ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ–ն կաջակցի Ուկրաինային, բայց դաշինքի դռներն արագ չի բացի

Եվրոպական մեկ տասնյակից  ավելի երկրներ աջակցում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, սակայն, հայտարարում է, որ  դաշինքը շատ արագ չի կարող իր դռները բացել Ուկրաինայի առջև՝ պարզաբանելով՝ անդամակցության որոշումը պետք է պաշտպանվի  դաշինքի  30 երկրների կողմից և ընդունվի կոնսենսուսով։

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին:

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այս պահին իրատեսական չի համարում  քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը շեշտում է, որ Ստոլտենբերգի պատասխանը Կիևին բխում է դաշինքի կանոնադրությունից, ըստ որի՝ հակամարտող և արտաքին խնդիրներ ունեցող ցանկացած երկրի մուտք դաշինք արգելափակված է։ «Եթե ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին քաղաքականապես ձեռնտու լիներ, որ Ուկրաինան անդամակցեր դաշինքին, ապա երբևէ չէր շահարկվի կանոնադրային խնդիրը, դա հնարավոր էր շրջանցել, խնդիրը նպատակահարմարության մեջ է»,- ասում է Սուրեն Պետրոսյանը։   

Բրյուսելը և Մոսկվան, քաղաքագետի կարծիքով,  հայտնվել են ամերիկյան ծուղակում և գծային կախվածության մեջ են ԱՄՆ-ից։ Երկու կողմերն էլ Վաշինգտոնի համար  բուֆերային գոտի են առավել գլոբալ հակամարտության համար, որի թիրախում Չինաստանն է՝ ասում է Պետրոսյանը։

Back to top button