ԿարևորՀասարակություն

300 ուսուցիչ բացակայել է հայոց լեզվի «քննությունից»

Գնահատման և թեստավորման կենտրոնը շարունակում է  ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ զուգահեռաբար հրապարակելով գրանցված արդյունքները։ Աշխատավարձի բարձրացում ենթադրող գործընթացին ուսուցիչներն այս տարի ևս մեծ ոգևորությամբ չեն մասնակցում․ կամավոր ատեստավորում անցնել ցանկացել է ուսուցիչների միայն 10 տոկոսը, մեծ է նաև գրանցված, սակայն ատեստավորմանը չմաստակցող ուսուցիչների թիվը։ Ինչո՞վ է պայմանավորված գործընթացի նկատմամբ անտարբերությունը, ի՞նչ արդյունքներ են գրանցվում ատեստավորման  երկրորդ փուլում  և ինչպիսի՞ բողոքներ ունեն նրանք։

Աշխատավարձի բարձրացում ակնկալող ուսուցիչներն այս տարի ևս մեծ ոգևորությամբ չեն մասնակցում աշխատավարձը բարձրացնելու համար կազմակերպվող կամավոր ատեստավորմանը․ արձանագրումը կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանինն է։ Հիշեցնում է՝ 2021-ին առաջին կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել էր հանրապետության ուսուցիչների 5 տոկոսը։ Այն ժամանակ գործընթացը վերաբերում էր միայն 7-12 դասարանների որոշ առարկաներ դասավանդող ուսուցիչներին: Այս տարի կարող են ատեստավորվել 5-12–րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները, սակայն մասնակցությունը կրկին մեծ չէ։

«Նույն գործընթացը շարունակվեց այս տարի։ Գրանցման գործընթացը սկսվեց ամռան ամիսներին, և էլի խանդավառություն չառաջացրեց ուսուցիչների մոտ, որովհետև նրանց ոչ ավելի, քան 10 տոկոսը հետաքրքրություն ցուցաբերեց այդ գործընթացի նկատմամբ։ Հիմա արդյունքները ցույց են տալիս, որ նրանց զգալի մասը չի էլ մասնակցում ատեստավորման գործընթացին»։

5 առարկաների՝ հայոց լեզվի, եզդիերենի, պատմության, հայոց եկեղեցու պատմության և հասարակագիտություն ուսուցիչներն արդեն ծանոթացել են իրենց հանձնած թեստերի արդյունքներին։ Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ, օրինակ, հայոց լեզու առարկայից կամավոր ատեստավորումը մասնակցելու համար հայտագրված 739 ուսուցչից 300-ը չի ներկայացել ատեստավորմանը։ 439 մասնակիցներից 100-ը գրանցել է անբավարար արդյունք՝ չհաղթահարելով 60 միավորի շեմը։ 70 և ավել միավոր ստացել է 262 ուսուցիչ, 90 բալի շեմը հաղթահարել կարողացել է մասնակցած 439 ուսուցիչներից 19-ը։ ԳԹԿ-ից տեղեկացնում են՝ թեստերն իրականում հեշտ չեն եղել։ Կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյան․

«Ես կուզեի, որ շատ լուրջ վերաբերվեն ուսուցիչերը ատեստավորմանը, որովհետև ԳԹԿ–ն թեստը կազմել է ուսուցչի համար, չի կազմել աշակերտի կամ դիմորդի համար, այսինքն՝ դրանից բարձր մակարդակի թեստ պիտի կազմեր ինքը, և կազմել է։ Եթե դու սահմանափակվում ես միայն օրվա դասով, ապա ատեստավորմանը չես կարող մասնակցել, կամ շատ ցածր միավոր կստանաս, այդպես էլ կա»։

Եզդիերենից բացի մյուս 4 առարկաների ուսուցիչները մեծ թվով բողոքներ են ներկայացրել, ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկելու է դրանք․

«Թեստի բովանդակության վերաբերյալ են բողոքները, բայց ես մի փոքր մասնակցեցի թեստ գրողների քննարկումներին, ճնշող մեծամասնությամբ, եթե չասեմ 100 տոկոսով, այդքան էլ ճիշտ չէր բողոքարկումը։ Ոմանք սխալ են ընթերցել, տարընթերցել են, ոմանք էլ ճիշտ չեն հասկացել առաջադրանքի պահանջը և այսպես շարունակ։ Կամ էլ բերում են տարբեր մասնագիտական գրականություն, իսկ ԳԹԿ-ն ուղեցույցում նշել է, որ հիմք ենք ընդունում մասնագիտական այս կամ այն գրքերը, մասնագիտական այս կամ այն աշխատությունները»։

Ըստ ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին կառավարության որոշման՝ 90-100 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները ստանում են հավելավճար աշխատավարձի 50 տոկոսի չափով, 80-89- տոկոսի դեպքում նախատեսված է աշխատավարձի 40, 70-79 տոկոսի դեպքում՝ 30 տոկոսի չափով հավելավճար։ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, սակայն աշխատավրձը չի ավելանում, իսկ մինչև 60 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը հաջորդ տարի պետք է պարտադիր ատեստավորվի և եթե կրկին չգրանցի դրական արդյունք՝ կազատվի աշխատանքից։ Ուսուցիչները, սակայն, կարծում են, որ չոր գիտելիքի ստուգումը բավարար չէ աշխատավարձն ավելացնելու կամ նույնը թողնելու համար։ Ատոմ Մխիթարյանն է մանրամասնում․

«Օբյեկտիվ չափանիշներով չեն գնահատվում ուսուցիչների կարողությունները, գիտելիքները, հմտությունները և դա է դժգոհության հիմնական պատճառը ուսուցիչների մոտ։ Ուսուցիչների տեսանկյունից՝ նրանք դպրոցն ավատել են լավ գնահատականներով, հետո ավարտել են բուհը և մտել են դպրոց, որ աշխատեն որպես մանկավարժ և գնահատվեն որպես մանկավարժ։ Ատեստավորման գործընթացի ժամանակ ոչ ոք չի գնահատում նրանց կարողությունները որպես մանկավարժ և հիմնական դժգոհությունը սրանից է գալիս, որովհետև նրանց կարծիքով՝ նրանք այս փուլը վաղուց անցել են»։

Միայն գիտելիքով որոշում կայացնելու մասին բողոքները փոխանցում են ԳԹԿ-ին։ Նասիբյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ հարցը քննարկվել է, սակայն սա այս պահին աշխատավարձը բարձրացնելու միակ տարբերակն է․

«Այս հարցը քննարկվել է առաջին թեստավորման ժամանակ, և ես միանշանակ կողմ եմ։ Ուսուցչի աշխատավարձը շատ ցածր է, պետք է բարձրանա։ ԿԳՄՍ-ն ասում է՝ ես առաջարկում եմ այս տարբերակը եկեք ձեր գիտելիքը ես ստուգեմ ու բարձրացնեմ։ Հիմա այդ հնարավորությունն ունի միայն ԿԳՄՍ-ն, դրանի՞ց էլ հրաժարվենք։ Համաձայն եմ․ ուսուցչի աշխատավաձը պետք է բարձրանա անկախ այս ատեստավորումից, երկրորդ՝ եթե ուզում ես աշխատավարձդ էլի բարձրանա խնդրեմ, մասնակցի ատեստավորմանն ու էլի բարձացրու։ Չեմ կարծում, որ սա վատ նախաձեռություն է»։

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը դեռ շարունակվում է։ Վերջնական տվյալները կամփոփվեն բոլոր առարկաներից ատեստավորումն իրականացնելուց և բողոքարկման փուլը ավարտելուց հետո։

Back to top button