ԿարևորՀասարակություն

Վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կկազմակերպվեն «մեկ պատուհան» սկզբունքով

Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհուրդը դարձել է անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների վերհանման և լուծումների նախանշման հարթակ, ինչի մասին վկայում են այս ոլորտի ձեռքբերումները:

Սարգսյանը փաստել է, որ արդեն իսկ հստակեցվել է հանրապետությունում Բարնահուսի մոդելի պիլոտավորման սցենարը, որի շրջանակներում քրեական վարույթներով վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը վերջիններիս հետ, հատկապես սեռական բռնության դեպքերում հարցաքննությունը, բժշկական զննությունը և այլ աջակցություններ կիրականացվեն մեկ վայրում՝ «մեկ պատուհան» սկզբունքով:

Պիլոտավորումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ Երևանում և Կապանում, որի արդյունքները թույլ կտան հասկանալ մոդելի վերջնական պատկերը:

Փոխնախարար Սարգսյանը նշել է նաև, որ Ոստիկանության նախաձեռնությամբ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով ի վերջո կկարգավորվի օրենքի հետ առնչվող անչափահասների, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն

ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման հարցը: Նա նշել է, որ սա փաստում է խորհրդի գործունեության արդյունավետության և հասցեականության մասին:

Հանդիպման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը ներկայացրել է Բարնահուսի մոդելի պիլոտավորվող տարբերակը և ընդգծել մոդելի չափանիշները, որոնք անշեղորեն պետք է պահպանվեն:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել Ազգային ժողովում գտնվող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին փոխնախարար Սարգսյանը վկայականներ է հանձնել Քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա անչափահասների, անգործունակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ իրականացվող քննչական գործողություններին մասնակցելու իրավունք ստացած, միջազգային չափանիշներին համապատասխան որակավորված 25 հոգեբաններին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Բարնահուսի պիլոտավորումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ՝ UNICEF-ի, UNDP-ի, UNFPA-ի, OSCE-ի կատարմամբ:

Կարդացեք նաև
Close
Back to top button