ԿարևորՀասարակություն

30 տարվա մեջ ամենամեծ պահանաջարկը․ Հայաստանի հյուրերը ՀՀ անձնագիր են ուզում

Հայաստանից Ռուսաստան մարդկանց մեծ հոսքը մեկնարկեց փետրվարին, փոքր–ինչ խաղաղվեց ամռանը և էլ ավելի մեծ թափով վերսկսվեց սեպտեմբերի վերջին։ Հայաստան եկողների թվի ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև ՀՀ  քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը։ Ռուսաստանաբնակներն այս շարքում առաջատար են։ ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում կարծում են, որ այս տարի վերջին 30 տարիների համեմատ ՀՀ քաղաքացիության ամենամեծ պահանջարկն է գրանցվելու։

1993-ին Արման Գալստյանի ծնողները նրան Հայաստանից Ռուսաստան տարան, որ երեխան լավ կրթություն ու ցանկալի կյանք ունենա։ 2022-ին Արման Գալստյանն իր երեխաներին Ռուսաստանից Հայաստան է բերել, որ նրանք լավ կրթություն ու ցանկալի կյանք ունենան: Ասում է՝ վերադառնալը կյանքի ամենածանր որոշումն է եղել․ 25 տարի ստեղծած կյանքը թողնելուն ու ամեն ինչ այլ երկրում սկսելուն ընտանիքը դեմ է եղել․

«Բայց եկել է մի պահ (երևի տարիքի հետ է կապված, հասունացման), որ զգացել եմ, որ ես ինչ–որ բան ճիշտ չեմ անում։ Տպավորություն ունեմ, որ ես ինչ–որ շատ կարևոր բանից զրկում եմ իմ երեխաներին։ Ես ինքս ինձ էլ, բայց առաջին հերթին երեխաներին։ Զրկում եմ իրենց էն հնարավորությունից, որ իրանք հայ մեծանան ու հայ մշակույթի, Հայաստանում ստացած գիտելիքի ու փորձի․․․(փորձում է մտաբերել հայերեն բառը) носитель, կներեք, չգիտեմ հայերեն ոնց է… կրողը դառնան»:

Արման Գալստյանը երկքաղաքացի է, երկու երեխաները՝ 13 և 9 տարեկան, արդեն ստացել են հայկական անձնագիր, կինը սպասում է իր հերթին։ Ընտանիքը կարծում է, որ երեխաներին մի երկրում մեկ այլ երկրի ներկայացուցչի նման մեծացնել հնարավոր չէ․ Ռուսաստանի օդը շնչողը հայ չի մեծանա։ Իր՝ Հայաստան գալու մոտիվացիան սա է։ ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ այս շրջանում Հայաստան տեղափոխվող մարդիկ տարբեր դրդապատճառներ ունեն։ Հիմնական հոսքը մեկնարկեց 2022-ի փետրվարին․ ռուս-ուկարինական իրադարձություններով պայմանավորված սանկացիաներից խուսափելու համար ռուսաստանաբնակ հայերի ու օտարազգիների մեծ հոսք գրանցվեց։ Հաջորդ մեծ հոսքը նկատվեց սեպտեմբերի 20-ից հետո՝ Ռուսաստանում մոբիլիզացիայով պայմանավորված․

«ՀՀ–ում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը այս տարվա 9 ամիսներին ստացել է շուրջ 7000 դիմում, գերակշիռ մասը վերաբերում է քաղաքացիության հարցերին, այս ցուցանիշով հանձնակատարի գրասենյակը իր նախորդ տարվա ցուցանիշը 2-2.5 անգամ արդեն գերազանցել է։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի դիմումների առատություն կա նաև ոստիկանության անձնագրային ու վիզների վարչությունում և արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում»։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2021-ին դիմում է ներկայացրել աշխարհի 45 երկրի քաղաքացի, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստանից։ Թե քանի մարդ 2022-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կներկայացնի, և քանիսը կստանա հայկական կապույտ անձնագիր, կիմանանք հաջորդ տարեսկզբին՝ Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության ներկայացրած տվյալներից։ Ամեն դեպքում Հովհաննես Ալեքսանյանի համոզմամբ՝ արձանագրվելու է վերջին 30 տարիների ամենաբարձր ցուցանիշը։

«Պետք է փաստել հանգամանքը, որ այսօր ՀՀ քաղաքացիությունը, ՀՀ քաղաքացու անձնագիրը պահանջված է, և մենք սրանից պետք է միայն մեր գոհունակությունը հայտնենք ու ամեն կերպ խրախուսնեք, որ մարդիկ վերադառնան արմատներին, Հայաստանում անցկացնեն ժամանակ, գույք ձեռք բերեն, ճանաչեն իրենց պատմական հայրենիքը, ցանկանան այստեղ ապրել ու վերջնականապես հաստատվեն»։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից նշում են՝ Հայաստանը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ աշխատաշուկայում, պատրաստ էր այս հոսքին․

«Անշուշտ կան ՀՀ–ում աշխատատեղեր, և նորեկներն իրենք են շատ դեպքերում աշխատատեղեր ստեղծում։ Սա ունիկալ երևույթ է, և պետք է խրախուսել նման միջոցառումները։ Դրա համար բիզնեսի ռելոկացիայի հետ կապված բացվել են համապատախսան ծառայություններ էկոնոմիկայի նախարարության կազմում, աշխատում է համապատասխան թիմ, որին պետք է դիմել բիզնեսը ՀՀ տեղափոխելու համար»։

Քաղաքացիություն ստանալու համար հայերից պահանջվում է դիմում, ծննդական, անձնագիր, լուսանկար և պետական տուրքի կտրոն։ Օտարազգիների համար ընթացակարգը փոքր–ինչ այլ է․ անձը կարող է քաղաքացիություն ստանալ, եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ և 2 տարի բնակվում է ՀՀ տարածքում, եթե ունի ՀՀ քաղաքացի զավակ կամ եթե 3 տարի օրինական բնակության հիմքով ապրել է ՀՀ–ում։

Back to top button