ԿարևորՀասարակություն

Հնարավո՞ր է լինել ՀԱՊԿ անդամ եւ զենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից․ պարզաբանում են ռազմական վերլուծաբանները

Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում օրախնդիր է դարձել  Հայաստան զենքի մատակարարումների հարցը։ Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսում աշխատանքներ են տարվում Ադրբեջանին ամերիկյան զենքի մատակարարումներից զրկելու եւ Հայաստանին զենք մատակարարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Մինչ այդ հարցի հստակեցումը՝ Հնդկաստանը Հայաստանին զենք կմատակարարի․ տեղեկությունը հաղորդում է հնդկական պարբերականը։ Ռազմական վերլուծաբանները ողջունում են նախաձեռնությունը, բայց նշում, որ ավելի խորքային գործընթացներ են անհրաժեշտ։ Նրանք, նաեւ պարզաբանում թե արդյոք հնարավոր է լինելով ՀԱՊԿ անդամ երկիր զենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։

Հայաստանի հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի  պայմաններում  զենք ձեռք բերելու, սպառազինվելու հարցն օրախնդիր է դարձել։ Այս հարցով վաղուց էր պետք զբաղվել, ասում են փորձագետները։

Կառավարության նիստում ՀՀ վարաչպետն ասաց, որ կան դեպքեր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, սակայն Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից․

« Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հետահար նպատակով՝ որ  մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք; Բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»:

Հնդկաստանը պատրաստ է Հայաստանին 244 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր եւ այլ զինամթերք մատակարարել, գրում է  հնդկական The Economic Times պարբերականը։  Երկու երկրնեի կառավարությունները մի շարք պայմանագրեր են կնքել այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Ըստ պարբերականի՝  հնդկական զենքի մատակարարումները Հայաստան կիրականացվեն առաջիկա ամիսներին:

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը դրական է գնահատում հայ-հնդկական այս համագործակցությունը եւ հիշեցնում է, որ Հնդկաստանը այն եզակի երկրներից է, որ Ադրեջանին ագրեսոր է անվանել ․ Հնդկաստանը նաեւ այն  երկրներից է, որոնք պատրաստ են Հայաստանին զենք մատակարարել։ Հրապարակման մեջ նշվում է, որ  Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի  Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ռազմական վերլուծաբանը բացատրում է՝ այդ զինատեսակը ռուսական ուրագանի սխեմայով է կառուցված․

«Դրանցից մեկը հրթիռային հրետանու տեսակ է կոչվում է Pinaka, դա որոշ չափով նման է ռուսական «Ուրագան» համակարգին՝ ավեդլի մոդիֆիկացված, նոր էլեկտրոնիկայով, հարվածային է, հրետանու տեսակ է, կարող է օգտագործվել ՝ 35-ից մինչեւ 75 կմ հեռավորության վրա։ Նաեւ հակատանկային հրթիռներ են գնվել, նաեւ զինամթերք է գնվել»։

Պարբերականը տեղեկացնում է, որ նախատեսված է նաեւ հակատանկային հրթիռներ եւ Swathi ռադարներ մատակարարել։ Այդ զինատեսակները  օգտագործվում են հակառակորդի արկերն ու հրթիռները եւ դրանց արձակման կայաններն  ու դիրքերը տեղորոշելու համար:

Հնդկական Swathi-ին հայտնաբերում է ականանետային արձակումներ 20 կմ, հրետանային` 30 կմ և հրթիռային` 40 կմ հեռավորության վրա: Այն ունակ է հայտնաբերել միանգամից 7 թիրախ: Swathi-ն համարվում է հնդկական ամենահաջող ռազմական արտադրանքներից մեկը։ Ի դեպ դրանք համալրված են ամերիկյան որոշ պահեստամասերով:

Ռազմական վերլուծաբանը նշում է, որ արդյունավետության առումով դրանք արագ հարցեր լուծելու համար վատ զինատեսակներ չեն ։ Այդ զենքերը հնդկական բանակում կիրառվում են արդեն 10 տարի։

Ուշացած, սակայն դրական քայլ է որակում Հնդկաստանից զենքի ձեռք բերումը ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ Նա խոսում է ռազմական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին, դրական է համարում ՀՀ ռազմական բյուջեն ավելացնելու որոշումը։

«Հայաստանը վաղուց պետք է արեւմտյան կոնցեպտներին անցում կատարի, ռուսական տեխնոլոգիաները վաղուց իրենց սպառել են․․․ լավ է բայց քիչ է»։

Հայաստանի  ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդո՞տ է արդյոք այլ երկրներից զենք ստանալու համար։ Այս առումով ռազմական փորձագետը մատնացույց է անում ռուս-ուկրաինական պատերազմը եւ նշում, որ պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը այնքան վատ վիճակում է, որ չի կարողանա օգնել Հայաստանին, սակայն ՀԱՊԿ անդամ լինելը հնարավորություն է տալիս զենք ձեռք բերել միայն ասիական երկրներից, ինչպես օրինակ՝ Հնդկաստանն է։ Լեոնիդ Ներսիսյանը նաև նշում  է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք ձեռք բերելու առումով խոչընդոտներ կան, սակայն կամքի առկայության պայմաններում հարցերը լուծվում են առանց խոչընդոտների․

«Եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի երկրների մասին, ապա այո, մասամբ խոչընդոտ է, քանի որ լուրջ զենք մտցնել ՀԱՊԿ դաշնակից երկրում խնդիր է։ Ամերիկացի կոնգրեսականը օրինակ ասաց, որ ռիսկեր կան, որ իրենց զենքերը կարող են Ռուսաստանի ձեռքն ընկնել։ Եթե դաշնակցային հարաբերություններ կան, իրենք կարող են դա հետազոտել , բայց լուծում կարել է գտնել, եթե կա կամք»։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն էլ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված նկատում է, որ Ռուսաստանն արդեն այնքան է տարված իր խնդիրներով որ չի կարողանա Հայաստանին օգնել եւ պետք է Արեւմուտքի հետ նաեւ լավ հարաբերություններ ունենալ, առավել եւս, որ Թուրքիան անհնազանդ երկիր է Արեւմուտքի համար, ինչը չի բացառում, որ Հայաստանը կարող է ինչ-որ պահի ավելի վստահելի դառնալ Արեւմուտքի համար ու վերածվել երկրորդ Իսրայել ի։

«Հիմա աշխարհակարգն այնքան արագ է վերաձեւվում, Թուրքիան էլ այնքան անհնազանդ է դաշնակցի կարգավիճակով է գործում ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի կազմում, որ գուցե մեր կողմից ձգտում լինի վերածվել Իսրայել-2-ի, այսինքն փոխարինել Թուրքիային, գուցե»։

Back to top button