ԿարևորՔաղաքական

«Վստահելի աղբյուրի» տեղեկություններին արձագանքում են պատգամավորները, նախագահներն ու Կրեմլը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնած հանդիպումներին ու «Հայկական ժամանակ»  օրաթերթում հրապարակված, այսպես կոչված, «վստահելի աղբյուրից» ստացված տեղեկություններին  արձագանքում են ներսում ու դրսում՝ Աժ-ից մինչև Կրեմլ։ Խորհրդարանում ընդգծում են Հայաստանի «կարմիր գծերը», Կրեմլի մամուլի խոսնակը հերքում է միութենական պետություն հիմնելու Մոսկվայի մտադրությունների մասին շրջանառվող լուրերը։

ՀՀ-ի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների համար լուծումներ գտնելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումները Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները կշարունակվեն այլ ձևաչափով։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղեկացնում է․ «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»։

Նոր նախաձեռնությունը պայմանավորված է «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված մի հոդվածով, որը, ըստ պարբերականի այսպես կոչված «վստահելի աղբյուրի», ներկայացնում է Ադրբեջանի 5 հիմնական պահանջները Հայաստանին։ Դրանց թվում ԼՂ պաշտպանության բանակի լուծարումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչումը, միջանցքը և այլն։

Պարբերականը նշում է, որ հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, որ իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին:

Այս հրապարակումից հետո չուշացավ Տեր-Պետրոսյանի արձագանքը․ հրապարակումը, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին: Առաջին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»:

Օրաթերթի այս հրապարակումից հետո հրապարակվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հաղորդագրությունը։ Այն արձագանքն էր ոչ այնքան աղմկահարույց հրապարակման, որքան Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի մասին հայտարարությանը։ Առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ նախագծեր են պատրաստվում  նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում:

«Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:

Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողությունն անընդունելի է»։

Ըստ այդ հաղորդագրության՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների արդյունավետության մասին Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:

«Հայկական ժամանակի» հրապարակմանն արձագանքել է նաև  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը․ 

«Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չենք մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, թեև ինչպես ինքն է ասոմ՝  չի ընթերցել Ադրբեջանի 5 պահանջների մասին հոդվածը, հավաստիացնում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն: Մենք որևէ պահանջ չենք ընդունել և որևէ փաստաթուղթ չկա, ասել է խորհրդարանի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյաննը նույնպես հայտարարել է, որ տեղյակ չէ Բաքվի 5 պահանջներից, սակայն այն, ինչ ասվում է, իր համար անընդունելի է․

«Ես տեղյակ չեմ, ծանոթ չեմ և ասում եմ, որ այդպիսի փաստաթուղթն անընդունելի է անձամբ ինձ համար՝ ամենաքիչը։ Հետևաբար կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը նույնպես պետք է ժխտի, մերժի նման մոտեցումը»։

Ադրբեջանական 5 պահանջներին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավոապես՝ գրել է․

«Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ու՞մ էր ուղղված «Հայկական Ժամանակ»-ի Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։  Ինչու։  Ադրբեջանին զիջումներ անելու գնով խաղաղության հասնելու գաղափարը հենց նրա աշխարհայացքն էր։ Կյանքը ցույց տվեց, որ նման եղանակով խաղաղության հասնել հնարավոր չէ, դա կեղծ կատեգորիա էր, որովհետև իրական խնդիրը Արցախը չէր, այլ Սյունիքը»։

Թերթի հայտնի հրապարակման մեջ նշվում էր նաև, որ կտարածեն նաև թե ինչ են ուզում ԱՄՆ, ԵՄ, Իրան և Ռուսաստանը։ Արդեն հրապարակված է այսպես կոչված «հավաստի աղբյուրի» կողմից բացահայտված Մոսկվայի ցանկությունը միութենական պետության կազմում Հայաստանը տեսնելու մասին։

Այս բացահայտման մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը․

«Նման որևէ խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեն եղել, նման խոսակցություն չկա եւ գիտեք ինձ համար ՀՀ անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը քննարկման ենթակ չեն»։

Խորհրդարանի խոսնակը լրագրողներին ասել է նաև, որ  ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանք չի տալիս Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։  ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին էլ նա չի պատասխանել, այլ նշել է, որ հնարավոր է, ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից։

«Հայկական ժամանակի» վերջին հրապարակմանն արձագանքել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» որակելով այն պնդումը, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը։

Back to top button