ԿարևորՀասարակություն

80 հայ ռազմագերու ճակատագիրն անորոշ է. Ադրբեջանը կոծկում է տվյալները, ի՞նչ է անում Հայաստանը  

44-օրյա պատերազմից երկու տարի անց ի՞նչ է արվել՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային ատյաններում դատապարտելու, պատժելու,ինչպես  նաեւ՝ գերիներին  վերադարձնելու ուղղությամբ։ Ի՞նչ միջազգային մեխանիզմներով են պաշտպանվել գերեվարված անձանց իրավունքները։ Արդյո՞ք բոլոր գործիքներն ու մեխանիզմներն են կիարառվել և ի՞նչ չի արվել։ Այս հարցերի շուրջ են այսօր խոսել  խնդրով զբաղվողները՝ մանրամասնելով միջազգային իրավունքի ներդրված գործիքակազմն ու հնարավոր քայլերը։  

44-օրյա պատերազմից երկու տարի անց էլ չափազանց կարևոր ու զգայուն խնդիր է շարունակում մնալ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Մինչ օրս Ադրբեջանը իրավական և քաղաքական ջանքերի շնորհիվ Հայաստանին է վերադարձրել  գերեվարված 156 անձի ։ Սակայն դեռևս կան Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ դեռևս գերության մեջ է շուրջ 8 տասնյակ մարդ։ Այդ փաստը, սակայն, ադրբեջանական իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում, ավելին, ըստ Սիրանույշ Սահակյանի, այս ընթացքում գերեվարվարծները ենթարկվել են բռնությունների։

«Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մենչև ս եպտեմբերի 13-ի պատերազմը  33 էր, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր։ Դրանց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում ևս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով»։

Հիշեցնենք, որ վերջերս ՄԻԵԴ-ը հայկական կողմի ներկայացրած հայցի հիման վրա Ադրբեջանից պատասխաններ էր պահանջել նոր գերեվարվածների մասով։ Ադրբեջանը դիմել էր կառույցին, խնդրելով երկարացնել տեղեկություններ տրամադրելու ժամկետը։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 29-ն է ժամանակ տվել՝ սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո գերեվարվածների վերաբերյալ տեղեկություններն ի մի բերելու և ներկայացնելու համար։ Սիրանուշ Սահակյանը հույս ունի, որ դրանից հետո հնարավոր կլինի ավելի  հստակ հասկանալ, թե սեպտեմբերի 13-ից հետո քանի հայ գերի կա Ադրբեջանում ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը պարզաբանում է, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա։ Դրանք լրացվում են նաև այլ փաստաբանների կողմից։ Սահակյանը հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ում միաժամանակ կա նաև միջպետական գործընթաց.

«Որի առարկան ներառում է նաեւ գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը եւ, ինչու ոչ, նաեւ հայրենադարձումը»։ 

Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում՝ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի» համատեքստում։ Փաստաբանը կարծում է, որ այդ տեսանկյունից, իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով՝ աննախադեպ, քանի որ նախկինում Հայաստանը զերծ է մնացել որևէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց։ Չնայած անհատական ջանքերի շնորհիվ այդպիսի բնույթ ունեցող գործեր եղել են, պետությունն իր դեմքով առաջին անգամ է այդքան ակտիվ գործում միջազգային իրավական ատյաններում։ Սահակյանը նկատում է, որ կան բավարար փաստեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը գերիներին պատանդ է պահում քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Այդ առումով, ըստ փաստաբանի, մեկ բաց կետ կա, որն անհրաժեշտ է, որ պետությունը լրացնի.

«Թերևս միակ բացը, որը կարելի է լրացնել իրավական գործընթացում, դա պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերի լինելուց  և նրանք, որպես պատանդներ, պահվում և օգտագործվում են միջոց՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումը ուժեղացնելու նպատակով։ Եվ նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից»։

Փաստաբանի այս գնահատականը կիսում է միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ համակարգող Աննա Մելիքյանը։ Նշում է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո իրենք, մի շարք ՀԿ-ների հետ համագործակցելով, բավականաչափ փաստեր են հավաքագրել ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Հրապարակվել է զեկույց՝ մարդու իրավունքների խախտումների համատեքստում։   

«Որովհետև փորձը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներն այս պահի դրությամբ փոքր-ինչ ավելի արդյունավետ են՝ օգտագործելու առումով։ Հատկապես  պետության՝ պատասխանատվության ենթարկելու համատեքստում։ Քանի որ անհատական քրեական պատասխանատվության մեխանիզմները, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում այդքան արդյունավետ չեն գործում և չեն կարող դեռևս որևէ արդյունք ցույց տալ»։

Աննա Մելիքյանն ասում է, որ բոլոր հնարավոր հարթակներով զեկույցը փորձում են հասցնել որոշումներ ընդունողներին։ Պետք է հասնել նրան, որ այդ խախտումները թույլ տված ադրբեջանցի զինծառայողները պատժվեն։ Իսկ որ փաստերը բավարար են՝ զեկույցն է վկայում։ Համաձայն զեկույցի՝ գերեվարումներն ուղեկցվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով, այդ թվում՝ բռնի անհետացումներով․

«Դա ամենամեծ խնդիրներից մեկն  է, որին մենք առերեսվում ենք։ Առ այսօր տասնյակ անձանց գտնվելու վայրն անհայտ է, այդ թվում նաև՝ քաղաքացիական անձանց։ Պաշտոնական տվյալների համաձայն 203 անձի գտնվելու վայր է առ այսօր անհայտ։ Դրանցից  առնվազն 20-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում նաև կանայք»։          

Փորձագետները, ներկայացնելով խնդիրներին հետամուտ լինելու իրավական ճանապարհները, նաև նկատում են, որ միջազգային ատյաններում մի շարք դեպքերում խանգարող հանգամանք է երկակի ստանդարտների կիրառումը։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային կառույցները սանկցիաներ չեն կիրառում։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը համաձայն է, որ խնդիրը գերքաղաքական է.  

«Այսպես ձևակերպենք՝ այո՛, գերքաղաքական խնդիր է, բայց ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դրան հասնենք։  Մենք ակնատես ենք լինում աշխարհում շատ լուրջ փոփոխությունների, ականատես ենք լինում երկակի ստանդարտների շատ լուրջ կիրառման, աշխարհաքաղաքական շահերի՝ մարդու իրավունքներին և ժողովրդավարական գաղափարներին դոմինանտ լինելուն, ականատես ենք, որ մարդու իրավունքները կարող են ստորադասվել ֆիզիկական ուժին։ Ես կարող եմ ասել, որ  աշխատանքը շատ դժվար է, բայց ոչ անհնարին»։    

 Ամիրյանը  կարծում է, որ իրավական ճանապարհները պետք է համադրել նաև դիվանագիտական, քաղաքական աշխատանքի հետ։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանի կարծիքով անհրաժեշտ է նաև, որ  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, պետությունները զգան արագ ու արդյունավետ գործելու անհրաժեշտությունը՝ հասարակական ճնշմամբ թե՛ Հայաստանի ներքին լսարանից, թե՛ միջազգայնորեն։   

Back to top button