ԿարևորՀասարակություն

Պետք չէ խառնել միգրացիան տուրիզմի հետ․ մասնագետները ոգևորված չեն առկա վիճակագրությամբ

Այս տարվա առաջին 9 ամիսներին, նախորդ ամբողջ տարվա համեմատ, զբոսաշրջիկների թիվը Հայաստանում ավելացել է 200 հազարով։ Եթե 2021-ին մեր երկիր այցելել է շուրջ 870 հազար զբոսաշրջիկ, ապա 2022-ին նրանց թիվն արդեն գերազանցել է 1 միլիոնը․ ի դեպ՝ զբոսաշրջիկների ուղիղ կեսը Հայաստան է եկել ՌԴ–ից։ Ոլորտի պատասխանատուները ընդգծում են՝ այս թիվը դեռ կաճի ու հավանաբար կմոտենա նախաքովիդյան ցուցանիշներին, քանի որ Հայաստանի համար տուրիստական ամենաակտիվ սեզոնը՝ աշունը, դեռ առջևում է։ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց, որ լրացուցիչ աճը պայմանավորված է նաև ռուս–ուկրաինական շարունակվող պատերազմով ու Ռուսաստանում հայտարարված զորահավաքով։

«2022թ հունվար–հունիսին միայն Ռուսաստանի դաշնությունից Հայաստան է ժամանել շուրջ 247 հազար զբոսաշրջիկ, հուլիս ամսին 88 հազար և օգոստոսին 135 հազար։ Այսինքն 2022–ին միայն Հայաստան է ժամանել 470 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ»,– ասում է Անուշ Բաբայանը։

Ստացվում է, որ միայն հուլիս և օգոստոս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ժամանել գրեթե այնքան զբոսաշրջիկ, որքան ժամանել են նախորդող 6 ամիսների ընթացքում։ Զբոսաշրջության կոմիտեում վիճակագրությունը հուսադրող են համարում, մինչդեռ մասնագետները շեշտում են, որ արտասահմանցիների մեծ հոսքը Հայաստան դեռ չի նշանակում, որ ոլորտը վերականգնվել է և ակտիվություն կա։

Ներգնա տուրօպերատոր Անուշիկ Եղիազարյանը գտնում է, որ պետք է տարբերակել զբոսաշրջիկներին երկարաժամկետ ապրելու համար Հայաստան տեղափոխված արտասահմանցիներից։

«Այո, արտասահմանցիների հոսքը Հայաստան մեծացել է, բայց այդ մարդիկ այստեղ գալիս են մշտական բնակության կամ երկարաժամկետ բնակության համար, մենք չենք կարող իրենց համարել զբոսաշրջիկ, քանի որ իրենք տուր փաթեթներ չեն յուրացնում։ Եվ իրենք այն խավի մարդիկ են, ովքեր նախընտրում են ճամփորդել ինքնուրույն, իհարկե, դա ինչ-որ ազդեցություն ունի հյուրանոցային ոլորտի և զբոսավարների աշխատանքի վրա, բայց չի կարելի ենթադրել, որ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է, կամ այնպիսինն է, ինչպիսնն մենք ակնկալում էինք»

Տուրիստական ընկերության ղեկավարը նկատում է, որ հիմա Հայաստան գալիս են մարդիկ, որոնք ապագայի վերաբերյալ անորոշություններ ունեն և հիմնականում ծախսում են իրենց խնայողությունները։

«Հատկապես Ռուսաստանի քաղաքացիները հիմա օգտվում են մեկօրյա տուրերից, մեքենայի վարձույթի ծառայություններից կամ դիմում են անհատական զբոսավարների, իսկ դրանից տուրօպերատորների գործը չի շահում»

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջության վրա բացասական ազդեցություն են ունեցել դրամի՝ դոլլարի և եվրոյի նկատմամբ կտրուկ արժևորումը և նաև վերջին շրջանում Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի թանկացումները։ Եթե նախկինում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան երկկողմանի ավիատոմս կարելի էր ձեռք բերել միջինը 120 հազար դրամով, ապա վերջին շաբաթների ընթացքում ավիատոմսերի գինը գերազանցել է անգամ 1 միլիոն դրամը։

«Տոմսերի թանկացման պատճառով Հայաստան չեն գալիս նախապես այցը պլանավորած մարդիկ, ովքեր պիտի գային այցելեին ՀՀ մարզեր, օգտվեին ոչ միայն Երևանի այլ նաև մարզերի առաջարկներից։ Չի լինում նաև եկողների շփումը մեր մշակույթի մեր պատմության հետ, եթե այցելուները պատերազմով պայմանավորված են այցելել Երևան»,– ասում է Մեխակ Ապրեսյանը։

Ապրեսյանը կարծում է, որ աշնանային զբոսաշրջության վրա ազդել է նաև սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան ։ Նախ՝ տարբեր երկրների դեսպանատներ զգուշացրին իրենց քաղաքացիներին չայցելել Հայաստանի որոշ արևելյան շրջաններ՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզեր, հետո նաև թշնամական կրակի թիրախում հայտնվեց Հայաստանի խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ջերմուկը։

«Ջերմուկում բացի այն, որ ֆիզիկապես վնասվել են շատ ենթակառուցվածքներ, նաև զբոսաշրջային այցելություններ չկան առհասարակ և Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցող ընկերությունները այսօր չեն գործում, սրա հետևանքով մենք նաև աշխատատեղեր կարող ենք կորցնել։ Ուստի կարևոր է, որ թե մասնավոր, թե պետական համակարգում քննարկենք լուծումներ Ջերմուկի զբոսաշրջությունը պահպանելու համար»։

2020 թ․ կորոնավիրուսային համավարակ, 44-օրյա պատերազմ, դրանից հետո աստիճանաբար ոտքի կանգնող զբոսաշրջությանը հարվածեց արդեն ռուս–ուկրաինական պատերազմը, աշխարհաքաղաքական իրավիճակը , դրանից հետո էլ՝ կրկին ռազմական գործողությունները Հայաստանի սահմանին։

Անուշիկ Եղիազարյանն ասում է, որ տուրիզմը շատ զգայուն ոլորտ է։ Նա վստահ է, որ բոլոր շարժերն այստեղ ուղղակիորեն կապված են աշխարհաքաղաքական զարգացումների և իրավիճակի հետ։ Մասնագետն ասում է, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ կանխատեսումներ այս ոլորտում հնարավոր է անել ամենաշատը մեկ ամսվա կտրվածքով։

Back to top button