ԿարևորՀասարակություն

Պետք է մեկից հրաժարվել, նոր մյուսին համաձայնություն տալ. քաղաքագետը՝ դիտորդական առաքելության մասին

Հայաստանի ճակատագիրը ՀԱՊԿ-ի հետ դեռևս որոշված չէ, և այս առումով սահմանամերձ տարածքներում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման առաջարկը  հակասական է` ասում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Նուբար Չալըմյանը։ «Եթե մենք համաձայնում ենք միջնորդական միջազգային դիտորդական առաքելության տեղակայմանը սահմանամերձ շրջաններում, ապա այդ դեպքում ո՞րն է ՀԱՊԿ-ին մեր պատասխանը»,- հռետորական հարցադրում է անում «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Ըստ միջազգայնագետի` սահմանամերձ տարածքներում միջազգային դիտորդական առաքելություն  տեղակայելուց առաջ նախ պետք է պարզել ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները․ եթե այդ կառույցն անդամալույծ է, ապա դրա հետ պետք է խզվեն համագործակցային կապերը, որից հետո նոր միայն պետք է դիմել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողներին։ Նուբար Չալըմյանը շեշտում է` սովորաբար դիտորդական կամ խաղաղապահ առաքելություն իրականացնողները թիրախային շրջաններում ուժի դիմելու լծակներ չեն ունենում, նրանց խնդիրը մոնիտորինգ անցկացնելն է` ֆիքսելու տեղի ունեցող խախտումները։

«Ֆրանսիան, որը մշտապես աջակցում է Հայաստանին, օրինակ, ինչ տեսքով է պատկերացնում իր օգնությունը մեր երկրին դիտորդական առաքելության շրջանակում` զինված ուժերի՞, խաղաղապա՞հ, թե՞ դիտորդական առաքելությունների ձևաչափով։ Ադրբեջանական օկուպացիայից տուժած սահմանամերձ տարածքներում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման բացարձակ անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումից հետո ռուսական կողմը, կարծում եմ, արդեն ուսումնասիրում է շրջանառվող խոսույթը և չի բացառվում, որ Մոսկվան ևս մեկ անգամ փորձի պաշտոնական Երևանին համոզել ՀԱՊԿ-ի և ռազմավարական դաշնակցի իր գործառույթի շրջանակներում դիտորդական  առաքելություն իրականացնելու իր պատրաստակամության մեջ», — ասում է միջազգայնագետ Նուբար Չալըմյանը։ 

Նուբար Չալըմյանը կարծում է, որ Ռուսաստանն առաջին հերթին իր ազդեցության լծակները պետք է օր առաջ օգտագործի՝ պարտավորեցնելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից, որից հետո հայկական կողմը լիահույս կլինի դաշնակցի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։  

Back to top button