ԿարևորՀասարակություն

«Զինվորի տանը» ցուցադրվել են էկզոսկելետոն աջակցող սարքի տեխնիկական հնարավորությունները

2020թ․ պատերազմի ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողներն արդեն իսկ հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեռք բերված «էկզոսկելետոն» աջակցող սարքի միջոցով․ դրա գործնական հնարավորություններին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Նախարարը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ հետևել է «էկզոսկելետոնի» գործնական կիրառմանը, որի շրջանակում 2020 թվականի պատերազմի մասնակից զինծառայողի մասնակցությամբ ցուցադրվել է սարքի տեխնիկական հնարավորությունները։ Կենտրոնի մասնագիտական թիմի հետ քննարկվել է սարքի օգտագործման մատչելիությանն ու ֆունկցիոնալությանն առնչվող մի շարք մանրամասներ։

Նախարարը հույս է հայտնել, որ «էկզոսկելետոնը», լինելով ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովող նորագույն աջակցող միջոց, կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը, հնարավորություն կտա կանգնել, քայլել։

Այցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը եղել է նաև «Զինվորի տանը» վերջերս բացված վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առկա հնարավորություններին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում սարքը տրամադրվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ հաշվի առնելով համապատասխան գիտելիքն ու փորձառությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։ Կենտրոնի մասնագիտական թիմին «էկզոսկելետոնի» տեխնիկական հնարավորություններին ծանոթացրել են իտալացի մասնագետները․ իրականացված աշխատանքների շրջանակում՝ կազմակերպվել են վերապատրաստումներ՝ սարքի բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործելու նպատակով։

Back to top button