Մտքի ուժը

Գյուրզայի թույն և խնկածաղկի եթերայուղ․ ի՞նչ ակնկալել երկուսի համակցումից․ «Մտքի ուժը»

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան ստանալ Հայաստանի ամենաթունավոր օձերից մեկի՝ գյուրզայի թույնի ու խնկածաղկի եթերայուղի խառնուրդից։ Պարզվում է՝ այո, ոչ ավել, ոչ պակաս՝ ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցություն:

ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, ստանդարտացման ու սերտիֆիկացման լաբորատորիայի սենյակներից մեկում ժամանակակից սարքերն ու սարքավորումներն ու ենթափորձային կենդանիներն են՝ առնետները և մկները, մյուսում՝ եթերայուղերի ստացման համար նախատեսված գոլորշիներով թորման սարքավորումը և խնկածաղկի հումքը։

Այստեղ բացառիկ հետազոտություններ են իրականցնում ու եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա գուցե առաջիկա տարիներին նոր ցավազրկող դեղամիջոց ներմուծվի շուկա։ Ուղղությունը պատահական չի ընտրվել․ մինչ այս զբաղվել են ֆիզիոլոգիապես ակտիվ տարբեր նյութերի, մասնավորապես, կենդանական թույների հետազոտմամբ։ Գյուրզայի ու դրա թույնի մասին այստեղ ամեն ինչ գիտեն։ Լաբորիատորիայի ղեկավար Արմեն Ոսկանյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում գյուրզայի մասին.  

«Մեկ գյուրզան մեկ կիթի ժամանակ 80-120 միլիգրամ թույն է տալիս՝ չոր նյութի հաշվարկով»։

Պարզել են, որ գյուրզայի թույնի բաղադրության 99 %-ը սպիտակուցներն ու պոիլպեպտիդներն են։ Թույնը կթելիս արագ չչորացնելու դեպքում այն կնեխի։ Թույնի մշակման արդյունքում բյուրեղներ են ստացվում։ «Վերջիններիս ակտիվությունը պահպանվում է տասնյակ տարիներ»,- ասում է գիտնականը:  

«Թույնը չորացվում և պահեստավորվում է։ Անհրաժեշտության դեպքում լուծում են ֆիզիոլոգիական լուծույթում կամ թորած ջրում և օգտագործում։ Թույնը բացարձակապես ջրալույծ է։ Երկար ժամանակ է, ինչ հետազոտում ենք թույնի տարբեր հատկությունները։ Ի հավելումն վերոնշյալի, իրականացնում ենք նաև հեմոռագիկ ազդեցության հետազոտություններ։ Գյուրզայի թույնը պատկանում է հեմոտրոպ թույների խմբին, ի տարբերություն կոբրայի, որը նեյրոտրոպ է, ազդում է նյարդային համակարգի վրա, թուլացնում է մկանները և բերում պարալիչի, զոհը խեղդվում է։ Գյուրզայի թույնի դեպքում զոհը նույնպես խեղդվում է, սակայն գործընթացն այլ կերպ է ընթանում․ անոթները քայքայվում են, և հեմոռագիայի հետևանքով արյան ողջ պլազման հյուսավածքներ է գնում, առաջանում են այտուցներ ու արյան զեղումներ։ Գործընթացի երկրորդ կարևոր օղակը հեմոլիզն է, որն առաջանում է ֆոսֆոլիպաս Ա2 ֆերմենտի ազդեցությամբ։ Քայքայվում են արյան կարմիր գնդիկները, և արյունը թթվածին կապելու հատկությունը կորցնում է։ Երրորոդ՝ սերինային պրոտեազների ներազդեցությունը բերում է արյան մակարդելության, առաջանում են թրոմբներ։ Կծած տեղում արյունը չի շրջանառվում, և հյուսվածքները մահանում են»։

Գյուրզային բնորոշ է մեկ այլ հատկություն ևս․թույնի մեծ չափաբաժինը ցավային, իսկ նվազագույն չափաբաժինը՝ հակացավային ազդեցություն ունի։ Կիրառման հեռանկարային տեսանկյունից վերջինս փորձում ենք օգտագործել կենդանական ու բուսական ծագման դեղահումքերից ստացվելիք պատրաստուկի մեջ, որը կունենա հակացավային, հակաբորբոքային ակտիվություն։

Գիտական այս գործընթացն իրականացվում է ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոպոգիապես ակտիվ նյութերի զտման, ստանդարտացման ու սերտիֆիկացման լաբորատորիայի գիտնականների և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետների հետ համատեղ։ Նպատակն է՝ IV քեմոտիպի խնկածաղկի եթերայուղի և թույնի համակցումից ստանալ բնական ծագման հակացավային, հակաբորբոքային նոր դեղապատրաստուկ։ Բույսի կարգաբանական անվանումն է խնկածաղիկ սովորական, Душица обыкновенная, Oregano ordinary։

Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, ստանդարտացման ու սերտիֆիկացման լաբորատորիայի կողմից ձեռք բերված նոր՝ ջրային գոլորշիներով թորման սարքավորման միջոցով ստանում ենք եթերայուղը, հետազոտում որակաքանակական կազմը։  

Ենթափորձային կենդանիները մկներն ու առնետներն են այս պահին, բայց հետազոտությունները շարունակվելու են ավելի խոշոր կենդանիների՝ ճագարների վրա, որոնց կհաջորդեն կամավորները, ապա՝ հիվանդները։ Նախակլինիկական փուլն առավել աշխատատար է ու գումար պահանջող, քան՝ կլինիկականը։  Ընդհանրապես, դեղի ազդեցությունը կախված ընդունման ձևից, տարբեր է։ Սա մեծապես կախված է օրգանիզմ ներմուծման ուղուց։ Ճարպաշերտի միջոցով եթերայուղն ավելի կենսահասանելի է։  Գիտական հետազոտությունը կատարում են գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ։ Առաջին փուլի համար գումարը բավարար է, բայց հետագայում գիտական հետազոտությունը շարունակելու համար նորից միջոցներ են ահրաժեշտ։

Back to top button