ԿարևորՀասարակություն

Խաղողի մթերումն օրհասական խնդիր. արմավիրցիների բերքը մնացել է այգիներում

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքում են մթերման ընթացքից: Այգեգործներն արդեն 2-րդ տարին բախվում են նույն խնդրին. «Երևանի Արարատ գինու, կոնյակի և օղու գործարանի» Ամասիայի մասնաճյուղը խաղող չի մթերում: Լուրեր են շրջանառվում, թե, եթե մասնաճյուղն աշխատի, ապա միայն անցած տարվա պարտքատերերից 1 կգ 100 դրամով կընդունի միայն մեկ բեռնատար խաղող: Գործարանն անցած գարնանը գյուղացիներին պարտքով բուժանյութեր, պարատանյութ ու հենասյուներ է վաճառել: Խաղողագործները խնդրի լուծումն ակնկալում են մարզի ղեկավարությունից ու կառավարությունից:

Խաղողը հասել  ու մնացել է այգիներում։ Գյուղացին դարձյալ մոլորության մեջ է՝ խաղողը չի կարողանում մթերել: Արմավիրի մարզի Շենավան, Գետաշեն, Բերքաշատ,Նոր Ամասիա և ևս մի շարք գյուղերի այգեգերծներն, ինչպես անցած տարի, այնպես էլ հիմա խաղողի մթերման խնդիր ունեն: Այս համայնքների այգեգործները տարիներ շարունակ  բերքն իրացրել են «Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատի» Ամասիա գյուղում գործող մթերման կետում։

 «Անցած տարի էլ նույն ձևով ընկել ենք դռնեդուռ, ուղարկեցին տարբեր տեղեր, տարբեր մթերման կետերում կարողացանք կիսատ-պռատ իրացնել: Հիմա դեռ չեն ասել՝ որտեղ ընդունենք, միայն պարոն Ծառուկյանի մոտ են ընդունելու՝ 1կգ 100 դրամով, այն էլ միայն նրանց, ովքեր անցած տարվանից պարտք են մնացել»:

«Խաղողը 100 դրամով կընդունի նրանցից, ովքեր բուժանյութ են վերցրել, ամեն մեկին մի բեռնատար, թե չէ նույնիսկ 50 տոննա պայմանագիր ունեցած էլ լինես, միայն մի մեքենա է ընդունելու»:

Ամասիայի  մասնաճյուղի գործընկերներին  այգիների մշակման համար անհրաժեշտ նյութեր են վաճառել,  որոնց գումարը նախատեսել էին գանձել  մթերման ժամանակ, բայց անցած տարի խաղողի մթերում չի եղել:  Նոր Ամասիայի բնակիչ  Մանուչար Հարոյանը 3 հա խաղողի այգի ունի, երկար տարիներ բերքը  իրացրել է Ամասիայի մասնաճյուղում.

«80տ-100 տ նախորդ տարիներին ընդունել է տարբեր գներով՝ 145դրամ, 150, 160 դրամ, տարբեր տարիներին՝ տարբեր գներով»:

Այս տարի Մանուչար Հարոյանը շուրջ 120 տոննա խաղող ունի այգիներում, բայց դեռ չի քաղել: Ասում է՝ անցած տարի մի կերպ կառավարության աջակցությամբ մթերեցին տարբեր գործարաններում, այս տարի դեռ պատասխան չկա, իսկ 100 դրամով գյուղացիները չեն մթերի։

«Ծառուկյանի գործարանի պահով ասեմ՝ ժողովո՛ւրդ,  մարդ կա, որ ուզում է 100 դրամով խաղող հանձնի՞: Պատասխանը՝ ոչ, ուրեմն՝ կարող են չբացել»:

Այգեգործները  հավաքվել են մարզպետարանի մոտ և խնդրի լուծում էին  ակնկալում: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նրանց փոխանցեց  կառավարության առաջարկները.

«Որոշման նախագիծը երեկ ենք ստացել, հավանություն են տվել և ուղարկել, որ Պռոշյանի գործարանի մթերման պայմանները բարելավվել են: Իմ կարծիքով՝ առաջիկա օրերին Պռոշյանի մթերման հարցը կհստակեցվի»:

Խաղողի մթերման դժվարություններն այս օրերին հրատապ լուծում են պահանջում: Գյուղացիներն ասում են, որ արդեն 2 տարի նույն խնդրին են բախվում, ճարահատ ու հուսահատ են.

«Ընկերությունները 3 օր են պայմանագրեր կնքել, չգիտենք էլ ում հետ կնքեցին, 3 օր հետո ասացին՝ գնացեք, վերջացավ, էլ չենք կապում պայմանագրեր, գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք: Իսկ խաղողի մշակությունը 3 ամսվա պատյմություն չի, որ վարես ցանես, հավաքես, տարիների տանջանք է ու հիմա չենք կարողանում իրացնել: Ի՞նչ անենք, քանդե՞նք»:

Արմավիրի մարզխորհրդի այսօրվա նիստում մարզի գլխավոր գյուղատնտես Արթուրն Այվազյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ  խաղող վերամշակող ձեռնարկությունները մթերել են 35 հազար 551 տ խաղող:

 «Գործող մթերող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել 76.000 տ. Խաղող, այսինքն՝ դեռևս խնդրահարույց է մնում 14 հազար տոննա խաղողի իրացումը: Բայց սա այն դեպքում, եթե «Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատի» Ամասիայի մասնաճյուղը մթերում իրականացնի»:

 Հակառակ դեպքում՝ խաղողի ավելցուկը կկրկնապատկվի: Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ շահագրգիռ է այդ խնդրի լուծմամբ:

 «Իմ տեղեկություններով կառավարությունը քննարկում է լրացուցիչ արտոնյալ պայմաններով, արտոնյալ վարկերի տրամադրման հնարավորությունը և դրանով մթերող կազմակերպությունները հնարավորություն կունենան օգտվելու այդ ծրագրից ու ավելացնելու մթերման ծավալներն  իրենց պլանավորածից»:

Այս տարի խաղողի մթերման գները ևս ցածր են։ Միայն Երևանի կոնյակի գործարանն է ընդունում 1 կգ-ը 155 դրամով, իսկ մյուս ձեռնարկատերերն ավելի ցածր գին են առաջարկել՝ 120 դրամ: Խաղողի մթերման խնդրի վերաբերյալ սպառիչ պատասխան ստանալու համար Ամասիայի, Բերքաշատի, Գետաշենի, Շենավանի այգեգործներն ուղևորվել են կառավարություն:

Back to top button