Վերնատուն

Արվեստն անմասն չէ ճգնաժամից, անվտանգությունից, խրամատից․ «Վերնատուն»

Ճգնաժամային իրավիճակներում փոխվում է, արդյո՞ք, արվեստի լեզուն, արտահայտչամիջոցները, արվեստը կարո՞ղ է միջավայր ու տրամադրություն ստեղծել։ Նկարիչ ակվարելիստ Պետո Պողոսյանը խոսում է արվեստում իր անձնական փորձառությունից։ Քաղաքային նկարչությունը նրա հիմնական հետաքրքրություններից է։

Ասում է՝ հիմա քաղաքում զուգահեռ իրականություններ են՝ ցուցանակներ, ոգևորող կոչեր և մարդկանց լարված անտարբեր քայլք, շփումների անորոշություն։ «Ապրում ենք ընդմիջումից ընդմիջում, դա հստակ է․ ոչ միայն լարված իրավիճակների ու պատերազմների, այլև լուրերի ու տեղեկատվության ընդմիջումներին ենք ապրում», – ասում է արվեստագետը։

Ասում է՝ երբեմն իրավիճակն է թելադրում՝ ինչ անել և որտեղ լինել, «իրավիճակից ելնելով՝ դառնում ես «իրավիճականկարիչ», ու քո քաղաքը տեղափոխվում է այնտեղ, որտեղ դու ես տվյալ պահին»։

«Ցանկացած տեղում արվեստ կա․ արվեստն անմասն չէ ո՛չ ճգնաժամից, ո՛չ անվտագային խնդիրներից , ո՛չ խրամատից , ո՛չ էլ քաղաքից։ Եթե դու ստեղծում ես պինդ ու լավ գործ, որն արտահայտում է ժամանակի շունչը, որքան էլ դաժան լինի այդ ժամանակը, դա արդեն հաղորդակցություն է, ինքն իրենով արդեն փոխգործակցություն է հասարակության, անհատի, դիտողի հետ։ Բոլոր խնդիրները հավաքվում, խտանում են ու պայթում արվեստի գործի մեջ։ Եթե մի բան քո վրա ազդում է, այն նաև կարող է ազդեցիկ լինել բոլորի համար», – մեկնաբանում է նկարիչը։

Պետո Պողոսյանի «Քաղաքը կեղտոտ լուսամուտից դուրս» աշխատանքն այս տարվա օգոստոսին արժանացել է Չինաստանի Ջրաներկի Վարպետների Միջազգային Ընկերակցության մրցույթի երրորդ մրցանակին։ «Աշխատանքը գնահատվում է իր ժամանակի մեջ ազդեցիկ լինելու հնարավորությամբ։ Գործի իսկական լինելու փաստն են կարևորում, ոչ թե՝ իրական, այլ իսկական»,– ասում է նկարիչը։

Back to top button