Մասնագիտություն

Երբ փայտը դարձավ արվեստ․ «Մասնագիտություն»

Երբ մարդու երևակայությունն ու հմտություններն ամփոփվեցին այդ նյութի մեջ, բնության բարիքը դարձավ անփոխարինելի բազմաթիվ ասպարեզներում։ Ամենաօգտագործվող նյութերից մեկը՝ փայտը, սկսեց զարդարել մարդկանց կենցաղը, մշակույթը, կիրառվեց ճարտարապետության, քանդակագործության մեջ, դեկորատիվ-կիրառական արվեստում, անցնելով դարեր, գեղարվեստական մշակման ու փորագրման արդյունքում, ժողովրդական արհեստների վարպետների հմուտ ձեռքերում վերածվեց արվեստի։ Ստեղծվեց մի ինքնատիպ, լայնորեն տարածված ու սիրված մասնագիտություն՝ փայտի գեղարվեստական փորագրող։

Փայտի փորագրության տեսակները նույնպես բազմաթիվ են։ Ու թեև փորագրման մեքենաներն այսօր տալիս են մեծ հնարավորություններ, բայց փայտանյութի գեղարվեստական մշակման մեջ բոլոր ժամանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվել ձեռքով փորագրությանը։ Փայտի կառուցվածքն ու առանձնահատկությունները շատ կարևոր են. ամեն մի փայտատեսակ եզակի է իր երանգով, պատկերով, կոշտությամբ, ճկունությամբ, բույրով և այլ որակներով։

Աշխատանքային հատուկ գործիքներ, հմտություններ, տեխնիկական աշխատատար գործընթաց և անսահմանափակ երևակայությամբ արարելու հնարավորություն, որի արդյունքում ստեղծված փայտարվեստի յուրաքանչյուր նմուշ դառնում է ինքնատիպ, նրբագեղ՝ հաղորդելով յուրահատուկ ջերմություն:

Հմուտ փայտագործը պետք է տիրապետի փայտագործության նրբություններին և գաղտնիքներին, փայտի մշակման, զանազան գործիքների հետ աշխատելու առանձնահատկություններին, ունենա մեծ համբերություն, տարածական և ստեղծագործական երևակայություն, տիրապետի ճշգրիտ գիտությունների հիմունքներին, կարողանա տարբերակել փայտի տեսակները, իմանա յուրաքանչյուրին բնորոշ հատկությունները և երբեք չմոռանա, որ մասնագետ դառնալու լավագույն նախապայմանը, իհարկե, սերն ու աշխատասիրությունն է։

Զրույց փայտի գեղարվեստական փորագրող, նկարիչ, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի պրակտիկայի ղեկավար Արայիկ Մարտիրոսյանի հետ։

Back to top button