ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական հերթական սադրանքն ու հերթական դատապարտումները. ինչի՞ է ձգտում օկուպանտը 

 Հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն օրախնդիր է դառնում․ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 29-ի  նիստ մեկնարկին։  Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին, որի արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, Փաշինյանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են ընթանում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ 

Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է նաև, որ թշնամու ստորաբաժանումները սադրանքն իրականացնելիս գտնվել են Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում։

Ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան իրականացրած սադրանքն ուղղված է եղել  ինժեներական աշխատանքներ կատարող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։ Ընդ որում ռազմական գործողությունն իրականացվել է Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքից։ Այս մասին կառավարության անդամներին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին.

«Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն  է, ՀՀ տարածքը օկուպացված  է, և մեր դիրքորոշումն աներկբա  է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից։ Մի նրբության մասին ուզում եմ ընդգծել՝ տեղյակ եք,  որ մենք ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ աշխատանքներ ենք սկսել, և Ադրբեջանը նման գործողություններով ուզում է, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել այդ բարեփոխումները»։   

Վարչապետը վստահ է, որ ադրբեջանական հերթական սադրանքի նպատակներից մեկը լարվածությամբ Հայաստանին բնականոն կյանքի ընթացքը խաթարելն է։ Հաշվի առնելով սա, Փաշինյանը կառավարության անդամներին  հորդորում է գերկենտրոնացված լինել  ամենօրյա աշխատանքի վրա, քանի որ դա կարևոր և անկյունաքարային նշանակություն ունի երկրի պաշտպանունակության համար։   

Վարչապետը խոսել է նաև հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին։ Նա վստահեցրել է,  որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, ականջալուր է և համաձայն է բոլոր այն կոչերի հետ, ըստ որոնց հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով։  

«Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»։

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։ Ըստ այդմ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը Ադրբեջանի հերթական սադրանքը համարում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակություն և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին։ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։

Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ստեղծված իրավիճակում  հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝  հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու և նոր ագրեսիաները կանխելու համար»։

Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. սա արդեն մեջբերում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումից։ Եվրոպացի դիվանագետն այսպես է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը։

«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել»։

Մինչ սեպտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած նոր միջադեպը, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է այն երկու  հիմնական գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր էր դարձել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ, այն է՝ Միացյալ Նահանգների միջամտությունը և հայկական զինուժի պատասխան գործողությունները։ Արմեն Գրիգորյանը մասնավորապես ասել է.

«Պետքարտուղար Բլինքենի անձանբ  ներգրավվածությունը, որը մի քանի զանգ  է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում Միացյալ Նահանգների  ինտենսիվ ներգրավվածությունը, փորձել են կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր  խաղացել․ այսինքն՝ հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»։

Հայաստանի ԱԽ քարտուղարը նաև շեշտել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ:

Back to top button