Դպրություն

Ինչո՞ւ չեն կարող դասավանդել վարչական աշխատողները․ «Դպրություն»

Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակն ու մանկավարժական ստաժը սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածով։ Հոդվածում վերջին փոփոխությունները կատարվել են փետրվարի 9-ին՝ ավելացել է 5-րդ մասը։ Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ:

Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նոր լրամշակված տարբերակը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։

Լիլիթ Ստեփանյան

«Մի կողմից ունենք հսկայական թվով թափուր ուսուցչի հաստիքներ, որոնք որևէ կերպ չեն համալրվում, մյուս կողմից՝ փաստորեն, արգելք ենք դնում որակավորում և բարձր ստաժ ունեցող մանակավարժների մոտ։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Եթե մի իրավական ակտի դեպքում թույլ ենք տալիս որոշակի ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում վարչական աշխատողը ունենա համապատասխան թվով դասաժամեր, իսկ մյուս օրենքով արգելում ենք, ես կարծում եմ այստեղ ինքներս ենք հակասության մեջ դնում մեր իսկ կողմից հեղինակած օրենքները։ Ընդամենը մեկ բառը կարող է այս խառնաշփոթի հարցը լուծել։ Ես խոստանում եմ, որ այս խնդրի լուծմանը հետամուտ եմ լինելու»,– ասում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Անահիտ Խոսրովյան

«Բոլոր մանկավարժներով միշտ կողմնակից ենք եղել, որ վարչական աշխատողը մտնի դասարան, նրանք պե՛տք է շփվեն երեխաների հետ։ Եվ այն միֆը, որ նրանք ծանրաբեռնված են աշխատանքով և դասավանդելիս հնարավոր է չհաջողացնեն անել այն աշխատանքը, որ իրենց վերապահված է՝ դա այդպես չէ։ Ուղիներ փնտրելու, դպրոց գալու ճանապարհը ավելի հեշտացնելու փոխարեն՝ խոչընդոտներ են ստեղծվում»,– ասում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը։

Ատոմ Մխիթարյան

«Փոփոխությունները, որոնք կատարվում են օրենքներում կամ ենթաօրենսդրական ակտերում, դրանք համալիր փոփոխություններ են լինում։ Բայց, նույնիսկ, եթե օրենքում գրված է, դա չի նշանակում, որ քարի վրա է գրված, այն կարելի է փոխել։ Ասեմ, որ հենց այնպես ինչ որ մի արտահայտություն, մի ձևակերպում օրենքում կամ որևէ ենթաօրենսդրական ակտում չի հայտնվում, դա նշանակում է, որ սկզբում ինչ–որ մեկի գլխում է հայտնվում։ Եվ ինձ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում մեր կրթության համակարգում «բարեփոխումները» արվում են, որպեսզի ինչքան հնարավոր է բարդացնեն կրթության ոլորտում աշխատողների կյանքը։ Եվ հետո նոր փոփոխություններ են արվում այդ փոփոխություններում և անընդհատ խառնիճաղանչ իրավիճակ է ստեղծվում։ Ինձ թվում է մի պահ կարելի է դադար վերցնել կամ յուրաքանչյուր փոփոխություն անելուց հետո թողնել դա «մարսվի»։ Կրթության ոլորտում փոփոխությունները պետք է արվեն դանդաղ և անպայման ապահովվի մասնակցայնությունը»,– ասում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Back to top button