ԿարևորՀասարակություն

«Վիճելի» անցյալով մարդիկ ԲԴԽ–ում վստահություն չեն ներշնչում. ՔՊ-ն նոր թեկնարծուներ է առաջադրել

Բարձրագույն դատական խորհուրդը մի կառույց է, որը պետք է փորձեր ապահովել արդար դատական համակարգի կենսունակությունը, մինչդեռ  գոյության 4-5 տարիների ընթացքում այս կառույցը պարբերաբար ղեկավարներ է փոխել ու հայտնվել աղմկահարույց իրավիճակներում։  Մասնագիտական շրջանակներում կարծում են, որ վստահություն ձեռք բերելու համար նախևառաջ խնդրահարույց մարդիկ չպետք է լինեն այս համակարգում։ Մինչ իրավապաշտպանները ահազանգում են կառույցում տիրող քաոսի մասին, իշխանական խմբակցությունը խորհրդում թափուր մնացած 2 տեղերի համար թեկնածուներ է առաջադրում։ Այս առաջադրումը նաև արդարադատության նախարարությունում է փոփխություններ ենթադրում։ Արդեն շրջանառվում է հնարավոր նոր նախարարի անունը։

Վերջին սկանդալային հրապարակումներից  3 ամիս անց Բարձրագույն դատական խոհուրդը նոր անդամներ կունենա։  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել  է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցի թեկնածությունը։ Այս ամիսների ընթացքում խորհուրդը փորձեց, բայց չկարողացավ նախագահ ընտրել, և դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը կրկին ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում։ Հանրությանը հայտնի աղմկահարույց ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը փորձում էր համոզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ՝ նրան քրեական հետապնդումից ազատելու երաշխիքներ խոստանալով։

Սակայն ձայնագրության հրապարակումից հետո  հրաժարական ներկայացրեց նաև հենց ինքը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Դատավորների անկախությունը երաշխավորող կառույցում երկու տեղ դեռ թափուր է։ Ինչո՞ւ է իշխող կուսակցությունը Բարձրագույն դատական խորհուրդ գործուղում հենց արդարադատության նախարարին և նրա տեղակալին՝ խմբակցությունն իր հիմնավորումն ունի։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան.

«Հաշվի ենք առել և Կարեն Անդրեասյանի և տիկին Թումանյանցի մինչև  այս պահը կատարած աշխատանքը և մասնագիտական արժեքային համակարգը, որակները։ Ըստ էության սա քայլ է դատական համակարգի վերջնական առողջացման ճանապարհին»։

Ի տարբերություն ՔՊ-ի, մասնագիտական շրջանակներում նոր նշանակումների հետ մեծ հույսեր չեն կապում։  Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գտնում է, որ կառույցն այդպես էլ չի ծառայել այն կոչմանը, որի համար ստեղծվել էր։ «Ռադիոլուրի» հետ զրույցում իրավապաշտպանը  հիշեցրեց, որ կարևորագույն խնդիրը, որը պետք է լուծվեր 2018 թվականից հետո, նախևառաջ լյուստրացիալ վեթինգն էր, որի մասին մեկ անգամ չէ, որ խոսել են իրավապաշտպանները, փաստաբանները և հետաքրքրված կառույցները ։

«Այն տրամաբանության մեջ, որը մեզ խոստացվել էր, կաույցը չի իրականացնում իր գործառույթը։ Մենք պիտի կարողանայինք գնալ փոփոխությունների։ Դրանք կլինեին դժվար փոփոխություններ, ծանր փոփոխություններ, բայց մենք դրա անհրաժեշտությունն ունենք։ Բոլոր իմաստներով մենք այստեղ ունենք խնդիրներ։ Ունեն օրենսդրական խնդիրներ, երբ ԲԴԽ–ն ավելի շատ վերածվում է պատժող մարմնի։ Բայց պետք է լիներ ոչ միայն պատասխանատվության ենթարկող, այլև  խրախուսող, դատավորներին պաշտպանող։ Երկրորդ՝ երբ ԲԴԽ-ում հայտնվում են մարդիկ, ովքեր «վիճելի» են իրենց անցյալով, ակնկալել, որ կլինեն դրական փոփոխություններ, առնվազն միամտություն է»։

ԲԴԽ-ն  պետք է փորձեր ապահովել արդար դատական համակարգ, բայց կառույցը, որը գոյության 4-5 տարիների ընթացքում անընդհանտ ղեկավարներ է փոխել՝ մշտապես սկանդալների մեջ հայտնվելով, չի կարող հանրության վստահությանը արժանանալ, համոզված է զրուցակիցս։

«Հասարակության մեծ մասն, իհարկե, նոր է իմանում ԲԴԽ–ի՝ որպես կառույցի մասին, որովհետև բազմաթիվ սկանդալներ տեղի ունեցան կապված ԲԴԽ–ի հետ։ Մինչ այդ պահը միայն մասնագետները գիտեին կառույցի մասին, կառույցի ֆունկցիաների մասին, խնդիրների մասին։ Բայց ամենակարևոր բանը դա վստահությունն է, երբ հանրությունը վստահում է ինստիտուտին։ Որպեսզի այդ վստահությունը ձեռք բերվի, առավել խնդրահարույց մարդիկ չպիտի լինեն նման համակարգում։ Չգիտեմ՝ գործող իշխանությունները ինչ տրամաբանության մեջ շարունակեցին գործել, գուցե իրենց հետաքրքրությունները ունեին, բայց արդյունքում մենք ունեցանք ավելի վատ վիճակ ինչպես ամբողջ դատական համակարգը։ Մենք նախկինում կատակում էինք, ասելով, որ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, հիմա հասկանում ենք, որ համակարգն ուղղակի մեռնում է»։

Ստեղծված քաոսն, ըստ Կարապետյանցի երկու բացատրություն կարող է ունենալ.կամ այդպես էլ չհասկացան արդարադատության ոլորտում փոփոխությունների գնալու կարևորությունը, կամ էլ՝ նման նպատակ երբեք չի էլ եղել։ Եթե համակարգային փոփոխություն չկա, փոքր իրավիճակային լուծումներով ոլորտում բարեփոխումներ չեն կարող լինել։ Քանի դեռ  չկան այդ ֆունդամենտալ փոփոխությունները, արդարադատություն էլ որպես այդպիսին չի կարող լինել, համոզված է Նինա Կարապետյանցը։ Նա ընդգծում է՝  եթե մի կառույց ի սկզբանե վստահություն չի ներշնչել, արդեն էական չէ, թե ով կդառնա դրա անդամ կամ ղեկավար։

Արդեն  շրջանառվում է նաև  հնարավոր նոր արդարադատության նախարարի անունը։ ՀՀ արդարադատության նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու փոխնախարար Գրիգոր Մինասյանը, որից հետո քաղաքական իշխանությունը կորոշի, թե ով կլինի նախարար։

Back to top button