ԿարևորՀասարակություն

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հիշողությոն պուրակում, որտեղ ջրել են տարբեր ժամանակներում հունական պատվիրակությունների կողմից տնկված արծաթափայլ եղևնիները:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Հույն պատգամավորները առանձնակի ուշադրությամբ են ծանոթացել սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որը նրանց ներկայացրել է ցուցադրության հեղինակ, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին նվիրել է 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:

Back to top button