ԿարևորՔաղաքական

Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Սենատ ներկայացված բանաձևը Հայաստանի համար

Ամերիկացի սենատորներ Բոբ Մենենդեսը և Մարկո Ռուբիոն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող երկկուսակցական բանաձև  են ներկայացրել ԱՄՆ սենատի քննարկմանը։ Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը  դատապարտում  է Ադրբեջանի վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետռության վրա։ Բանաձևով  նաև կոչ է արվում  Միացյալ Նահանգների կառավարությանը անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ 

Փաստորեն, Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունից զրկելուն, պատժամիջողների կիրառմանը, ինչպես նաև հայկական շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը մտնում են նաև ԱՄՆ Սենատի օրակարգ։ Ավելի վաղ այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։

Հայաստանյան փորձագետների դիտարկումներն ու սպասելիքները քննարկվող բանաձևերից միանշանակ չեն։ Փորձագիտական շրջանակներում ընդհանուր գնահատականն այն է, որ նման քննարկումներն, անկախ արդյունից, դրական են, սակայն բոլոր հարցերում է հարկավոր զգուշավոր լինել և չշտապել։

Երկկուսակցական բանաձևը ամերիկյան Սենատում շրջանառության մեջ է դրվել  Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային ի պատասխան։ Դրանով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում պաշտոնական որոշում կայացնել՝ արդյո՞ք ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատժամիջոցների ենթարկվեն «Մարդու իրավունքների համար պատասխանատվության գլոբալ Մագնիտսկու օրենքի»  համաձայն:

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը դրական է համարում, որ նման քննարկումները հասել են Սենատ։ Նա կարծում է, որ դա կարևոր է, անգամ, եթե որոշում չընդունվի, քանի որ, նրա ձևակերպմամբ, նոր աշխարհակարգի հիմնական լոկոմոտիվը ԱՄՆ-ն է։ Հենց այդ առումով էլ կարևոր է ցանկացած մակարդակի քննարկում այդ երկրում․

«Անկախ նրանից ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական կամ  ռազմատեխնիկական աջակցությունը Ադրբեջանին, թե ոչ, ամբողջ տրամաբանությունն այն է, որ պետք է դադարեցնի։ Բայց հաշվի առնելով, թե ինչպիսի միջոցների են տիրապետում Ադրբեջանն ու Թուրքիան, նրանք զենք ձեռք բերելու պրոբլեմ չունեն, տարբեր հնարավորություններ ունեն, սա ավելի շատ քաղաքական կշիռ  ունեցող որոշում կարող է լինել,  ոչ այնքան՝ ֆինանսական կամ ռազմատեխնիկական»։

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը նույնպես դրական է համարում քննարկումները, սակայն գործնական քայլերի առումով լավատես չէ։ 44-օրյա պատերազմից հետո որևէ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չտեսանք՝ հակառակ այն բանի, որ Ուկրաինայի դեպքում արձագանքը շատ կտրուկ ու գործնական եղավ՝ նկատում է նա․

«Իմ կարծիքով, սա ավելի շատ  դեկլարատիվ բնույթ է կրելու։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ գործը կհասնի կոնկրետ գործողությունների՝ Ադրբեջանը պատժվի կամ նրա նկատմամբ ինչ-որ սանկցիաներ կիրառվեն։ Որովհետև դա արդեն պետք է կիրառվեր, շատ ավելի շուտ, ինչպես, օրինակ՝ Արեւմուտքը միանգամից արձագանքեց, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա»։

Նույն Արևմուտքին ձեռնտու չէ շատ ճնշել Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը որոշակի չափով դիտարկվում է որպես դեպի Եվրոպա գազի մատակարարման այլընտրանք՝  կարծում է Տիգրան Քոչարյանը։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, սակայն, պմդում է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ վերաբերմունքն ընդգծված ու հասցեական է՝ նաև Ադրբեջանի, մասնավորապես, Հայաստանի վրա վերջին հարձակումների առնչությամբ.

«ԱՄՆ-ն ասում  է, որ ուժի սպառնալիքով չի կարելի սահմանները վերաձևել։ ԱՄՆ-ն  ու ԵՄ-ն այդ նույն խնդիրը դնում են Ռուսաստանի առաջ։ ՀՀ իշխանություններին և հասարակությանը հաջողվեց հասնել նրան, որ զուգահեռներ անցկացվեց ռուսական ագրեսիայի՝ իր հարևանի վրա  հարձակվելու և վերաձևելու սահմանը, և Ադրբեջանի ագրեսիայի՝  իրենից ավելի թույլ պետության վրա  հարձակվելու  առիթով»։

Սենատում ներկայացված Մենենդեսի բանաձևում նաև կոչ է արվում Պետդեպին՝  կատարել բոլոր կանոնադրական հաշվետվությունների պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը վերանայելու համար կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) վերջին զեկույցից հետո։ 

Ի դեպ,  այդ զեկույցում  ասվում  է,  որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է բացառություններ անել՝ շրջանցելով 1992-ի օրենքը,  որով  արգելվում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ առանց օրենքով սահմանված պարտադիր հաշվետվողականության և հիմնավորման պահանջների։

«Հայկական տարածքի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումը և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անսիրտ հարձակումները մարդկային կյանքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի սարսափելի դրսեւորում են»,- նշել է Մենենդեսը բանաձևում։

Բանաձևում նաև այսպիսի ձևակերպում կա․

 «Միացյալ Նահանգները պետք է համադրի աջակցության խոսքերը Հայաստանի ժողովրդի վճռական գործողությունների հետ: Այս բանաձևով մենք հստակ հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է ճիշտ վարվելը և մեկընդմիշտ դադարեցնելն  աջակցությունը Ադրբեջանին անվտանգության ոլորտում»:

Բանաձևը Բոբ Մենենդեսը ներկայացրել է սենատոր Մարկո Ռուբիոյի հետ համատեղ։ Հիշեցնենք, որ մինչ այդ էլ սենատոր Մենենդեսը նամակ էր հրապարակել՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Այդ նամակով նա կոչ էր անում Բայդենի վարչակազմին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի վերսկսված ռազմական  ագրեսիան հետ մղելու փորձերում  հայ ժողովրդին աջակցելու համար:

Պետքարտուղարին ուղղված նամակում սենատորը գրել էր, մեջբերում․

«Քանի որ մենք ադրբեջանական վերջին հարձակման ականատես ենք,  վարչակազմը չպետք է նսեմացնի ադրբեջանական հարձակումը՝ անաչառ երևալու համար։ Նախագահ Բայդենը 2022-ի իր ելույթում ասել է, որ «…երբ բռնապետները գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք է՛լ ավելի մեծ քաոս են առաջացնում։ Միացյալ Նահանգները հնարավորություն ունի աջակցելու հայ ժողովրդին, երբ նա փորձում է հետ մղել ավտորիտար հարձակումը»։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահի վճռականությունը, որով խոսում է, առնվազն տարօրինակ կլինի, եթե ավելի փոքր տրամաչափի ագրեսորին չբացատրեն ու կարգի չհրավիրեն։ ԱՄՆ-ից նաև հասցեական կոչ է հնչել՝  ետ քաշել զորքերը ելման դիրքեր, հիշեցնում է Անտինյանը։ Քաղաքագետը կարծում է, որ նման շեշտադրումներով քննարկումներն անգամ բավարար են, որ Ադրբեջանը հասկանա, որ արդեն իսկ գործ ունի ԱՄՆ-ի հետ․

«Արդեն Ադրբեջանը հասկանում է, որ այլևս ինքը գործ ունի ԱՄՆ-ի հետ։ Իսկ եթե ԱՄՆ-ն ցանկանում է ցույց տալ, որ պետք է կարգի հրավիրել ագրեսորին՝ ով ուզում է լինի, նա չի կարող ասել՝ եկեք կարգի հրավիրենք ագրեսորին, որը մտել է Ուկրաինա, բայց ասի՝  եկեք չնկատենք, որ մի ագրեսոր էլ մտել է Հայաստան»։

Տիգրան Քոչարյանի կարծիքով, սակայն, պետք է հասկանալ,  ապրում ենք  «ռեալ պոլիտիկի» աշխարհում։ Երկակի ստանդարդների կիրառման դեպքերն էլ շատ են։ Նա հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ այն, ինչ թույլատրված է Զևսին, չի կարելի եզին և եզրակացնում՝ այն, ինչ արվում է Ուկրաինայի համար, հազիվ թե արվի Հայաստանի համար,  կամ՝ այն ինչ իրենից ներկայացնում է Ռուսաստանը Արևմուտքի համար, նույն վտանգը չի ներկայացնում Ադրբեջանը․

 «Այսպես ասեմ՝ յուրաքանչյուր ճնշում Ադրբեջանի նկատմամբ, դա լավ է և գովելի, պարզապես՝ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել այս աշխարհաքաղաքական բախման ընթացքում և որոշակի վեկտորի փոփոխություն հապշտապ, հապճեպ չանի, քանի որ դա կարող է վատ անդրադառնալ երկրի անվտանգության վրա»։

Հետեւաբար, ըստ Քոչարյանի՝  պետք չէ ո՛չ շատ ոգևորվել, և ո՛չ էլ  կտրուկ գնահատականներ տալ այն դաշնակից երկրներին, որոնք ինչ-ինչ պատճառներով  կաշկանդված են որոշակի քայլեր կատարելու հարցում։

Իսկ Էդվարդ Անտինյանը համոզված է, որ ԱՄՆ վարչակազմը վճռական է տրամադրված, այսօր Վաշինգտոնի դիրքորոշումները Հայաստանի համար բավականին բարենպաստ են։ Այդ առումով, ըստ նրա, ճիշտ աշխատանքի դեպքում, կարելի է ակնկալել, որ ԱՄՆ Սենատում ներկայացված վերջին բանաձևը նույնպես հաջողություն կունենա։ Դա կնշանակի, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի պատժել Ադրբեջանին, իսկ դա անելու ձևերը Միացյալ Նահանգները լավ գիտի։

Back to top button