Էկոսֆերա

Ռազմավարական նշանակության օբյեկտները՝ Ադրբեջանի թիրախում․ «Էկոսֆերա»

Ինչո՞ւ էր թշնամին թիրախավորել Ամուլսարը և ի՞նչ կլիներ, եթե բնակիչների համառ պայքարի արդյունքում չկասեցվեր Ամուլսարի շահագործման ծրագիրը։

Եվ Հայաստանը, և Ադրբեջանը վավերացրել են բնապահպանական կոնվենցիաներ և մի շարք պարտավորություններ ստանձնել։ Սակայն, այդ հանգամանքը կարծես բոլորովին չի կաշկանդում թշնամուն գործել այդ կոնվենցիաներին հակառակ ու այդ կոնվենցիաներից դուրս։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը նույնիսկ հաշվել է, թե Կարմիր գրքում գրանցված քանի կենդանի և ծառ է ոչնչացվել պատերազմական գործողությունների ընթացքում։

Ադրբեջանը ներկայացնում է թվեր, բայց չի դադարեցնում ռազմական ագրեսիան ու բնապահպանական աղետը՝ թիրախավորելով ռազմավարական նշանակության օբյեկտներ, օրինակ՝ Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի անտառներն ու, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց իրավաբան Նազելի Վարդանյանը, նաև Ամուլսարը։

Վարդանյանն ասում է մի հանգամանք կա, որ շատ կարևոր է, շեշտում, որ այսօր ՀՀ տարածքի զգալի մասը կարող էր վտանգի տակ հայտնվել, եթե տեղի բնակչությունը ժամանակին չպայքարեր հանքավայրի շահագործման դեմ։

Մասնավորապես, մասնագետների կարծիքով՝ ցիանային հարթակը, որը նախատեսում էին կառուցել շահագործողները, թշնամու կողմից թիրախավորվելու դեպքում էական վնասներ կհասցներ ՀՀ բնակչության զգալի մասին։

«Լիդիան Արմենիան» արձագանքել է Հայաստանի հանրային ռադիոյին տված իրավաբան Նազելի Վարդանյանի հարցազրույցին՝ տեղեկացնելով․ «Ամուլսարի լեռնահատկացման ողջ տարածքը չի թիրախավորվել և ռմբակոծվել թշնամու կողմից, ինչպես պնդում է Նազելի Վարդանյանը: Ավելին Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակը, որի մասին նա նշում է, գտնվում է սահմանից 22.5 կմ, իսկ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: Ի դեպ, նմանատիպ այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ գտնվում են սահմանին ավելի մոտ, բայց Վարդանյանը հիշատակում է միայն Ամուլսարը»։

Back to top button