ԿարևորՔաղաքական

Խնդիրը միջազգային հանրության դատապարտումները կապիտալիզացնելն է․ քաղաքագետ

Հայկական կողմի խնդիրը միջազգային հանրության դատապարտող կոչերը, ընդունած բանաձևերը կապիտալիզացնելն է` ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը` անդրադառնալով  Եվրախորհրդարանի հոկտեմբերի 4-ի քննարկմանը։ Նրա դիտարկմամբ` ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հարցուպատասխանի արդյունքում Եվրախորհրդարանում առարկայական խնդիրներ չեն լուծվի՝ չնայած վերջին օրերին միջազգային հանրության արտաքին դերակատարների խոսույթում նշմարվող որոշակիությանը։ «Արդարացիորեն պետք է նկատել, որ այս օրերին միջազգային հարթակներում Հայաստանին աջակցող կոչերը քիչ չեն․ եթե մեր կողմից կատարվեն անհրաժեշտ մարտավարական քայլեր, ապա պատրանքներից կանցնենք գործի»,- ասում է քաղաքագետը։

Պողոսյանը հստակեցնում է` Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այս որոշումների սպառող, ունի մեծ դերակատարում․ պաշտոնական Երևանի փոխկապակցված, փոխլրացնող, միևնույն ժամանակ բոլոր հարթակներում հետևողական ու կազմակերպված աշխատանքից է կախված սատարող, աջակցող  կոչերը իրական հողի վրա կապիտալիզացնելը։ «Սրանք չպետք է լինեն անկախ կամ առանձին մեկուսի գործողություններ, այլ մեկ ընդհանուր ռազմավարության փոխշախկապված մարտավարական քայլեր։ Սա է այսօրվա կարևորագույն հարցը»,- ասում է նա։

Արա Պողոսյանը Եվրախորհրդարանի այսօրվա քննարկումը որոշակի գործընթացների արդյունք է համարում, բայց և շեշտում է, որ նշված հարթակում հայ-ադրբեջանական լարվածության թեմայով  քննարկումը ոչ միայն Հայաստանի աշխատանքի, այլ նաև աշխարհաքաղաքական որոշակի զարգացումների արդյունք է։ Քաղաքագետը կարևորում է նաև վերջին օրերին համացանցում շրջանառվող Ադրբեջանի գործած ռազմական հանցագործության վերաբերյալ տեսանյութին գրագետ ընթացք տալու հանգամանքը։

«Կատարվածը ողբերգություն է մեզ համար, սակայն արտաքին քաղաքականության մեջ այն հավելյալ ճնշման միջոց է ագրեսորին և ռազմական հանցագործություններ կատարած կողմին` Ադրբեջանին, պատժելու համար։ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում ադրբեջանական կողմի մարդասպան քաղաքականության և ռազմական հանցագործությունների մասին վկայող տեսանյութերի կիրառումը ՀՀ-ի կողմից շատ քաոտիկ էր, և արտաքին ճակատում հայկական կողմը չհաջողեց, ուստի միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական ինչ-ինչ շահերից ելնելով, հնարավորություն ունեցավ խուսանավելու»,- ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Ինչ վերաբերում է` «եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, դա կնշանակի, որ գործ ունենք ռազմական հանցագործության եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտման հետ» Եվրամիության տարբեր պաշտոնյաների խոսույթին, ապա «Ռադիոլուր»-ի զրուցակիցը «եթե» եզրույթով ասվածը պայմանավորում է հետևյալով, ըստ նրա` Հավաքական Արևմուտքը և Ռուսաստանը Ադրբեջանին միանգամից չեն կարողանում սեղմել պատին, քանի որ ունեն որոշակի շահեր , էներգետիկ կախվածություն, որը նոր համաձայնությամբ էլ ավելի է մեծացել։

Back to top button