ԿարևորՔաղաքական

Միրզոյանը և ֆրասնիացի սենատորների հետ քննարկել է տարածշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:  

Նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը: 

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցերին: Նախարար Միրզոյանը ֆրասնիացի սենատորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու փորձերն անթույլատրելի են և պետք է միանշանակորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ֆրանսիայի ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Նախարար Միրզոյանը կարևորել է նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը:

Back to top button