ԿարևորՔաղաքական

Անհապաղ հետաքննության կոչեր՝ միջազգային ամբիոններից․ Բրյուսելն ու Մոսկվան ռազմական հանցագործության տարրեր են տեսնում

Հոկտեմբերի 4-ին Եվրախորհրդարանում նախատեսվող հարցուպատասխանի ընթացքում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատգամավորներին կներկայացնի Բրյուսելի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև ռազմական հակամարտության զարգացման  ու վերջին բախումների վերաբերյալ։

Մինչ քննարկումը Եվրամիության Արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Ստանոնն Ադրբեջանի իշխանություններին տեսանյութն անհապաղ հետաքննելու կոչ է արել։  «Եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, դա կնշանակի, որ գործ ունենք ռազմական հանցագործության եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտման հետ», –ասել է նա։

Համանման կոչ հնչել է նաև Մոսկվայից։ «Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Տեսանյութը, որում երևում են հայ ռազմագերիների գնդակահարության դաժան կադրերը, քաղաքական տարբեր արձագանքների արժանացել։

Ադրբեջանական վայրագությունները հայ անզեն ռազմագերիների նկատմամբ պետք է դատապարտվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է դաշինքի  անդամ պետությունների իր կոլեգաներին և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր՝ նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու համար։

ՆԱՏՕ–ի անդամ երկրների դիրքորոշումը դեռ հայտնի չէ, բայց արդեն հայտնի է, որ  հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության վերաբերյալ  հոկտեմբերի 4-ին քննարկում կծավալվի Եվրախորհրդարանում․   ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հարցուպատասխանի ժամանակ կներկայացնի Բրյուսելի դիրքորոշումը  հայ–ադրբեջանական ռազմական վերջին բախումների վերաբերյալ։  Մինչ այդ դիրքորոշումը կամփոփվի, որոշ արձագանքներ արդեն եղել են։

Համացանցում տարածված տեսանյութին, որում երևում են հայ ռազմագերիների գնդակահարության դաժան կադրեր, առաջիններից մեկն արձագանքեց  ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Տոյվո Կլաարը Թվիթերում, մասնավորապես, գրել էր․

«Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն»։

Այս հրապարակումից ընդամենը մեկ օր անց  Կլաարը Թվիթերում գրեց ստացված մեկ այլ տեսանյութի մասին։ 

«Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Հակամարտությունը երկու կողմերում էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»։

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը շեշտել է՝ դրանք պետք է հետաքննվեն, և իրական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնող ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանն արձագանքել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․

 «Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ»:

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև՝ գրել է Մարուքյանը և հավելել։

Ինչո՞ւ փոխվեց ԵՄ հատուկ ներկայացուցչի գնահատականը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել՝ «Հետաքրքիր է, Տոյվո Կլարան ադրբեջանցիների հանդեպ հայերի «գազանության» մասին տեսանյութերը եվրոյով է ստացե՞լ, թե՞ դոլարով, փոխանցումո՞վ, թե՞ կանխիկ»:

Արդյո՞ք ԵՄ հատուկ ներկայացուցչի գնահատականների վրա դարձյալ ազդել են  խավիարային դիվանագիտության տարրերը։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է․

«Խավիարային դիվանագիտությունը կա, եղել է ու կլինի, քանի կա խավիար , եւ քանի կան խավիարի սիրահարներ։ Այո,  դա այն միջավայրն է, որի մեջ պետք է աշխատի հայկական դիվանագիտությունը»։

Եվ քանի որ Հայաստանը չունի ոչ խավիար և ոչ էլ նավթ, ապա պետք է գնա իրավական ճանապարհով՝ ասում  է Մեհրաբյանը՝ մատնացույց անելով անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը․

«Մենք տեսնում ենք անհրաժեշտություն, որ պատերազմական հանցագործությունները հետաքննվեն,  եւ պատասխանատվություն կրեն բոլոր նրանք, որոնք ուղղակի կամ, անուղղակի առնչություն ունեն այդ հանցագործությունների հետ, իսկ դրա համար տեսնում ենք նաեւ անհրաժեշտություն,  որ Հայաստանը ստորագրի այդ կանոնադրությունը, որ կոչվում է Հռոմի ստատուտ,  եւ Միջազգային քրեական դատարանի միջոցով հասնի արդարադատության»։

Հայ անզեն ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների դաժան վերաբերմունքը պատկերող տեսանյութն անտարբեր չի  թողել եվրոպացի շատ պատգամավորների ու  պարբերականների։ Իսպանական El País պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել՝ դատապարտելով  ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը:  Հոդվածում հիշատակվում  է, որ սեպտեմբերի էսկալացիայի ընթացքում Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն կառույցը չի միջամտել, նշվում է նաև, որ Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից:

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն էլ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հռետորական հարց է ուղղել իր գործընկերներին։

«Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, ում հետ համաձայնագիր եք կնքել և ում համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լայեն»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն եւ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի՝  Եվրամիությունը գրեթե  կրկնապատկում է  Ադրբեջանից գազի մատակարարման ծավալները:

Իսպանիայի կոնգրեսական  Անտոն Գոմես-Ռեինոն եւս դատապարտել է հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի տեսարաններ. «Կրկնակի անհանդուրժելի է այլասերված ձևով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ տալիս է ձեր գազը՝ ներխուժելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- գրել է իսպանացի պատգամավորը:

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն  էլ   գրել է․ «Ֆրանսիայի, ԵՄ-ի լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողովրդավար Հայաստանի անունից։  Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը», —գրել է նա։

Back to top button