ԿարևորՀասարակություն

Մթերման գներից դժգոհ գյուղացիներին նախարարությունն առաջարկում է խաղողի գինեմետ սորտեր տնկել

Խաղողագործները դարձյալ  դժգոհում են  խաղողի մթերման գործընթացից․ նրանց չի գոհացնում վերամշակող ընկերությունների առաջարկած գինը։ Կառավարությունից հստակեցումներ են պահանջում թե՛ գնի , թե՛ մթերողների հարցում։ Էկոնոմիկայի նախարարությունից հակադարձում են՝ մթերող ընկերությունների գնային քաղաքականության վրա ազդելու լծակներ չունեն, բայց գյուղացուն ու  ընկերություններին  այլ աջակցություն են առաջարկում՝ գրավիչ պայմաններով սուբսիդավորվող վարկեր կոնյակ և գինի արտադրելու համար։  

Այսուհետ կոնյակ և գինի արտադրող ընկերությունները կարող են օգտվել կառավարության հաստատած  սուբսիդավորվող վարկերի նոր պայմաններից։ Գործադիրն  այս տարբերակով է փորձում լուծել խաղողագործների ու մթերող ընկերությունների  խնդիրը։  Էկոնոմիկայի նախարարության  ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի  ձևակերպմամբ՝ գրավիչ  պայմաններով վարկերով  խաղող մթերողները կկարողանան միրգը մթերել լրացուցիչ ծավալներով․

«Եթե նախկինում  տրամադրվում էր երեք տարով,  մայր գումարի մարման մեկ տարի  արտոնյալ ժամկետով և 10 տոկոսն էր սուբսիդավորվում, հիմա  մենք փոխեցինք վարկի մարման ժամկետը 4 տարի, երկու տարի արտոնյալ ժամկետ, սուբսիդավորման տոկոսադրույքը 11 տոկոս»։

Արմավիրի մարզի խաղողագործները երեկ կառավարության դիմաց էին։ Գործադիրից պահանջում էին  հստակություններ մտցնել մթերման  գործընթացում։ Ասում են՝  կան ընկերություններ, որոնք ընդհանրապես չեն մթերում, մթերողներն էլ ցածր գին  են առաջարկում՝ 1կգ–ի համար 100-120 դրամ․

«Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր խաղողագործներին խաբել է։ 6 ամիս առաջ պետք է ասեր, որ ընկերությունները չեն մթերելու կամ մթերելու են 100 դրամով, ես էլ 2 մլն դրամի  խաղող չէի մշակի»։

Խաղողի մթերման գները վերանայելու պահանջին ի պատասխան էկոնոմիկայի նախարարությունից նշում են՝ պետական  կառույցը գների վրա ազդելու որևէ լծակ չունի։  Նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ անարդյունավետ են նաև  մթերող ընկերությունների հետ բանավոր զրույցները։ Ծրագրերով են աջակցում թե՛ գյուղացուն, թե՛ վերամշակողներին։

«Փոխվարչապետն անցյալ տարի հանդիպեց խոշոր մթերողների հետ, որոնք բանավոր խոստացան, որ 130– ով կմթերեն։ Սակայն դրանից հետո ընկերությունների մեծ մասն այլ ճանապարհներով փորձեց չպահել այդ գինը։ Մեկը քաշի մեջ էր զեղչ անում, մյուսը՝ որակն էր պատճառաբանում ու գինն իջեցնում։ Դա չաշխատող մեխանիզմ է»։

Գինու ազգային կենտրոնը խաղողի մթերման խնդիրը համարում է  հավերժ ձգվող հարց։ Խնդիրը նոր չէ, առաջարկվող լուծումներն էլ։ Կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ բազմիցս են այգեգործներին խորհուրդ տվել փոխել խաղողի տեսակները։ Տնկել ոչ թե կոնյակի, այլ գինեմետ խաղողի սորտեր։ Սակայն տարիների ընթացքում սայլը տեղից չի շարժվել․

«Մենք 30 տարի անընդհատ գյուղացուն ասում ենք, դիզերտիֆիկացրու, կոնյակիդ խաղողների մի մասը փոխիր գինու խաղողների, կամ պատվաստիր նոր սորտեր, դու ինքդ քեզ դուրս բեր ռիսկային դաշտից։ Չէ՛, ինքը հավես չունի»։

Նախարարության ներկայացուցիչն էլ հավելում է՝  իրենք էլ են նման առաջարկով դիմել խաղողագործներին։ Նույնիսկ «Ինտենսիվ այգեգործության ու խաղողագործության» զարգացման ծրագրում կատարել  են փոփոխություններ։ Եթե նախկինում վարկերը տրամադրվում էին խաղողի նոր այգետարածքներ հիմնելու համար, հիմա գործում են սահմանափակումներ։ Վարկերը տրամադրվում են միայն գինեմետ սորտերի այգիներ հիմնելու համար։  Ըստ ոլորտի մասնագետի՝ խնդրի պատճառը   կոնյակի արտադրության տեխնոլոգիան չպահպանելն է, ինչն էլ արժեզրկում է խաղողը․

«Կոնյակի սպիրտի մեջ պետք է օգտագործվի միայն խաղող։ Եթե ուրիշ բան ես օգտագործում,  խաղողի մասնաբաժինը փոքրանում է։ Իսկ սա բերում է խաղողի արժեզրկման։   Օրենքով  արգելված է կոնյակի մեջ մեկ այլ բան օգտագործել»։

Պետք է խստորեն հետևել այս բացին՝ ասում է Ավագ Հարությունյանը։  Այսօր շուկայում 40-50 տոննա խաղողի իրացման պատճառը վերը նշված խնդիրն է՝ ասում է զրուցակիցս։ Սա է դաշտում լարվածության պատճառը։  Մասնագետի խոսքով՝ այդ խնդիրները վերացնելու դեպքում կոնյակի խաղողի մեծ դեֆիցիտ կլինի։ Նման խնդիր կար գինու խաղողի դեպքում։ Խնդիրը վերացնելու արդյունքում այսօր արդեն գինու խաղողը մթերվում է 450-500 դրամով․

« Հիմա գյուղացիները բոլորը տնկում են այգիներ Ոսկեհատի ու Արենիի։ Եթե 15 տարի առաջ մեկ շիշ գինին  վաճառվում էր միջինը  800-900 դրամ, ապա հիմա մեկ շիշը վաճառվում է 2000–ից ավելի։ Գինեգործությունը 10 անգամ ավելի ձեռնտու է կոնյակագործությունից։ Մեկ շիշ գինու արտահանման ժամանակ ընկերությունն ունի նվազագույնը մեկ դոլար եկամուտ, մեկ շիշ կոնյակի արտահանման ժամանակ ընկերությունն ունի  10-20 ցենտ եկամուտ»։

Նախարարության ներկայացուցիչը խնդիրն ավելի շատ պայմանավորում է քովիդի ընթացքում արտահանման, իրացման ծավալների կրճատմամբ։ Նախորդ տարիների համեմատ արտահանման ոլորտում որոշակի աճի միտում արձանագրվում է միայն շշալցված կոնյակի դեպքում, իսկ կոնյակի սպիրտի իրացման ծավալները կրկնակի նվազել են։

«Եթե 2019 արտահանվել էր 14.5լ կոնյակի սպիրտ, հաջորդ երկու տարիներին  արտահանվել է շուրջ 7 մլն լ․, իսկ այս տարվա 6 ամիսներին 2.2 մլն լիտր։ Խաղողի պահանջարկի նվազումը պայմանավորված է դրանով։ Արտադրողների մոտ մեծ ծավալով մնացորդներ կան կոնյակի սպիրտների»։

Իսկ կոնյակի և դրա սպիրտի հիմնական շուկան խստապահանջ է, զեղծարարություններն այստեղ բացառվում են՝ ասում է  Գևորգ Ղազարյանը։ Հիմնական շուկան՝ Ռուսաստանը, լաբորատոր լուրջ վերահսկողությամբ է ներմուծումն իրականցնում։

Back to top button