ԿարևորՀասարակություն

Արմավիրում ժանգոտած ջրագծերը փոխարինվում են պոլիէթիլենային խողովակներով

Համայնքի խոշորացման պատճառով Արմավիր քաղաքում այս տարի սուբվենցիոն շատ ծրագրեր չեն իրականացվում, բայց կարևոր նշանակության 2 բանուկ փողոց  ասֆալտապատվում է: Մեկի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուսինը դեռ ընթացքի մեջ են: Այժմ հիմնանորոգվում է Արմավիր քաղաքի գերեզմանատուն ու հայկական զորամաս տանող ճանապարհի 1.5 կմ–ոց հատվածը, նաև ջրամատակարարման նոր ցանց է կառուցվում: Հիմնանորոգվող ճանապարհների տակ գտնվող կոռոզիայի ենթարկված երկաթե ջրագծերը փոխարինվում են պոլիէթիլենային խողովակներով:   

Արմավիր քաղաքի մի քանի փողոցներում շինարարական եռուզեռ է. մի հատվածում խմելու ջրագծեր են փոխվում, մյուսում՝ ասֆալատապատվում: Խմելու ջրագծերը քաղաքում փոխվել էին 20 տարի առաջ՝ հայ-գերմանական ֆինանսական համագործակցության և Գերմանիայի վերականգնման KFW բանկի աջակցությամբ:

«Ջրագծերն ենք վերանորոգում, նորով փոխարինում: Հինը երկաթից է, նորերը պոլիէթիլենային խողովակներ են: Հին խողովակներն ամբողջությամբ ժանգոտված էին ու փտած: Հին խողովակները չենք հանել, մենք նորը գցում ենք, հետո հինը կանջատենք, կջրազրկենք»:

Ջիվանու փողոցի մի հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարությունն իրականացնում է  «Դորոժնիկ» ՍՊԸ–ն:

«Ջրագծերն արդեն քաշել ենք, հիմա ասֆալտապատում ենք»:

«Հողի շերտը 10-15սմ հանում ենք, հետո կոպիճ է ավելացվում, տրորվում և ասֆալտապատվում է»:

Գերմանիայի KFW բանկի,Եվրոպական ներդրումային բանկի ու  ԵՄ հարևանության ներդրումային ծրագրի ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքում նախատեսվում է նորոգել ջրամատակարարման ցանցի 40 տոկոսը: Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը նշում է, որ  ցանցի նորոգման աշխատանքների մեծ մասն արդեն արվել է։

«Ծրագրով նախատեսված է Աբովյան փողոցից  դեպի Հանրապետության, Գորկու և Լերմոնտովի փողոցներ ընկնող հատվածների ամբողջական ջրագծերի փոփոխություն, որը մեկնարկել է նախորդ տարվանից և կշարունակվի մինչև  2023թ․–ի կեսը:  Արդեն ավարտվել է Հանրապետության, Գորկի, Լերմոնտով փողոցների ջրագծերի կառուցումը, բայց հարող նրբանցքներում այս պահին աշխատանքները շարունակվում են»:

Նոր ջրագծերի կառուցումից հետո  սուբվենցիոն ծրագրերով  ասֆալտապատվում են փողոցները: Արդեն ավարտվել է Աբովյան փողոցի 850մ հատվածի ասֆալտապատումը, այժմ հիմնանորոգվում է Գորկու փողոցը: Դավիթ Խուդաթյան

«Ասֆալտապատման ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն մասնաբաժիններով․ 65 տոկոսը վճարվում է համայնքային, 35 տոկոսը՝ պետական բյուջեից: Այստեղ ծավալն ավելի մեծ է, նախագծային արժեքը մոտավորապես 300 մլն դրամ է, որը  մրցույթից հետո կրճատվել է, և  շինարարին վճարվելու է 208 մլն դրամ»:

Գորկին քաղաքի  ամենաբանուկ փողոցներից է, որով անցնում է հայկական զորամասի ու գերեզմանատան ճանապարհը: Անհարմարություններից խուսափելու համար շինարարությունը հատվածաբար է  իրականացվում: «Էնշին» ընկերության տնօրեն Հայկ Ավագյան.

«Աշխատանքները մեկնարկել ենք օգոստոսի կեսին և պլանավորում ենք վերջացնել մինչև նոյեմբերի 15-ը: Նախատեսվում  է 1420մ երկշերտ ասֆալտապատում, տեղադրվում են երկկողմ բազալտե եզրաքարեր, որպեսզի ապահովենք ջրահեռացումը»:

Գետաշենցի Արտակը գյուղատնտեսական աշխատանքները համադրել է շինարարության հետ. ցերեկը ջրահեռացման բազալտե եզրաքարերն է տեղադրում, երեկոյան՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում։

«Համատեղել եմ շինարարությունն ու գյուղատնտեսությունը, առայժմ ստացվում է: Հիմա եզրաքարերն եմ տեղադրում, այս պահին հավասարաչափությունն եմ պահպանում, որպեսզի որակյալ աշխատանք լինի: Շատ լավ որակի բազալտե պինդ եզրաքարեր են»:

Գորկու փողոցի բնակիչները գնահատում են աշխատանքները, բայց տևական փոշուց խուսափել չի լինում։

«Դե, հիմա այս պահը այդքան էլ հաճելի չի՝ փոշի ու կեղտ է, բայց հույս ունենք, որ հետո գոնե այս փոշուց ու ամեն ինչից մաքուր կլինի, շատ լավ կլինի: Հույս ունենանք»:

«Ուզում ենք հավատալ, որ լավ կլինի, փորձում ենք հավատալ»:

«Փողոցում ջրափոսեր էին,  ասֆալտը քանդվել էր: Այստեղ տրանսպորտը շատ է, սա կենտրոնական փողոց է համարվում, ռազմավարական ճանապարհ է՝ զորամաս ու գերեզմաններ տանող ճանապարհ: Ու շատ կարևոր էր, որ սկսեցին աշխատանքները, շատ մեծ գործ են անում: Թող երկրին խաղաղություն լինի»:

Ասֆալտապատումը մի քանի օրից կսկսվի, մինչ այդ  32 սմ խորությամբ հիմք է քանդվել,  ավազով ու խճով լցվել: Աշխղեկ Արգամ Գասպարյան։

«Փուլ առ փուլ ենք անում, ներքևից բարձրանում ենք վերև. եզրաքարերը շարում ենք, ասֆալտապատում ու անցնում հաջորդին: Սկզբում ճանապարհի մի կողմն ենք քանդել, որ երթևեկությանը չխանգարենք, քանի որ գերեզմանոցի ճանապարհ է»:

Արգամը բնակիչներին ամուր ու որակյալ ճանապարհ է խոստանում , որը կդիմանա նաև  զինվորական տեխնիկայի ծանրությանը։

Back to top button