Երաժշտական եռանկյունի

«Սաղսարա»՝ ազգային և արդի արվեստի յուրօրինակ խաչմերուկ․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական երաժշտագիտության ֆոլկլորագիտության ուղղությունը առավել զարգացած և համակարգված ոլորտ է: Հայ գիտնական ազգագրագետների, երաժշտագետների, բանահավաքների տասնամյակների նվիրական աշխատանքի շնորհիվ ստեղծվել և պահպանվում է ազգային նյութի ունիկալ պաշար, որը ցանկացած ազգի համար ներշնչանքի և հպարտության աղբյուր կհանդիսանար:

Թվում է, որ այդ ոլորտում չհետազոտված, չարձանագրված, չվավերագրված նյութ այլևս չկա, բայց արի ու տես, որ մի խումբ երիտասարդներ հանձն են առել ո՜չ միայն գտնել և վավերագրել, այլ նաև արդի միջոցներով վերամշակել, ներկայացնել և տարածել այդ երաժշտությունը:

«Սաղսարան» բառախաղ է, որի հիմքում առօրյա խոսակցական՝ սաղ սարա արտահայտությունն է (ամենուր սարեր են), ինչը և բնութագրում է ո՜չ միայն մեր հայկական լեռնաշխարհը, այլ նաև երիտասարդների որոնումների տեղանքն է մատնանշում:

«Մենք արշավում ենք տարբեր մարզերում, հեռավոր բնակավայրերում, կապեր հաստատում և ընկերանում մեր ապագա հերոսների հետ, որոնք կիսվում են ոչ միայն երգ-երաժշտությամբ, այլ նաև սրտի ջերմությամբ և հացով»,- ասում է նախագծի համահիմնադիր Անուշ Քոչարյանը:

«Ստեղծագործական խումբը բաղկացած է երկու հիմնական բաժնից՝ առաջինը կապված է նկարահանումների, երկրորդը երաժշտությունը գրագետ կերպով ձայնագրելու, վավերագրելու հետ, արդյունքում ստեղծվում են փոքր ֆիլմեր, որոնք ներկայացնում են հերոսների կենցաղը, ընտանիքները, զրույցները նրանց հետ, ինչպես նաև երաժշտական կատարումը»,- շարունակում է նախագծի համահիմնադիր, ռեժիսոր Արմեն Պապյանը:

Արշավների ընթացքում գոյացած ամբողջ վավերագրական նյութը համակարգվում է ստուդիայում, և սկսվում է երրորդ փուլը՝ բուն ֆիլմի մոնտաժը և երաժշտական կատարման մշակումը:

Նախագծի և մեր զրույցի երրորդ մասնակիցը երաժիշտ, ստեղծագործող, կիթառահար Արեգ Սուքիասյանը աշխատանքը նկարագրելիս նշում է, որ որևէ ժանրային սահման չկա նյութը մշակելու և նորովի ներկայացնելու մեջ: Օգտագործվում են և՜ նվագարանների կենդանի հնչյուններ, և՜ համակարգչային սեմպլերային տեխնոլոգիաները: Աշխատանքների չորրորդ փուլը կապված է ստեղծված նյութի հանրահռչակման հետ: Ֆիլմերի և երաժշտության տարածումը համացանցային բոլոր գործիքներով՝ սփոթիֆայ, էփլ մյուզիք և այլն:

Պետք է նաև նշել, որ «Սաղսարայի» նման նախագծերը նաև մեծ սոցիալական և դաստիարակչական ազդեցություն ունեն հասարակության վրա, քանի որ հիմքում ազգայինի նկատմամբ հետաքրքրությունն է, սեփական գործի հանդեպ նվիրումը և մեր ազգային արվեստը ճանաչելի դարձնելու ազնիվ մղումը:

Հաղորդման ընթացքում հնչում են «Սաղսարա» նախագծի բնագրային ձայնագրություններն ու մշակումները:

Back to top button