Գերդաստաններ

Մալխասյաններ․ ձիակառքով հիվանդներին այցելող բժշկից մինչև անվանի վիրաբույժ ու ուրոլոգ․ «Գերդաստաններ»

1950-ականներին Հայաստանում առաջին անգամ կատարվեց էզոֆագոպլաստիկա ։ Հեղինակը անվանի վիրաբույժ, պրոֆեսոր Վիգեն Մալխասյանն էր, ում ընտանիքի պատմությանն էլ անդրադառնալու ենք այսօր։

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, Թիֆլիսի ենթասպայական դպրոցում սովորող հայ երիտասարդների թիվը շատ էր։ Նրանց մեջ էր նաև Արամայիս Իվանի Մալխասյանը, որը այս դպրոցից հետո գերադասեց սովորել բժշկական հաստատությունում և դարձավ շատ հմուտ մասնագետ։ Նա ձիակառքով շրջում էր գյուղից գյուղ և բժշկում տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց։

Վիգեն Մալխասյանը 16 տարեկան էր, երբ ընդունվեց Մոսկվայի բժշկական համալսարան, ապա ստիպված եղավ լքել իր ուսանողական մայրաքաղաքը, որովհետև ժողովրդի թշնամու որդի էր համարվում։ Այնուհետև տեղափոխվեց Դոնի Ռոստով՝ քեռու մոտ։ Այդ ժամանակ այստեղ էր տեղակայված Վարշավայի բժշկական համալսարանը, և ապագա բժիշկը հնարավորություն ուներ շփվելու ժամանակի բոլոր վաստակավոր մասնագետների հետ։

Վիգենին որոշում կայացրեց ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ։ Պատերազմի տարիներին արագացված դասընթաով նա ավարտեց այն ու աշխատանքի անցավ զինվորական հոսպիտալում։ 1944 թվականին նա ստանձնեց Էվակոհոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պաշտոնը և միաժամանակ ներդրեց համակցված բուժման եղանակներ։ Նա առաջին անգամ Հայաստանում կատարեց էզոֆագոպլաստիկա, որն ավարտվեց երկու փուլով՝ նախկին բազմափուլ վիրահատությունների փոխարեն։ Իսկ ստամոքսի խոցի հիվանդությունների դեպքում շատերը հենց նրան էին վստահում։

Վիգեն Մալխասյանը նաև փորձարարական աշխատանքի շնորհիվ ցույց տվեց, որ ասկարիդների թույնը խթանում է աղիների տոնուսը և շարժունակությունը, միաժամանակ առաջացնում նյարդառեֆլեկտոր տեղաշարժեր։

Վիգեն Մալխասյանի երեխաները՝ Նատալյա և Անդրեյ Մալխասյանները ևս ընտրեցին բժշկի մասնագիտությունը։
Անվանի բժշկի թոռը՝ Մոսկվայի Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, Վիգեն Անդրեյի Մալխասյանը բժշկական գիտությունների թեկնածու է, ավարտել է Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանը։ Նա այսօր Մոսկվայում հայտնի է որպես առաջնակարգ մասնագետ։

Back to top button