ԿարևորՄշակույթ

Գիրքը գրավել է Երևանի մշակութային քարտեզը․ 60 միջոցառում՝ մայրաքաղաքի 10 հասցեներում

Գրողին, հրատարակչին ու ընթերցողին արդեն 5-րդ անգամ միավորել է Գրքի երևանյան փառատոնը։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը մայրաքաղաքի 10 մշակութային կենտրոններում գրական միջոցառումներ կկայանան՝ շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ։ Այս տարի միջոցառումը նաև միջազգային է․ ընդունել է 40-ից ավելի արտասահմանցի գրողների։ Ընթերցող-գրող, գրող-գրող, գրող-հրատարակող հանդիպումների հարթակն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:

Գիրքը գրավել է Երևանի մշակութային քարտեզը։ 3 օրում Երևանի 10 մշակութային հասցեներում 60-ից ավելի միջոցառումներ կկայանան, բոլորը՝ Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում։ Շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետության դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները կազմակերպելիս այս անգամ թիմը երկար է մտածել, հետո որոշել՝ երկրի համար ծանր փուլում ևս գիրքը պիտի միավորող օղակ դառնա։ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան․

«Աշխարհը խենթացել է, և մեր թշնամին դարձել է ավելի սանձարձակ։ Նա պահանջում է հրաժարվել մեր տարածքներից, իրավունքներց և, ամենասարսափելի բանը, հրաժարվել ապրելու ցանկությունից։ Մենք երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ փառատոնը պետք է կայանա։ Մենք իրավունք չունենք կաթվածահար անելու հանրային կյանքը»։

Ամենամյա փառատոնը մեկնարկել է 2017-ին։ Այժմ 3 օրերի ընթացքում միջինում 15-20 000 այցելու են ունենում։ Գրքի Երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը պատմում է՝ այս տարի փառատոնը միջազգային մեծ ներգրավվածություն ունի․ Հայաստան են եկել 40-ից ավելի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Կիպրոսից, Սլովենիայից, Վրաստանից և այլ երկրներից։

«Ոլորտը զարգանում է։ Միայն նախորդ տարի Հայաստանում 2512 գիրք է հրատարակվել։ Դա, ի համեմատություն 10 կամ 15 տարի առաջվա, հսկա թիվ է և փաստում է, որ Հայաստանում մշակույթի, արվեստի ոլորտում գրահարատկչությունը ամենազարգացած, զարգացող ոլորտներից է։ Այդ 2512 գրքերից միայն 500-ը թարգմանություններ են։ Եթե խոսեք գրավաճառների հետ, նրանք կասեն, որ 5-10 տարի առաջ երևանյան գրախանությներում վաճառվող գրքերի 60 տոկոսըօտար լեզվով էին, այսօր վաճառքի 70 տոկոսը կազմում են հայալեզու գրքերը, 30 տոկոսը բաժին է ընկնում օտար լեզուներին»։

«Այստեղ մարդիկ ճանաչում են իրար, ընթերցողները գտնում են ուրիշ ընթերցողների, ընթերցողները ճանաչում են իրենց սիրելի գրողներին։ Դու տարիներով կարող ես ինչ–որ մարդու վեպ կարդալ, ուզել հանդիպել ու գալ  գրքի փառատոն, ուղղակի հանդիպել, զրուցել իր հետ»։

Անահիտ Ղազախեցյանը փառատոնին մասնակցում է որպես ընթերցող, գրող, կազմակերպչական թիմի անդամ։ Դեռ ցուցադրված տաղավարներով է շրջում, մինչև կգա մի շարք միջոցառումներ մոդերացնելու հերթը․ ներկայացնելու է իր թարգմանած՝ Մարկուս Զուսակի «Գրքի գողը» գիրքը, վարելու է միջազգային 8 հյուրերով պոետիկ քննարկումը, Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» հրաշավեպի շնորհանդեսը։ Վերջինս ևս շրջում է փառատոնի տարածքում, զրուցում ընթերցողների հետ ու պատմում՝ ինչի մասին է հայկական առաջին հրաշավեպը․

«Մենք կարդում ենք «Մատանիների տիրակալը», «Հարրի Փոթթեր»-ը, վերջերս շատ ենք կարդում նաև «Գահերի խաղը»։ Բայց չկա հայկական ֆենթզի։ Օրինակ՝ Դուք գիտե՞ք հայկական հրաշապատում վեպ․․․Հիմա արդեն կիմանաք։ Իմաստության աղբյուրները կան նաև մեր մշակույթում, մեր բանահյուսության մեջ, ու իմ նպատակն էր ստեղծել մեր ինքնության հետ առնչվող կերպարներ, որոնք պատանու ու երիտասարդի համար կդառնան հերոսներ։ Դրա համար վեպում կա, օրինակ, Հայկ Նախապետը՝ իմ մատուցմամբ, վեպում կա Ձենով Օհանը, Տորք Անգեղը, կերպարներ, որոնց մենք գիտենք կարճ ու քիչ լեգենդներով, իսկ այս վեպում իրենք հայտնվում են որպես ուսուցիչներ, որոնք գալիս են ժամանակակից հայ երիտասարդին սովորեցնելու՝ ինչպես է պետք ապրել»։

Հեռուստառադիոմեկնաբան, գրող Համլետ Առաքելյանը վեպը սկսել է գրել 17 տարեկանում, այն ընթերցողի դատին է ներկայացնում 27-ում՝ հույսով, որ այսուհետ պատանիները հայկական հրաշապատում փնտրելիս ձեռնունայն չեն մնա։

«Այստեղ իմ նոր գիրքն է, որն, ի դեպ, 10 օր առաջ է լույս տեսել, բայց սիրտ չկար, որ հայտարարեինք, ուրախանայինք և այլն։ Որոշեցինք այսօր ներկայացնել Գրքի երևանյան փառատոնին»։

Ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանը «4-րդ փողոց» գիրքը ներկայացնելու ամենահարմար պահն է գտել։ Այստեղ ընթերցողների հետ անմիջական շփման, հարցերին պատասխանելու հնարավորություն ունի․

«Գիրքը ներառվում է 14 պատմվածք 4 էսսե, ներառված են և՛ նոր պատմվածներ, և՛ նախորդներից, բայց վերախմբագրված։ Որովետև նախորդ գրքերը սպառվել են և այլևս չեն լինելու, դրա համար որոշեցի մի համահավաք անել։ Իհարկե, գրողներն իրենց ստեղծագործությունները կարդալուց միշտ ջնջում-թափում են, ես փորձել եմ մի քիչ զգույշ մոտենալ էդ հարցին»։

Գրողը հատկապես կարևորում է փառատոնի միջազգայնացումը։ Գրողն, ասում է, չի կարող կղզիացած ապրել։ Այստեղ ձեռք բերված ծանոթություններն ու կապերը կարող են բարելավել գրահրատարակչության ոլորտը։

Ապագայի նկատմամբ վստահությունը անցյալի փորձառությունից է գալիս։ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ գրահրատարակչական ոլորտը, թարգմանական արվեստը Հայաստանում խորը արմատներ ունեն, արձանագրումը Մաշտոցի պողոտայի բարձունքում գտնվող Մատենադարանն է․

«Այն գանձերը, այն արժեքները, որ ամբարված են Մատենադարանում, ստեղծվել են հենց այսպիսի պայմաններում և ավելի սարասափելի պայմաններում։ Մշտապես գոյաբանական սպառնալիքի պայմաններում»։

Փառատոնի մասնակից բոլոր օղակները՝ գրողները, գրավաճառները, ընթերցողները, կարծում են՝ հատկապես հիմա է պետք համախմբվել գրքի շուրջ և մինչև հոկտեմբերի 2-ը հրավիրում են մասնակցելու մայրաքաղաքի ամենամեծ գրական իրադարձությանը։

Back to top button