Վերնատուն

Ընտրել լույսի և արարման ճանապարհը․ Հարություն Դելլալյան–85․ «Վերնատուն»

Այս տարի լրանում է կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 85-ամյակը։ Խորհրդային ժամանակների թերևս ամենաժամանակակից ու նորարար կոմպոզիտորն այն եզակիներից է, ով ապրել է ընդամենը կես դար, նրա ստեղծագործական կյանքը տևել է ընդամենը 13 տարի, սակայն նշանակալի հետք է թողել հայ երաժշտարվեստում։

Հարություն Դելլալյանի ֆենոմենը նրանում է, որ նա կարողացավ ժամանակակիցը համատեղել ազգայինի հետ։ «Կրթության տարիներին «նրա ականջները մաքուր մնացին», և երբ արդեն հասուն էր, շատ էր ուսումնասիրում համաշխարհային, նաև՝ ժամանակակից երաժշտություն, այդկերպ նա կարողացավ ստեղծել իր ուրույն ձեռագիրը՝ դելալլյանական երաժշտությունը», – ասում է կոմպոզիտորի դուստրը՝ Պորտուգալիայում բնակվող ջութակահար Նարինե Դելլալյանը։

Առաջիկա հոբելյանական համերգին ներկայացվելու են Դելլալյանի կամերային ստեղծագործությունները:

«Շատ եմ ափսոսում, որ կրկին սիմֆոնիկ ստեղծագործությունները չպիտի հնչեն։ Մի քիչ անփույթ ենք ինքներս մեր հանդեպ: Սա գուցե նվագախմբի ղեկավարների հետ կապված հարցեր են, բայց մենք մեր մշակույթը ճանաչելու խնդիր ունենք։ Երբեմն հարցնում են, թե որքանով է հայակական մշակույթը հայտնի միջազգային բեմերում։ Այդ հարցին պատասխանլուց առաջ ես միշտ մտածում եմ, թե որքանով է մեր մշակույթը ճանաչված Հայաստանում», – ասում է կոմպոզիտորի դուստրը:

Հարություն Դելլալյանը իր կարճատև կյանքի ընթացքում գրել է երկու տասնյակից ավելի երաժշտական ստեղծագործություն՝ կամերային, սիմֆոնիկ երկեր, սոնատներ, մանկական օպերա և այլն։

Իր ռեքվիեմը կոչել է «Հաղթական», որը կարծես ապրելու և արարելու ուղերձ է․ «Հայրս կրկնում էր այն միտքը, որ մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, և մեր հաղթանակը պիտի լինի մեր ապրելով և ստեղծագործելով», – ասում է Նարինե Դելլալյանը։ Հարություն Դելլալյանի հոբելյանական համերգ– ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 5–ին, ժամը ՝ 19:00–ին, Կամերային երաժշտության տանը։

Back to top button