ԿարևորՀասարակություն

Դուբլինյան հանդիպումներում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է անվտանգային մարտահրավերները Հարավային Կովկասի տարածաշրջանում

Սեպտեմբերի 27-28-ը դեսպան Վ․ Ներսեսյանն աշխատանքային այցով Դուբլինում էր, որը դեսպանի առաջին այցն է Իռլանդիա այդ երկրի նախագահին հավատարմագրերը հանձնելուց հետո։

Այցի շրջանակներում դեսպան Ներսեսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իռլանդիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես՝ Իռլանդիայի Եվրոպական հարցերով Պետնախարար Թոմաս Բըրնի, Իռլանդիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղարի տեղակալ և քաղաքական տնօրեն Սոնյա Հայլանդի, Արտաքին գործերի և առևտրի նախկին նախարար և Իռլանդիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և պաշտպանության միացյալ խորհրդարանական հանձնաժողովի ներկայիս նախագահ Չարլզ Ֆլանագանի, Ֆինա Ֆեյլ կուսակցության արտաքին կապերի խոսնակ Շոն Հոուի հետ։

Հանդիպումների ընթացքում դեսպանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել իր պատրաստակամությունը Հայաստան-Իռլանդիա քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու և խորացնելու հարցում, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է անվտանգային ներկա մարտահրավերները Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նա նշել է, որ իր՝ Իռլանդիա կատարած աշխատանքային այցի առաջին օրը՝ սեպտեմբեր 27-ին, լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը՝ հավելելով, որ այցը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մի քանի օր առաջ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից հետո։

Այս համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ ու ամբողջությամբ դուրս բերման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից՝ կարևորելով միջազգային հանրության թիրախային հայտարարությունները, որոնցում ագրեսորը հստակ նշված կլինի:

Դեսպանը բարձրացրել է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության հարցը, ովքեր դեռևս մնում են պատանդառված Ադրբեջանում, ինչպես նաև կարևորել է հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, որն ավերվում է Ադրբեջանի կողմից։

Չարլզ Ֆլանագանի և Շոն Հոուի հետ դեսպանը կարծիքներ է փոխանակել Հայաստանի և Իռլանդիայի միջև խորհրդարանական համագործակցությունը խորացնելու շուրջ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների՝ տարբեր խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վերաբերյալ։

Ավարտելով իր աշխատանքային այցի առաջին օրը դեսպան Ներսեսյանը ներկա է եղել Հայաստան-Իռլանդիա ազգային հավաքականների ֆուտբոլային խաղին։

Back to top button