ԿարևորՄիջազգային

«Ուկրաինան դե ֆակտո պայքարը շարունակելու է ՌԴ տարածքում». քաղտեխնոլոգ

Ուկրաինայի ռուսական վերահսկողության տակ գտնվող շրջաններում` Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներում Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեները Կիևը չի ճանաչում, հետևաբար ռազմական գործողությունները չեն դադարելու, ռմբակոծությունները շարունակվելու են` կարծում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի` նշված տարածքները Մոսկվայի կողմից Ռուսաստանի անբաժանելի մաս հայտարարվելուց հետո «ռազմական հատուկ գործողություն»-ը կվերանվանվի «հակաահաբեկչական գործողության» և սրանով որոշակի բեկում կմտցվի ռուս-ուկրաինական պատերազմում։ «Իրադարձությունների նման զարգացման դեպքում, ինչը անխուսափելի է, Ուկրաինան արդեն «դե ֆակտո» պայքարը շարունակելու է ՌԴ տարածքում։ Ստեղծված իրավիճակը ռուսական կողմը դիտարկում է որպես նոր հնարավորություն։ Հակամարտության նոր շրջափուլում կողմերը փորձելու են վերադարձնել կորցրած տարածքները»,-ասում է քաղտեխնոլոգը։

«Ուկրաինան այժմ փորձելու է վերականգնել մինչև փետրվար քսանչորսյան իրականությունը, իսկ Ռուսաստանը, բացառությամբ արևմտյան Ուկրաինայի,  փորձելու է ուկրաինական մյուս տարածքները միավորել  դաշնության կազմում՝ սրանով վերացնելով, ինչպես Մոսկվան է որակում, Արևմուտքի կողմից ստեղծված անկախ հակառուսական քաղաքական միավոր Ուկրաինան»։  

Երբ և որտեղ է հատվելու ռուս-ուկրաինական հակամարտության կարմիր գծերը, ներկա իրողությունները կողմերին մոտեցնո՞ւմ, թե՞ հեռացնում են  բանակցային հնարավոր գործընթացից։ 

Back to top button