ԿարևորՏնտեսական

ՀՀ ռազմական բյուջեն 2023-ին կաճի շուրջ 50 տոկոսով․ գործադիրն ընդունել է նախագիծը

2023-ի հունվարի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա, 68 հազար դրամի փոխարեն դառնալով 75 հազար դրամ։ Արդյունքում՝ կավելանա պետական և մասնավոր սեկտորում աշխատողների շուրջ 30 տոկոսի վարձատրությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն արձանագրում է՝ վերջին 3 տարում  նվազագույն ամսական աշխատավարձն ավելի շատ է բարձրացել, քան վերջին 10 տարիներին միասին վերցրած։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ այդ որոշումը  թույլ կտա մի քանի ոլորտներում էականորեն բարձրացնել աշխատանքի վարձատրությունը։

«Օգոստոս ամսվա տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելի, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից շուրջ 3.5 անգամ ավելի բարձր։ Ընդ որում՝ IT ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը 1.1 միլիոն դրամից ավելի է, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից բարձր է շուրջ 15 անգամ»։

2023թ պետական բյուջեով  եկող տարի 21 միլիարդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ 2021-22թ Կառավարությունը ծրագրեր իրականացրեց, օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձերը էականորեն բարձրացնելու համար, ուստի նույն մեխանիզմը պետք է գործի նաև մյուս ոլորտներում։

«Այսինքն, եթե հիմա հնարավորություն ենք տալիս ուսուցչին 120 հազարի փոխարեն 450 հազար դրամ ստանալ, տարեկարգով և ատեստավորմամբ ուսուցիչը հնարավորություն կստանա 800 հազար, մինչև անգամ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու։ Այսպես կշարունակվի այնքան ժամանակ մինչև կհասկանանք, որ ուսուցչի աշխատավարձը պատշաճ է։ Մենք մտադրված ենք մյուս բոլոր ոլորտներում ևս հնարավորինս արագ աշխատավարձերի անգամներով բարձրացում ապահովել»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։

2023-ի հուլիսի 1-ից , ըստ բյուջեի նախագծի, կբարձրանա նաև կենսաթոշակը։ Գործադիրն ամփոփում է թոշակառուների անկանխիկ գործարքներից հետվճար տրամադրելու ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցնում է, որ հետվճարի համակարգը հնարավորություն է տալիս ևս մի քանի հազար դրամով ավելացնել կենսաթոշակի փաստացի չափը։

«Հուլիսի համեմատ օգոստոսին ծրագրի հատկացումները կրկնապատկվել են․ ավելի քան 400 միլիոնի գործարք ենք ունեցել, իսկ  օգոստոսին գործարքները գերազանցել են 800 միլիոն դրամը։ Սեպտեմբերին ծրագրին միացավ նաև երրորդ բանկը, ակնկալում ենք, որ սեպտեմբերին է՛լ ավելի կընդլայնվի ծրագիրը»,– ասում է Նարեկ Մկրտչյանը։

Արդյունքում՝ 2023 թ․ կենսաթոշակների ֆինանսավորումը նախորդ՝ ընթացիկ տարվա համեմատ ավելին կլինի 25 միլիարդ դրամով։ Գործադիրը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսում նաև անվտանգային ենթակառուցվածքների համար։ ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ին նախատեսվում է ավելացնել 47,2  տոկոսով կամ ավելի քան 160 մլրդ դրամով։ 2021-ին շուրջ 334 միլիարդ, 2022-ին շուրջ 340 միլիարդ․  2023-ին արդեն պաշտպանության ոլորտին կտրամադրվի ավելի քան 557 միլիարդ դրամ։

«…Դրա շրջանակում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- նշված է բյուջեի նախագծում։

2023-ին 10 տոկոսով կավելանա նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի  ֆինանսավորումը։ Ի դեպ՝ այս ոլորտների համար նախատեսված 250 միլիարդ դրամից միայն կրթությանը կտրամադրվի 208 միլիարդ դրամ, գիտությանը՝ 36 միլիարդ դրամ։ Այս թվերը ներկայացնում է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 միլիարդ դրամը, որը 2021–ի ֆինանսավորումը գերազանցում է 69 միլիարդ դրամով։ Կավելացվի ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը՝ շուրջ 17 միլիարդ դրամի չափով»,– ասում է ֆինանսների նախարարը։

2023-ին 22 տոկոսով կավելանա նաև առողջապահական ոլորտի ֆինանսավորումը։ Գործադիրը ևս 290 միլիարդ դրամ կհատկացնի կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների համար։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է, որ 2023-ի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում, երբ միջազգային տնտեսական միջավայրն անկայուն է, միջազգային փոխադրումներն էլ ավելի ծախսատար ու ժամանակատար։ Չնայած սրան, ըստ նախարարի, վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության դրական տեղաշարժը հնարավորություն կտա արդյունավետ և ըստ նախատեսվածի կառավարել եկող տարվա բյուջեն։

Back to top button