Էկոսֆերա

Մոլորակը կդառնա անմարդաբնակ․ ջերմամիջուկային պատերազմը պետք է կանխել․ «Էկոսֆերա»

Պատերազմական գործողությունները որքանո՞վ են նպաստում երկրաշարժերի առաջացմանը։ Արդյո՞ք, թշնամու ռմբակոծությունից հետո կարող են արձանագրվել երկրաշարժեր։

Մեր տարածաշրջանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ 44-օրյա պատերազմից հետո, նաև սեպտեմբերի 12-ի լույս 13-ի ռմբակոծությունից հետո հաջորդող օրերին եղան հաղորդագրություններ՝ ՀՀ-ում գրանցված երկրաշարժերի մասին։

Քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջացավ, թե արդյո՞ք դրանք կապ ունեն ռազմական գործողությունների հետ, եթե՝ այո, ապա սպասե՞լ խոշոր երկրաշաժի, թե՞ պարզապես դրանք զուգադիպություններ էին։

Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հետ։

Նրա խոսքով՝ չնայած պատերազմը բերում է բազմաթիվ աղետներ՝ մարդկության և էկոլոգիայի առումով, այսուհանդերձ չենք կարող պնդել, որ մեր տարածաշրջանում երկրաշարժ կարող է առաջանալ պատերազմի հետևանքով։

«Ուղղակի ռազմական գործողությունները նպաստեն երկրակեղևի շարժի ակտիվացմանը, նման փաստեր շատ քիչ կան, սահմանափակ են։ Այն զինատեսակները կամ պայթուցիկ նյութերի քանակը, որոնք օգտագործվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, դժվար թե բերեին երկրակեղևի շարժի, դեֆորմացիայի փոփոխության։ Այդ օրերին գրանցված ցնցումներն ուղղակի զուգադիպություն էին, հայտնի է,որ մեր տարածքը սեյսմիկ ակտիվ գոտում է և ժամանակ առ ժամանակ ակտիվություն է նկատվում, որոշ ժամանակ էլ՝ պասիվություն։ Այսինքն՝ դա կապ չունի պատերազմի հետ։ Առանձին դեպքեր իհարկե կան աշխարհում ՝ ջերմամիջուկային զենքի օգտագործման դեպքում։

Օրինակ՝ անցյալ դարի 60-ականներին, երբ Խորհրդային միությունում փորձարկվում էր գերհզոր միջուկային զենք՝ 50 մեգատոննա, առաջ բերեց երկրակեղևի տեղաշարժի։ Այս հանգամանքը գիտնականներին ստիպեց հետագայում հետ կանգնել 100 մեգատոննանոց ջրածնային ռումբի պայթեցումից։ Այսօրվա դրությամբ սողացող ջերմամիջուկային պատերազմը իր մեջ մեծ վտանգ է պարունակում՝ ոչ միայն մարդկության վերացման, այլև երկրի ձևի, առանցքի դիրքի փոփոխության առումով։ Այս դեպքում մարդկության համար երկրագունդը պարզապես կդառնա անմարդաբնակ։ Դրա համար սողացող միջուկային պատերազմը բոլոր գներով պետք է կանխել»,- ասաց գիտնականը։

Back to top button