ԿարևորՔաղաքական

Հայ–ադրբեջանական կարգավորում․ ի՞նչ է արձանագրում արտգործնախարարների ժնևյան հանդիպումը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո սա արտգործնախարարների երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը Նյու Յորքում էր կայացել։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել  Միրզոյան-Բայրամով ժնևյան հանդիպման ժամանակ։

Նախօրեին Ժնևում ՀՀ-ի և ԱՀ-ի միջև խաղաղության պայմանագրի, անվտանգության երաշխիքների վերաբերյալ մտքեր են փոխանակել Միրզոյանն ու Բայրամովը։ Հանդիպման մասին հաղորդագրություններ են տարածել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Փորձագետները նկատում են, որ կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումներն ու դիրքորոշումներն է շեշտել դրանցում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումը կողմերի տարածած հայտարարությունների մասին հետեւյալն է.

«Յուրաքանչյուր արտգործնախարարություն հայտարարություն է տարածել՝ ըստ իր գերակայությունների»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ կարծում է, որ կողմերի տարածած հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ համադրման համար ընդհանուր դաշտը շատ քիչ է։ 

«Տեքստերը բավականին տարբերվում են։ Եվ, ընդհանուր առմամբ, ասելու շատ բան չկա այս պահին, որովհետև ինֆորմացիան այն է, ինչ հրապարակային ներկայացվում է։ Ինչն էլ հրապարակային ներկայացվում է գերանցապես բխում է ԱԳՆ-ի նախկին հայտարարություններից և այդ տրամաբանության մեջ է»։

Ժնևյան հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում կարդում ենք.

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը»։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին մտքերի փոխանակությունից զատ, կողմերը խոսել են նաև Արցախի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման մասին, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու միջոցով։

Հիշեցնենք, որ այս հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված վերջին հարցազրույցում հաստատել էր, որ շարժվում են Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան գործընթացներն առանձնացնելու ճանապարհով: Վարչապետը նշել էր նաև, որ հարցը քննարկել է Արցախի նախագահի հետ, և եկել են այն եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է:

«Երբեմն Ադրբեջանն ասում է՝ մենք չենք ուզում Հայաստանի հետ Ղարաբաղի հարցը քննարկել։ Եվ սա նոր դիրքորոշում չի Ադրբեջանի համար։ Մենք էլ ասում ենք՝ շատ լավ, եթե կա այդ խնդիրը մեզ համար, ուրեմն՝ քննարկեք Ղարաբաղի հետ։ Եվ, կարծես թե, Լեռնային Ղարաբաղի համար էլ այս մոտեցումը կարող է լինել ընկալելի»։

Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունները համաձա՞յն են Հայաստանի հետ առանձին բանակցել, Արցախի հետ՝ առանձին, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չի ցանկանում անդրադառնալ բանակցությունների կոնֆիդենցիալ հատվածներին: Նրա ձեւակերպմամբ՝ բանակցային բովանդակության  ամենամեծ խնդիրն այն է, որ ձևակերպումները Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի, ուստի խնդիրն է՝ այնպես անել, որ մեկնաբանությունները լինեն նույնական։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, սակայն, կարծում է, որ իրավիճակն ամբողջովին չի ներկայացվում կամ չի գիտակցվում, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն շարունակում է իր ագրեսիվ գործելաոճն ու քաղաքականությունը՝ իր հայատյացության քարոզով։ Հետևաբար, ադրբեջանագետը լավատես չէ, որ կողմերի մեկնաբանությունները երբևէ կարող են նույնական լինել, թեկուզ՝ հենց խաղաղության գործընթացի հետ կապված։ Ըստ ադրբեջանագետի՝ այսօր իր համար անհասկանալի է անգամ հայկական կողմի պատկերացումը խաղաղության մասին.   

«Հարցականները բազմաթիվ են, ուստի՝ շատ հաճախ մենք չգիտենք, թե մեր կողմը ինչի ներքո ինչ է պատկերացնում։ Ադրբեջանն այդ առումով շատ ավելի ագրեսիվ է և հրապարակային ներկայացնում է իր տեսակետներն ու մոտեցումները, օրինակ՝ Արցախի հարց, առհասարակ, գոյություն չունի, կամ՝ այն տարածքները, որ հարձակմամբ իրենք վերցրել են՝ իրենց տարածքներն են, և նմանատիպ այլ բաներ»։

Պետք է նկատել, որ Ժնևյան հանդիպումից հետո էլ մեկնաբանությունների նույնականություն հնարավոր չէ արձանագրել։ Կողմերը միմյանցից պահանջում են զորքերի դուրսբերում իրենց ինքնիշխան տարածքներից։

«Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է Ադրբեջանի տարածքից Հայաստանի ԶՈւ-ի լրիվ դուրսբերման, կարճ ժամկետում փոխվարչապետների մակարդակով ղեկավարվող եռակողմ հանձնաժողովի շրջանակում նախնական համաձայնությունների հիման վրա ձեռք բերված տրանսպորտային-հաղորդակցային գծերի բացման, սահմանազատման գործում առաջընթացի ձեռքբերման անհրաժեշտությունը»։

Նշվում է նաև, որ Ժնևում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել հոկտեմբեր, այլ ոչ թե նոյեմբեր, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Ադրբեջանի գործողություններում  շտապողականություն է տեսնում։

«Կարծես թե, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ինչ-որ տեղ շտապում է։ Կարծում եմ, ինչ-որ վերջնական հանգուցալուծումներ կամ կարևոր, առանցքային պայմանավորվածություններ սպասելն այս հանդիպումից ժամանակավրեպ է։ Հավանաբար, էլի կլինեն հանդիպումներ, որոնց ընթացքում կրկին նույն խնդիրները կքննարկվեն»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձում է միջազգային այսպես ասած՝ «արդարացում» գտնել իր վերջին ագրեսիայի համար և այդ հարձակումը ներկայացնել չհստակեցված սահմանների համատեքստում։

«Հայկական կողմը պետք է պնդի, որ այդ ամբողջը պետք է այլ ձևով դիտվի։ Այսինքն, եթե 21 թվականին  ադրբեջանական կողմը առանց հարձակման, բայց ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք, և  կարճ ժամանակ անց մեր կողմը ասեց, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում նրանք դուրս կբերվեն, ժամանակը եկավ ապացուցելու, որ ոչ միայն դուրս չբերվեցին, այլև արդեն այդ զբեղեցրած դիրքերից նոր հարձակում գործեցին Հայաստանի վրա՝ նոր տարածքներ իրենց հսկողության տակ վերցնելով։ Այս տրամաբանության մեջ նրանք ոչ մի տեղից դուրս չեն գալու։ Նրանք ընդամենը գործընթացներն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար»։            

Ադրբեջանագետը, նկատում է, որ այժմ միջազգային ճնշումը որոշակիորեն ուժեղացել է Ադրբեջանի նկատմամբ ու այդ պատճառով Ադրբեջանը դեռ չի գնում նոր լայնամասշտաբ գործողությունների։ Սակայն, նրա համոզմամբ, այդ խնդիրը նրանց օրակարգում կա և Բաքուն փորձելու է հետագայում տարբեր իրավիճակներից օգտվելով գնալ նոր գործողությունների։ Այսինքն՝ սահամանանշման և սահմանազատման գործընթացը Ադրբեջանի համար ընդամենը միջոց է՝ կոծկելու իր իրական մտադրությունները։

Ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, մինչդեռ, ամեն ինչ կախված է այլ կենտրոններից, աշխարհաքաղաքական այլ իրադարձություններից ու վերադասավորումներից։

«Դրանց կարգավորման ուղղությունների  տեսանելի դառնալուց հետո միայն կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են այդ հարցերով վերջնական պայմանավորվածությունների գալ»։

Ի դեպ, ըստ հայկական կողմի՝ Ժնևյան հանդիպմանը դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Back to top button