ԿարևորՔաղաքական

Գերտերությունները շահագրգռված չեն առկա խնդիրների վերջնական լուծմամբ. փորձագետներ

Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան, Բաքուն ու Երևանը արտատարածքային միջանցքի ստեղծման հարց չեն քննարկում։ Խոսքը այնպիսի ենթակառուցվածքի մասին է, որը կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը։

Մանրամասնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման սկզբունքը, Օվերչուկն ասել է, որ բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն լինի, որ կողմերից ոչ մեկը ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանի որպես հաղթանակ մյուսի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր կողմերի ընդհանուր հաղթանակը՝ ձևակերպել է Օվերչուկը։ 

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին։

Փորձագետները  հերթական հանդիպումից, սակայն, մեծ  ակնկալիքներ չունեն։ Որոշ գնահատականներով՝ այս փուլում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն միայն լայնածավալ էսկալացիայի վտանգը կանխելու խնդիր կարող է լուծել, ոմանք էլ կարծում են՝ անգամ այդ խնդրի լուծումն է հարցական։    

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարեց,  որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում, մինչդեռ եռակողմ փաստաթղթերում այդ մասին որևէ խոսք չկա։

Արտատարածքային միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝  նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է հայտարարել։ «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի ռուս համանախագահի այս հայտարարությունն, ըստ էության, արձագանքն է հայկական կողմի հնչեցրած ահազանգի։

«Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշման վրա: Սա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մասին»։ 

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նկատում է, որ այս հայտարարությամբ ռուսական կողմը ընդգծում է, որ «արտատարածքային միջանցքի» պահանջը ռուսական կողմի պարտադրանքը չէ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետն ասել է, որ շատ դեպքերում դա հենց այդպես էլ ներկայացվում է  հայ հանրությանը՝ գեներացնելով հակառուսական տրամադրություններ։

 «Ես չեմ կարող ասել՝ այդտեղ կար ճշմարտություն, թե չկար, սակայն, ըստ իս, ռուսական կողմը դրա մասին  ուղղակի բացեիբաց խոսեց՝ նշելով կամ փաստելով, որ ռուսական կողմից այդպիսի ճնշում չկա։ Սա կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Դա կախված է, թե մենք ինչպես ենք հետագա գործընթացները պատկերացնելու։ Սա միայն ընդհանուր խաղաղության պայմանագրի կամ հաշտեցման գործընթացի մի հատվածն է, որի մասին խոսվում է»։

Ըստ քաղաքագետի, ռուսական կողմի այդ հայտարարությունը ոչ թե տեխնիկական-գործնական է, որը գործընթացը մեկ քայլ առաջ կտանի, այլ՝ ավելի շատ քաղաքական հայտարարություն, որով փորձ է արվում Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունները մեղմել և ցույց տալ, որ այնպես չէ, որ Ռուսաստանն այլ բան է պահանջում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ  հայտարարել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորոման, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման հարցում օգտագործելու հնարավորությունը։

Վերը նշված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը մանրամասնել էր նաև Հայաստանն ու Ադրբեջանը կապող ճանապարհների ապաշրջափակման սկզբունքը.  

«Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով անցնում է ճանապարհը։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական»։

Գործնականում այս սկզբունք, ըստ Ռուսաստանի փոխվարչապետի, նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստան չարգելափակված կամ նոր կառուցված ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության միջոցառումները կլինեն նույնը, ինչ, օրինակ՝ Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույնը կլինի Հայաստանից Ադրբեջան մուտքի ժամանակ: Մեջբերենք Օվերչուկի հարցազրույցից ևս մեկ հատված.

«Թվում է, թե կա փոխըմբռնում այս հարցում, սակայն, բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն լինի, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ  բաց չի թողնվել և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանի որպես հաղթանակ մյուս կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր կողմերի ընդհանուր հաղթանակը»։  

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ երկու տարուց էլ քիչ ժամանակում խումբը մեծ աշխատանք է կատարել, ինչի արդյունքում բանակցողներն ունեն երթուղիների գործարկման տեսլական, որի իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի  միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով աշխատանքային հանձնաժողովն ստեղծվել էր այս տարվա մայիսին՝ Փաշինյան–Ալիև– Միշել եռակողմ հանդիպումից հետո։ Հանձնաժողովի  առաջին հանդիպումը կայացել էր հայ–ադրբեջանական սահմանի Երասխի  հատվածում։Երկրորդ հանդիպումը կայացավ Մոսկվայում օգոստոսի 30–ին։ Երրորդը սպասվում է նոյեմբերին՝ Բրյուսելում։

Փորձագետները, սակայն,  հերթական հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեն։ Նրանք շեշտում են, որ կողմերն անհամադրելի մոտեցումներ ունեն։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը թվարկում է այդ տարաձայնությունները․

 «Հայաստանը չի կարող միջանցք թույլ տալ։ Արցախի կարգավիճակի հարցում չի կարող ընդունել, որ Ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի։ Ադրբեջանը ևս ունի սեփական կարմիր գծերը։ Այս պահին , քանի դեռ մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը պայթյուններով լեցուն է, անհավասարակշիռ, անկանխատեսելի, կարմիր գծերը կարող են մնալ ու  հատվել։ Հնարավորություն չեն տալու վերջնական համաձայնություններ ձեռք բերել»։

Սուրեն Պետրոսյանը նույնպես կարծում է, որ էական որևէ փոփոխություն նման հանդիպումներից ակնկալել հաստատ հնարավոր չէ։

«Բազմիցս խոսել եմ՝ ՀՀ-ն փաստացի կորցրել է ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքը։ Հայաստանին կարող է առավելագույնս տեղեկացվել գերտերությունների փոխհամաձայնության մասին։ Իրականում կողմերը միտված չեն խնդիրը լուծելուն. այն մտայնությունը, որ իրականում գերտերություններն ուզում են խնդիրը լուծել՝ այդպես չէ։ Եթե վաղը խաղաղության պայմանագիր էլ կնքվի, միևնույնն է, խնդիրը չի լուծվելու»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան.

«Ընդհանուր առմամբ հուսալ, թե ինչ-որ մի  հանձնաժողով, ինչ -որ մի պայմանավորվածություն, հայտարարություն կամ նույնիսկ պայմանագիր կարող է Ադրբեջանի ախորժակը զսպել, միամտություն է։ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել, շարունակելու է Հայաստանից պահանջել ամեն ինչ, կամ մինչև կամ դա չստանա, կամ «քիթ ու բերանին» չստանա»։

Ըստ մեր զրուցակիցների՝ այս տարածաշրջանի առանձնահատկությունն այն է, որ գերտերությունները շահագրգռված չեն առկա խնդիրների վերջնական լուծմամբ, քանի որ դա չի բխում իրենց  աշխարհաքաղաքական շահերից։

Back to top button