Դպրություն

Կրթությունը՝ պատերազմական իրավիճակում․ «Դպրություն»

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզային դպրոցներում մեկ շաբաթից ավելի արձակուրդ էր, այժմ վերականգնվել է ուսումնական գործընթացը։

Այն դպրոցներում, որտեղ անվտանգության տեսանկյունից հնարավորություն կա, կրթությունը իրականացվում է առկա եղանակով, իսկ այն բնակավայրերում, որտեղ առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կազմակերպվել է հեռավար։ Իսկ ի՞նչ հոգեբանական վիճակում են սովորողները և ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները, եթե դրանք առկա են։

«Պատերազմից առաջացած հուզական բոլոր վայրիվերումներին անդրադառնալու համար պետք է պատրաստ լինել դա նկատել, գիտակցել, տեսնել այն հուզական բոլոր տարբերությունները, որ երեխայի մոտ է լինում, կարևորել դրանք և արձագանքել։ Բոլոր մեծահասակները, որոնք անմիջական շփում և առընչություն ունեն դպրոցահասակ երեխաների հետ, նախ իրենք պետք է սովորեն հուզական հավասարակշռության ձևերն ու մեթոդները, որպեսզի իրենք լինեն այն օրինակը երեխաների համար, որը ուզում են տեսնել միջավայրում։

Սոլանժ Թամամյան

Ուսումնառությունը արդյունավետ կարելի է իրականացնել, երբ մարդը հուզականապես հավասարակշռված վիճակում է և պատրաստ է լսել նոր ինֆորմացիա։ Կարևոր է, որ երեխան պատկանելության զգացումը ունենա աշակերտական այն խմբի, այն հաստատության հետ, որտեղ ինքը գտնվում է, ինչը բնականաբար բավականին տրավմատիկ է այն բոլոր աշակերտների մոտ, ովքեր տեղահանվել են և գտնվում են նմանատիպ ճգնաժամային իրավիճակում։ Իմ մեծ ցանկությունն է, որպեսզի կրթական համակարգում աշակերտը ընկալվի որպես անձ, նկատվեն նրա առանձնահատկությունները , դրանք ինտեգրվեն ուսումնական գործընթացի մեջ, որը երեխայի անձնական աճը ավելի արդյունավետ կդարձնի»,– ասում է «ԱՅԲ» դպրոցի ավագ հոգեբան, քոուչ և հուզական ինտելեկտի մասնագետ Սոլանժ Թամամյանը։

Արաքս Առաքելյան

«Ո՞րն է ի վերջո մեր կրթական գործընթացի իմաստը և վերջնանպատակը։ Ուզում եմ շեշտադրում անել ուսուցիչների կողմից կրթության արժևորման և արժեզրկման հարցին։ Օրինակ, նույն պատերազմական իրավիճակներում, երբ հոգեբաններս մտնում ենք դասարաններ և տեսնում ենք, թե ի՞նչ տրամադրություն է տիրում այնտեղ, ինչպես են ուսուցիչները ներկայացնում իրավիճակը, նկատում ենք, որ հաճախ հենց իրենք չեն ունենում աշակերտների բոլոր հարցերի պատասխանները։ Իրենք հուզականորեն շատ ճնշված և հուսահատ վիճակում են լինում և դա միանշանակ սրում և խորացնում է այն ողջ հոգեբանական դժվարությունները, որոնք ունենում են երեխաները։ Այստեղ անչափ կարևոր է ուսուցիչների հոգեբանական պատրաստվածության հարցը։ Կարևոր է նաև խնդիրներին համակարգային մոտեցումը՝ պետական կառույցների կողմից հստակ, համակարգային մոտեցում»,– ասում է «ՄԱՄ» կրթական շարժման հոգեբան–խորհրդատու, մակական հոգեբան Արաքս Առաքելյանը։

Back to top button