ԿարևորՔաղաքական

Կոնսոլիդացիա, ցավոտ լուծումներ, փաստաթուղթ․ առաջին և երկրորդ նախագահների թեզերն ու հակաթեզերը

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների՝ Մայր աթոռում կաթողիկոսի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցած   հանդիպումը  եզրափակվեց սեղմ ու հակիրճ հաղորդագրությամբ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, մասնակիցները որոշել են շարունակել հանդիպումները։

Հանդիպումից 5 օր անց էլ քննարկման բովանդակային  մանրամասները  հայտնի չեն, բայց որոշ դետալներ հանրայնացվել են։ Հանդիպման մասին խոսել են  առաջին և երկրորդ նախագահները․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում , Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում։ Նախկին նախագահները հեռակա բանավեճ են ծավալել առանցքային հարցերի շուրջ։

Հայաստանի առաջին նախագահը Վեհափառի նախաձեռնած հանդիպումից հետո զգոնացրեց՝  հարկավոր է կոնսոլիդացիա, իշխանության ու ընդդիմության երկխոսություն՝ ճակատագրական պահին Հայաստանի ապագայի հարցով համատեղ որոշում կայացնելու համար։

«Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա», — հայտարարել էր  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա՝ ասում է երկրորդ նախագահը և մանրամասնում՝ պետք է կոնսոլիդացվել հանուն բարձր նպատակների․

«Կան շատ պարզ քայլեր, որ օրհասական վիճակներում կիրառվում են։ Առաջինը հանրային կոնսոլիդացիան է, սա ուղղակի անհրաժեշտ պայման է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Կոնսոլիդացիան վերացական չի լինում՝ օդում կոնսոլիդացիա։ Սովորաբար այն լինում է բարձր նպատակներին հասնելու համար։ Ի՞նչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելուն։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար։ Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա։  Կապիտուլյացիայի համար, հակառակը, պետք է դեկոնսոլիդացիա»։

Առաջին նախագահը նաեւ նշել էր՝  ստեղծված իրավիճակում այլընտրանք գրեթե չկա, մանևրելու մեծ հնարավորություններ՝ նույնպես։ Տեր–Պետրոսյանի կարծիքով՝  ով էլ ստանձնի իշխանությունը, չի կարող խուսափել կապիտուլյացիայից, գուցե ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։

Ռոբերտ Քոչարյանը համամիտ չէ այս մոտեցմանը, զուգահեռներ է տանում 1992 թվականի հետ․

«Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է եւ նա մոտավորապես նման մոտեցում ունեցել է նաեւ 1992 թվականին։ Ես երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականներին։ Այո, վիճակը ծանր է, այո կան բազմաթիվ պրոբլեմներ, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվենք եւ ընդունենք այն պարտադրանքները, որ արվում են Հայաստանի նկատմամբ»։

Արցախը կորցնելու անխուսափելիություն կար 1992 թվականին, սակայն պետական պաշտպանության կոմիտե ստեղծվեց եւ լուրջ հաջողությունների հասանք՝ հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ասում է՝ պատրաստ է օգնել այն անձին, ում կհաջողվի կոնսոլիդացնել հասարակությանը․

«Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, դա պետք է լինի մի թեկնածու, որն ընկալելի է եւ իշխանության,  եւ ընդդիմության համար։  Ուրիշ մոդել չկա․․․ հանրային ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանը ընտրել ցանկալի թեկնածու, այն ինչ եղավ 2018 թվականին։ Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը դեռ չունի։ Կարո՞ղ է վաղը լինել՝ այո»։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Արցախյան խնդրում Ռուսաստանի դերակատարության մասին, ասել էր, թե հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև ուկրաինական  պատերազմը, հիմա այնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է․ 

«Հիմա դուք Ռուսաստանից ինչ-որ ակնկալիք կարո՞ղ եք ունենալ, հիմա շատ վտանգավոր վիճակ է, այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Գուցե կարելի է ասել, որ Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է»,-ասել էր Տեր–Պետրոսյանը։

Ռուսաստանի դերակատարության մասին Ռոբերտ Քոչարյանը խոսում է այսպես կոչված միջանցքի շուրջ քննարկումների օրինակով․

«Միջանցք կոչեցյալը ո՞ւմ համար է պրոբլեմ ստեղծում․ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի, ոչ Ռուսաստանի համար ։ Ամենամեծ խնդիրը  Հայաստանի համար է եւ  Իրանի։ Եվ եթե մի երկիրը դա համարում է իր համար մեծ խնդիր, ապա պետք է ջանքեր գործադրի եւ ռեսուրսներ ներդնի այդ պրոբլեմը չեզոքացնելու համար։ Եվ դա երբեք չպետք է  հակադրել Ռուսաստանի շահերին, հակառակը՝ եթե իրենք պատրաստ են, կարող ենք իրենց մասնակից դարձնել»։

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ  պետք է ավելի ակտիվ համագործակցել Թեհրանի հետ, առավել եւ, որ այդ երկիրը պատրաստ է ավելի լայն համագործակցության։

Back to top button