր տեմպերի պայմաններում ունենք նաև բյուջեի եկամուտների բարձր աճ՝ ևս 20 տոկոսը գերազանցող։ Մինչդեռ  կենսաթոշակի չափի ավելացումը շատ ավելի համեստ է՝ 7 տոկոս, հատկապես, եթե նայենք՝ սոցիալական խնդիրները կուտակվել են 2020-ից այս կողմ, բայց բարձրացումը նոր է փորձում դա փոխհատուցել։ Այդ տեսանկյունից մի կողմից ընթացիկ հնարավորություններից, մյուս կողմից՝ կարիքներից հետ ընկած է»։

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը նկատում է՝ բյուջեի նախագիծն առաջադեմ է։ Նա վստահեցնում է, որ երկնիշ գնաճի ֆոնին աշխատավարձի ինդեքսավորման հարցը դիտարկվում է։ Սա արվում է ոչ բարենպաստ տնտեսական հարաբերությունների պարագայում որոշակի մեղմացում ապահովելու համար։ Տարբեր հաշվարկներով՝ երկնիշ գնաճով պայմանավորված՝ Հայաստանում ավելի քան 10 տոկոսով նվազել է քաղաքացիների գնողունակությունը։ Տնտեսագետը հիշեցնում է՝ միջոցները սուղ են,  առաջնային այլ հարցեր են առաջացել՝ ինչպես օրինակ անվտանգային ծախսերն են․

«Բյուջեն սահմանափակ է, և այն պետք է արդյունավետ բաշխել՝ պաշտպանական, առողջապահական ծախսեր, անվտանգային ծախսեր ապահովելու հարցեր։ Աշխատավարձ, կենսաթոշակ, այս համատեքստում հաշվարկներ իրականացվում են։ 75 հազար դրամը կարելի է միշտ քննադատել։ Ասել, որ այդ գումարը թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ամսվա ծախսերը անեն։ Խնդիր է, պետք է ինդեքսավորել, դա բարդ ու երկարատև գործընթաց է»։

Գումարների բաշխվածության  առաջնահերթություններին զուգահեռ փոխվում  է նաև դրանց տրամադրելու մոտեցումը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ աշխատավարձերի էական բարձրացում կլինի՝ բոլոր ոլորտներում, բայց՝ որակի հավաստագրմամբ։ Առաջիկայում ոստիականության համակարգում աշխատավարձի հերթական  էական բարձրացումն է սպասվում, թե որքան՝ դեռ չի հայտարարվում։ Բայց հստակեցվում է պետական մոտեցումը՝  ոստիկանների ու փրկարարների աշխատավարձերը  պետք է անգամներով բարձրանան։ Բայց  կրկնակի ավել աշխատավարձի դիմաց պետք է նաև համապատասխան որակի աշխատանք ակնկալել։

Մինչ աշխարհում տնտեսական անկում է արձանագրվում,  Հայաստանում երկնիշ տնտեսական աճ են կանխատեսում, այս տարվա համար՝ 12-13 տոկոս։ 2023-ի պետական բյուջեի նախագծում  արդեն ակնակալիքները համեստ են՝ 7 տոկոս։ Միջազգային կառույցները սակայն, Հայաստանի իշխանության տնտեսական լավատեսությունը չեն կիսում։ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն, կանխատեսվում է, որ 2022-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7%, իսկ 2023-ին աճի տեմպը կտրուկ կդանդաղի՝ կազմելով 4,3%: 

Back to top button