ԿարևորՄիջազգային

Օդային տագնապին ու պարետային ժամին զուգահեռ կյանքն Ուկրաինայում քիչ թե շատ վերականգնվում է․ պատմում են տեղի հայերը

Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանն ասում է, որ փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ոչինչ չի փոխվել։ Միակ փոփոխությունն, ըստ նրա, այն է, որ պատերազմի մեկնարկից արդեն 7 ամիս է անցել ։ «Ռադիոլուրի» զրուցակիցը, որ շուրջ 3 տասնամյակ Ուկրաինայում  է ապրում, աշխատում, պատմում է՝ իր համար ռուս–ուկրաինական պատերազմը դեռ 2014–ին է սկսվել, իսկ 2022–ի փետրվարը պարզապես վերախմբագրել է բոլորի, այդ թվում՝ հայ համայնքի կյանքը։

«Օրինակ Խերսոնի, Չերնիգովի, Կիևի մարզում, Զապորոժեում, երբ առաջին իսկ օրերից մեծածավալ հարձակումը եղավ, մարդիկ ուղղակի անճարությունից չգիտեին՝ ինչ անել, քանի որ ոչ ոք նման մեծամաշտաբ ռազմական գործողությունների չէր սպասում։ Ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը, բավականին լուրջ խնդիրների առաջ էին»,– ասում է Սուրեն Ավագյանը։

Ուկրաինայի գրեթե կես միլիոնանոց  հայ համայնքի հետ Հայերի միությունը սկսել է աշխատել դեռ առաջին օրվանից․ ռազմական գործողությունների կենտրոններից մարդկանց տարհանել, ճանապարհել, մյուս տեղերում դիմավորել ու տեղավորել։ Սուրեն Ավագյանը պատմում է, որ այսօր էլ դեռ կան մարդիկ, որոնք Ուկրաինայում վախի, տագնապի մեջ են ապրում, բայց քիչ չեն նաև այդ երկիր վերադարձողները։

«Շատերը վերադարձան և դեռ վերադառնում են, ովքեր կարողացել են այս ժամանակահատվածում Եվրոպայում գտնել իրենց տեղը, ինչ–որ մի կերպ հարմարվել, գուցե աշխատել, դեռ սպասում են, բայց հիմնականում հոսքը դեպի Ուկրաինա է»։

Պատերազմական գործողությունների նախկին էպիկենտրոններից  շատերում՝  Կիևում, Չերնիգովում, Սումիում  կյանքը պատերազմից 7 ամիս անց հարաբերականորեն վերականգնվում է՝ ասում է Սուրեն Ավագյանը։

«Այնպես ինչպես Երևանում են մարդիկ շարունակում սուրճ խմել, սուրճի բույրով հիանալ, այն դեպքում, երբ 200 կմ այն կողմ թուրքը շատ լուրջ բարձունքներ է գրավում, նույն կերպ էլ Ուկրաինայում է։ Այսինքն խաղաղ բնակչությունը, որը կոնկրետ պատերազմական գործողությունների մասնակից չէ, շարունակում է ապրել խաղաղ կյանքով և, հավատացեք՝ սա նորմալ է»,– ասում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Ուկրաինայի մեկ այլ խոշոր քաղաքում՝ Օդեսայում, օրինակ՝ ևս կյանքը քիչ թե շատ վերականգնվել է, սակայն պարբերաբար օդային տագնապներ են հնչում, իսկ երեկոյան պարետային ժամն է սկսվում՝ պատմում Ուկրաինայի հայերի միության Օդեսայի մարզի ներկայացուցից Արտյոմ Կարաջյանը։

«Կիևում կարելի է ասել, որ կյանքը վերականգնվել է, նույնիսկ հանրահայտ արագ սննդի կազմակերպությունները բացվեցին վերջերս, հսկայական հերթեր էին։ Ի վերջո, Ուկրաինան հսկայական երկիր է և բնականաբար պատերազմի հետևանքները, ազդեցությունը ռազմաճակատից 1000 կմ այն կողմ զգացվում է ոչ այնքան խորը, որքան հենց ռազմական գործողությունների թիրախ մարզերում»։

Ուկրաինայի հայերի միության Օդեսայի մարզի ներկայացուցից Արտյոմ Կարաջյան

Արտյոմ Կարաջյանը ափսոսանքով է արձանագրում, որ հայրենիք վերադառնալու փոխարեն հայերից շատերը իրենց կապիտալն ու հմտությունները կրկին օտար ափերում են օգտագործում։

Մարդիկ կորցրել են իրենց ամեն ինչը՝ տները, բիզներսը, աշխատանքը և նոր կյանք են ստեղծում այլ ափերում, և սա շատ ցավալի է։ Մենք տարիներ առաջ Սիրիայի պատերազմի դեպքում խոսում էինք, որ մեխանիզմեր են պետք Սիրիայից դուրս եկած հայերի հայրենադարձությունը կազմակերպելու համար, բայց այս դեպքում ևս կոնկրետ գործողություններ չարեցինք։ Չեմ քննադատում, քանի որ հասկանում եմ, որ Հայաստանն ինքն էլ պատերազմական իրավիճակում է, բայց ամեն դեպքում օգնությունը շատ «տխուր» վիճակում էր․ ի վերջո ուկրաինահայերն էլ պատերազմից եկած մարդիկ էին, որոնց պետք էր օգնել»,– ասում է Արտյոմ Կարաջյանը։

Ռադիոլուրի զրուցակիցները մի քանի օր է ինչ Երևանում են։ Նրանք Հայաստան են  եկել  Հայ բարեգործական ընդհանուր միության գլխավոր գագաթաժողովին մասնակցելու համար։  Նրանք վստահ են, որ եթե սկզբում ընտանիքը պատերազմող Ուկրաինայում թողնելն ու հայրենիք գալը կամուկացի առիթ էր, ապա սեպտեմբերի 13-14–ի ադրբեջանական ագրեսիան կանկրետացրել է իրենց  նպատակները․ օտար ափերում պատերազմ տեսած հայը հիմա հայրենիքին է պետք։

Back to top button