Վերնատուն

Սարյանի Հայաստանը՝ ոչ թե «դարդ ու ցավի», այլ՝ կենսունակության երկիր․ «Վերնատուն»

«Արվեստ և ինքնություն» նախագիծը էսսեիստ, ցուցահանդեսների համադրող, արվեստի քննադատ Էլլա Կանեգարյանի երկրորդ վիրտուալ ցուցադրությունն է, որն անդրադառնում է Սարյանին և նրա ստեղծագործությանը։

Նախագիծը անգլերեն լեզվով է և տեղադրվել է Google Art and Cultural միջազգային հարթակում, որտեղ ներկայացված են աշխարհի ամենակարևոր արվեստի կենտրոններն ու ինստիտուցիաները։ Մինչև վերջերս այդ հարթակում Հայաստանը գրեթե ներկայացված չի եղել։

Մարտիրոս Սարյանը, ինչպես ասում է նախագծի հեղինակը, «ամենաներկայանալի ու հայկականության հետ կապված արվեստագետն է, որը, միևնույն ժամանակ, չհասկացված է հասարակության կողմից»։

Հավաքելով նյութեր և վայելելով Սարյանի տուն թանգարանի ու ընտանիքի աջակցությունը՝ Էլլա Կանեգարյանը անգլերենով ներկայացրել է Սարյանին ու Հայաստանը։ Աշխատելու ընթացքում պարզել է, որ ինքը նույնպես բավարար չափով չգիտի արվեստագետին։

«Մենք չգիտենք, թե ինչի մասին են Սարյանի գույները և ինչ դժվարությամբ են դրանք ստեղծվել։ Մենք Սարյանի գործերը ունենք բնական հյութի վրա, որպես պիտակ, բայց չգիտենք, թե Սարյանն ինչի մասին է», ասում է Էլլա Կանեգարյանն։

Սարյանի արևելյան ճամփորդությունների շարքը ներկայացնում է Հայաստանի ամբողջական կերպարը։ Սարյանը կարևորում է արևելյան ու արևմտյան մշակույթների կենտրոնում լինելու փաստը։ «Բազմաշերտ ինքնություն ու պատմություն ունենք, նույնը մեր լեզուն է, այդ տարբերությունները ոչ թե պետք է խեղդել, այլ ընդգծել, այդ տարբերությունները խոսում են մեր առանձնահատկությունների մասին և կապերի բազմազանության, որ մենք ունենք ամբողջ աշխարհի հետ»,– ասում է Էլլա Կանեգարյանը։

Սարյանին մեղադրել են, որ իր ժողովրդի համար դառը և մութ շրջանում վառ և լուսավոր գույներով է նկարել։ Արվեստագետն ընտրել է կենսունակությունը՝ ասում է Էլլան։ Հայաստանը Սարյանի համար եղել է ոչ թե «դարդ ու ցավի» ՝ այլ կենսունակության երկիր։

«Եթե ուշադիր դիտենք մեր վարքը, ամենակրիտիկական պահերին մենք վարքով դեպի կյանք ենք ձգտում, մենք ողբացող չենք, հակառակ՝ կենսուրախ ենք և կառուցողական»,– ասում է ցուցադրության հեղինակը։

Back to top button