ԿարևորՀասարակություն

Վան Բայբուրթը՝ «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի»

Վիկտոր Համբարձումյանը, Ռաֆիկ Չիմիշկյանը, 2015-ին Գիվի Շահնազարովը, իսկ այսօր արդեն Վան Բայբուրթն է արժանացել «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Այսօր «Թբիլիսիի պատվավոր քաղաքացու» կոչում հանձնելու արարողությամբ կատարվել է մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի միջոցառումների փակումը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին։

Ալիք մեդիան գրում է, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պարգևատրել է «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացած անձանց, որոնց շարքում է եղել նաև «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր, Վրաստանի 5֊րդ և 6֊րդ գումարման պատգամավոր, վիրահայ համայնքի ներկայացուցիչ Վան Բայբուրթ:

«Մի քիչ շփոթված եմ՝ այս շրջապատում հայտնվելու հետ կապված: Շնորհակալ եմ իմ Թբիլիսիին, իմ Վրաստանին: Այս կոչումը նաև մեր թերթի աշխատակիցների համար, իմ համաքաղաքացիների համար է, նրան էլ հիմա փաստացի այս կոչման կրողն են», — կոչումն ստանձնելուց հետո նշել է Վան Բայբուրթը:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վան Բայբուրթն ասել է.

«Ծնվել, մեծացել եմ Թբիլիսիում՝ Մեյդան կոչվող թաղամասում: 25 տարեկանից հետո արդեն սկսեցի ապրել Սոլոլակ թաղամասում: Երբ առաջին անգամ մասնակցեցի Թբիլիսոբային, 29 տարեկան էի, իսկ հիմա արդեն իմ 42-երորդ Թբիլիսոբան է»:

Մայրաքաղաքի տոնն ամենամյա համաժողովրդական տոն է դարձել, որ նվիրված է հինավուրց քաղաքին և բերքահավաքին։ Թբիլիսոբան առաջին անգամ նշելուց ի վեր ավանդական է դարձել պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը։

Back to top button