ԿարևորՔաղաքական

Ձմռանը չսառչելը ԵՄ-ի համար ավելի կարևոր է, քան Բաքվին պատժելը․ ԵՄ արձագանքը Բաքվի ագրեսիային

Բաքվի և Երևանի միջև ռազմական հակամարտության զարգացման  ու վերջին բախումների վերաբերյալ Եվրախորհրդարանում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները Բաքվին պատժելու, ԵՄ-Ադրբեջանի գազային պայմանագրի չեղարկման մասին բազմաթիվ հարցեր են ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Նա հայտարարել է, որ Եվրամիությունը պահանջում է Բաքվից հետ քաշել զորքը Հայաստանի հանրապետության տարածքից ու հետաքննել գերիների գնդակահարության տեսանյութը։ Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն  Ադրբեջանի հետ գազային պամանագրի չեղարկում չի նախատեսում։

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, օկուպացրել որոշ տարածքներ, այդուհանդերձ ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի նախատեսում, ոչ էլ մտադիր է չեղարկել ԵՄ-Ադրբեջան գազային պայմանագիրը՝ Եվրախորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Եվրապատգամավորներին Բրյուսելի այս դիրքորոշումը  չի գոհացրել։

«Միայն դատապարտելով իրավիճակ չի փոխվում», «Հարկ է գոնե այս պահին սառեցնել Ադրբեջանի հետ կնքված գազային համաձայնագիրը», «Ինչո՞ւ ԵՄ-ն Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեմ քայլեր դրբեջանական ագրեսիայի նկատմամբ մեղմ վարքագիծ է դրսևորում»․ այս եւ այլ քննադատական հարցադրումներին ի պատասխան Բորելն ասել է․ «Ադրբեջանը մեզ միլիարդավոր խորանարդ մետր գազ է տալիս, որի կարիքը եվրոպացիներն այնքան ունեն այս ձմեռ»:

Իսպանացի, հույն, կիպրոսցի, նիդեռլանդացի պատգամավորիների բազմաթիվ հարցերին ու պնդումներին արձագանքելով՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԵՄ-ն առաջարկել է որպեսզի դիտորդական առաքելություն ուղարկի հայ-ադրբեջանական սահման, որը իրագործելու համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ ԵՄ-ն Բաքվի հետ գազային համաձայնություն է կնքել, որը մեծ ձեռքբերում է համարում, այդ ընթացքում հայտնվում է հայ ռազմագերիների դաժան գնդակահարությունը ներկայացնող տեսանյութ։

Վերլուծաբանի կարծիքով՝  տեսագրության դաժանությունն է ստիպել ԵՄ-ին քննադատել կատարվածը․«Նա քննադատել է հայ զինվորների գնդակահարությունը և ասել է, որ այդ պայմանագիրը, որ կնքվել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նաև հաշվի են առնելու Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների վիճակը։ Ես այդ հայտարարությանը առանձնապես մեծ նշանակություն չէի տա, մենք պետք է հասկանանք, թե ինչ կոնտեքստում է դա տեղի ունեցել։ ԵՄ–ն մեծ շուքով նշել է Բաքվի հետ կնքված այդ պայմանագիրը՝ հաշվի առնելով որ Եվրոպային ցուրտ ձմեռ է սպասվում, Եվրոպայի բնակչությունը խուճապի մեջ է, որ ռուսական գազն էլ չի հասնելու Եվրոպա՝ Հյուսիսային հոսքերը պայթեցնելուց հետո»։

Ըստ քաղաքագետի՝ պետք է հասկանալ, որ ԵՄ-ն  Բաքվի վրա ազդելու այլ լծակ չունի, քան դատապարտելը։ Ստեփան Դանիելյանը մատնացույց է անում, այն երկրները, որոնք Բաքվի վրա ազդելու լծակներ ունեն՝ Իրան, ՌԴ, ԱՄՆ։

«Միջազգային ատյաններ դիմելը ես անիմաստ եմ համարում, քանի որ այդ բողոքները, լացերը, կոծերը քաղաքականության մեջ որևէ նշանակություն չունեն։ Կա աշխատանք, որ միջազգային կառույցներին համոզում ես, որ իրենք ինչ-որ քայլեր անեն, այսինքն դա դիվանագիտական դաշտն է, որ ՀՀ պետք է օգտագործի, մյուս կողմից կան լոբբիստական խմբեր, որ աշխատում են տարբեր կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատել»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է, որ Եվրախորհրդարանում  հայ-ադրբեջանական լարվածության թեմայով  քննարկումը ոչ միայն Հայաստանի աշխատանքի, այլև աշխարհաքաղաքական որոշակի զարգացումների արդյունք է։

«Այս օրերին միջազգային հարթակներում Հայաստանին աջակցող կոչերը քիչ չեն, այդ թվում  ԵԽ պատգամավորների կողմից և եթե մեր կողմից կատարվեն անհրաժեշտ մարտավարական քայլեր, ապա պատրանքներից կանցնենք գործի։ Պաշտոնական Երևանի փոխկապակցված, փոխլրացնող, միևնույն ժամանակ բոլոր հարթակներում հետևողական ու կազմակերպված աշխատանքից է կախված սատարող, աջակցող  կոչերը իրական հողի վրա կապիտալիզացնելը։ Դրանք պետք է լինեն ոչ թե անկախ կամ մեկուսի գործողություններ, այլ մեկ ընդհանուր ռազմավարության փոխշաղկապված մարտավարական քայլեր։ Սա է այսօրվա կարևորագույն հարցը»։

Արա Պողոսյանը կարևորում է նաև վերջին օրերին համացանցում շրջանառվող Ադրբեջանի գործած ռազմական հանցագործության վերաբերյալ տեսանյութին գրագետ ընթացք տալու հանգամանքը, ինչը բացակայում էր 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում։  Կարծում է՝ հայկական կողմի խնդիրը դատապարտումները կապիտալիզացնելն է։

Back to top button