ԿարևորՀասարակություն

Հայ երևելիների նոր տապանաքարեր ու դամբարաններ են հայտնաբերվել Թբիլիսիում

Վրաստանի մշակույթի նախարարության տարածքում հայտնաբերվել են Վանքի մայր տաճարի ազգային պանթեոնի ևս մի քանի երևելի հայերի տապանաքարեր ու դամբարաններ։

Մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ հայր Կիրակոս Դավթյանի և համայնքային գործիչ Վան Բայբուրթի հետ՝ պատրաստակամություն հայտնելով գտածոն վերադարձնել հայ համայնքին։

Նախարարության հնագետներն աշխատում են տեղում, ակնկալվում է, որ տարածքում դեռ շատ հայկական մասունքներ կգտնվեն։

Լուսանկարները՝ Լևոն Չիդիլյանի

Վրաստանի մշակույթի նախարարության տարածքում, որտեղ 14-րդ դարից մինչև  կոմունիստական ոչնչացման տարիներ՝ 1930-ականներ, Թիֆլիսի Վանքի մայր տաճարն էր,  վերանորոգման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով հայ քահանաներից մեկի, ինչպես նաև Բեկթաբեկյանց տոհմի ներկայացուցչի մարմարե տապանաքարերը, այս տոհմի ընտանեկան զինանշանը, ինչպես նաև հայկական դամբարաններ։ Դամբարանները բացելուց հետո, ինչպես նաև ողջ տարածքի հողային աշխատանքների ընթացքում ակնկալվում է՝ կլինեն նոր բացահայտումներ։ Գտնված ոսկորներն էլ հայ եկեղեցու ծիսակարգով հողին կհանձնվեն հավանաբար Խոջիվանքի պանթեոնում։

Թբիլիսահայ հասարակական գործիչ, Վանքի մայր տաճարի պատմությունն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց, որ աղբի տակ մնացած ու ոչնչացումից փրկված հայկական դեռ շատ եզակի մասունքներ են հայտնաբերվելու, որովհետև տարածքում բացի հոգևոր, մշակութային ու կրթական կենտրոններից եղել է հայոց ազգային պանթեոնը․

«Վանքի մայր տաճարի արևելյան, արևմտյան և հյուսիսային կողմերում եղել են գերեզմաններ, և 18-19 դարերում այստեղ թաղումներն իրականցվել են օրվա հայոց կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ։ Ես թվեմ միայն մի քանի հայտնի անուններ, որպեսզի պատկերացում լինի, թե ինչ հայտնի, հայության շրջանում մեծ հեղինակություն և ազդեցություն ունեցած մարդիկ են այդտեղ թաղված եղել՝ Լորիս Մելիքովը, Ալեքսանդր Մանթաշյանցը կնոջ հետ, հայ ազգային գործիչներ՝ Աբգար Հովհաննիսյան և այլք, գեներալներ, Գարբրիել Այվազովսկին (թեմի առաջնորդ՝ 1876-1888 թթ) և ընդհանրապես Վիրահայոց թեմի առաջնորդների մեծ մասը» ։

Վանքի մայր տաճարը որտեղ գտնվում էր նաև թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, ավելի քան մեկ հեկտար տարածության վրա էր՝ այսօրվա հայկական 104-րդ դպրոցից ձգվելով մինչև ներկայիս մշակույթի նախարարության շենքի տարածք։

«Ցավոք կոմունիստներն այդ ամբողջը ոչնչացրել են՝ հայտնի հայերի տապանաքարերը օգտագործելով որպես շինանյութ՝ հիմնականում երկու կարևոր շինարարության մեջ․ դրանք են՝ Մարքսիզմ–լենինիզմի անվան ինստիտուտը (որի տեղում այսօր Բիլթմոր հյուրանոցն է, այստեղից ևս գտնված հայատառ տապանաքարերը վերադարձվել են համայնքին) և կոմունիստական կենտրոնական շենքը՝ այսօրվա խորհրդարանը: Հայատառ թանկարժեք մարմարը ներքին, բազալտը՝ դրսի հարդարման համար էր», -ասում է Չիդիլյանը։

Ամեն անգամ մայրաքաղաքում սկսված լայնածավալ վերանորոգումների ընթացքում հայկական հետք է ի հայտ գալիս, բազմաթիվ եզակի տապանաքարեր։ Չիդիլյանը, որ հայկական ու վրացական արխիվներից հսկայական ծավալի ուսումնասիրություն է արել Վանքի մայր տաճարի վերաբերյալ, նշում է՝ տաճարի նշանակությունն ու ազդեցությունը  անգնահատելի է ոչ միայն թիֆլիսահայության ալյ նաև արևելահայության համար․

«Քաղաքի և ողջ հայության լույս առաքողն է եղել։ Կոմունիստները, ցավոք, ոչնչացրեցին ամեն ինչ։ Մի բան սփոփում է այսօր, որ փոքր մասունք փրկվել, պահպանվում է, որ մենք կարող ենք թողնել մեր հետագա սերունդներին ոչ լուսանկարի տեսքով։ Գտնված և պահպանվող տապանաքարերն ու Վանքի եկեղեցու զանգակատունը կմնան հաջորդ սերունդներին՝  ի վկայություն երբեմնի վանքի մայր տաճարի հզորության, կարևորության ու սրբության» ։

Back to top button