ԿարևորՀասարակություն

Կորցրեցին հայրենիքի մի մեծ մասն ու ողջ ունեցվածքը․ կփոխհատուցի՞ երբևէ Ադրբեջանն արցախցիների նյութական վնասները

Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ՀՀ–ում հաշվառվել է ավելի քան 91 հազար տեղահանված արցախցի, որոնց 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։ Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով նրանց ավելի քան 70 տոկոսը վերադարձել է։ Հայաստանում գտնվող արցախցիների տվյալներն ամփոփվում են ամեն ամիս։ Սեպտեմբերի 1–ի դրությամբ  Հայաստանում գտնվում է 5278 ընտանիք կամ 20 365 բնակիչ։ Բռնի տեղահանված արցախցիներին միացել են Բերձորից, Սոս ու Աղավնո գյուղերից տեղահանվածները։ Նրանք հիմնականում Սյունիքում են՝ փոխանցել են օպերատիվ շտաբից։       

44-օրյա պատերազմից հետո Գեղանուշ Պարսյանի հիշողություններում ամենապարզը հնչում են Ղազանչեցոցի զանգերը։ Տարիներ շարունակ նրա զարթուցիչը ոչ թե հեռախոսն էր, այլ այս ղողանջը։ Իսկ ավելի քան տասը տարի  հոգու երաժշտությունը սկսվում  և ավարտվում  էր եկեղեցում երգելով։ Դրանից առաջա էլ եկեղեցու բակում էր անցել մանկությունը:

«Հենց եկեղեցու մեջ անցավ մեր մանկությունը։ Եկեղեցին, զանգերը, հարսանիքները, որ պատուհանից կախվում ու նայում էինք, ամբողջը հիշողություն է մեզ համար։  Իմ  աշխատավայրն էր նաև եկեղեցին»։

Սեպտեմբերի 26-ը  Շուշիում  երջանիկ կյանքի վերջին օրն էր։ Մինչև կեսգիշեր  վերանորոգում էին  իրենց տունը, ուր պետք է տեղափոխվեին մի քանի օրից, եթե չարաբաստիկ պատերազմը չսկսվեր․

«Եկավ տուն, դա նշեցինք, մեր առաջին պաստառն էինք խփել պատին, արդեն վերջացնում էինք, որ պետք է մեր տուն ըեղափոխվեինք։ Շատ հոգնած քնեցինք։ Առավոտյան յոթին երազ եմ տեսնում , թունելով գնում եմ դժվար ճանապարհով։ Շատ վատ երազ էր, չէի հասկանում, ծիծաղում եմ, լացում եմ։ Ինձ արթնացրեց քույրիկս ու ասաց, որ պատերազմ է սկսվել»։

Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով  կորցրեցին ամեն ինչ՝ ծննդավայրը, տարիների աշխատանքն ու բոլոր երջանիկ  հիշողությունները։ Երիտասարդ ընտանիքը մի ամբողջ կյանք աշխատել ու գումար էր հավաքել՝ սեփական տանիքն ունենալու համար։ Երազանքը մոտ էր, բայց պատերազմը հեռացրեց.

«110 և ավելի քառակուսի չորս սենյականոց բնակարան էր, կապիտալ վերանորոգված ու կահույքով։ Կահույքը  ունեինք, ինչը չունեինք, պատվիրել էինք։  15 մլն դրամ էինք ներդրել ու 5 մլն դրամ էլ վերանորոգման վարկ էինք վերցրել»։

Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված կադրերից միայն գիտեն, որ իրենց տունն արդեն չկա։ Ընտանիքի ավագը երկրորդ անգամ չուզեց դառնալ փախստական ու կյանքի գնով վճարեց։ Ամուսնու հայրն այդպես էլ դուրս չեկավ Շուշիի իր բնակարանից․ 2021-ի  գարնանը  գտան նրա  սպանված ու խոշտանգված մարմինն ու մայիսի 1-ին   հուղարկավորեցին։  Այժմ արդեն երիտասարդ կինը  սեփական մաշկի վրա է զգում   բռնի տեղահանման սարսափը։ Մինչև պատերազմը լսել էր ամունսու հոր ու մոր պատմությունը,  բայց չէր  հասկանում , թե ինչպես կարող են թողնել տունը, ունեցվածքը և հեռանալ.

«Մենք ուղղակի լսում էինք ու չէինք հասկանում՝ ինչ է դա։ Մինչև չանցի այդ փորձոթուններով ՝ չի հասկանա։ Էդ հուշերով, երազանքներով, քանի տարի ապրել ես այդ քաղաքում։ Այն  ճանապարհով, որով տասը տարի գանցել ես աշխատանքի ու հետ ես եկել։ Իսկ հիմա արդեն չկա»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը գլխիվայր փոխեց  այս ու  մոտ 100 հազար հայ ընտանիքի կյանք։ Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ 44–օրյա պատերազմի ընթացքում  ՀՀ–ում հաշվառվել է ավելի քան 91 հազար տեղահանված արցախցի, որոնց 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։ Նրանց ավելի քան  70 տոկոսը վերադարձել է։

ՀՀ-ում Արցախի  օպերատիվ շտաբից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝  սեպտեմբերի 1–ի դրությամբ  Հայաստանում է 5278 ընտանիք կամ 20 365 բնակիչ։ Բռնի տեղահանված արցախցիներին միացել են Բերձորից,Սոս ու Աղավնո գյուղերից տեղահանված բնակիչների մի մասը։ Օպերատիվ շտաբի փոխանցմամբ՝ նրանք հիմնականում հաստատվել են Սյունիքի մարզում։ Այս պահին այնտեղ  բնակվում է Բերձորից, Սոսից ու Աղավնոյից տեղահանված 31 ընտանիք կամ 114 անձ։

ՀՀ-ում օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացնում է ընդհանուր վիճակագրությունը, թե Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքները, որ մարզերում են բնակվում․ նրանց 26․6 տոկոսը Երևանում է։

«Առաջին տեղում Երևանն է։  Երկրորդ տեղում՝ Սյունիքը, երրորդում՝ Արարատի մարզն է,ապա Կոտայքը, Արմավիրի մարզը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Լոռին, Շիրակը։  Արագածոտնը, ամենափոքր արցախյան համայնքը Տավուշում է»։

Բռնի տեղահանվածների թիվ կա, սակայն վերջնական տվյալ, թե որքան են կազմում ընտանիքների նյութական վնասները, չկան։ Դրանք  գույքագրվում են, ու ամբողջացվելուց հետո պատկերը թերևս ճշգրիտ կլինի։ Սոցիալական աջակացության ծրագրեր իրականցվել են թե Հայաստանում, թե Արցախում։ Վնասների վերականգնման ու փախհատուցման, Արցախից տեղահանվածների խախտված իրավունքները պաշտպանելու գլխավոր ճանապարհը իրավականն է։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝  2021թ փետրվարի 1-ին բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության նպատակով Եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել։ Սա առաջին միջպետական գանգատն էր ՀՀ-ի կողմից ներկայացված՝ ընդդեմ Ադրբեջանի։ Գանգատն ընդգրկում է 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած խախատումների մասին փաստարկներ, ապացույցներ, պահանջներ, կան նաև հստակ պահանջներ, որոնք վերաբերում են տեղահանված անձանց սեփականության, կրթութան խախտված իրավուքներին։ Կիրակոսյանը պարզաբանում է՝ այցելել են Արցախ, մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել, պատկան կառույցներից ամբողջական տեղեկատվություն են հավաքագրել բոլոր տեղահանվածների մասով․

«Մեզ մոտ «իրավունքի խախտման զոհերի» քանակը 90 հազարից անցնում է, 100 հազարի է մոտենում։ Նրանք մարդիկ են, որ տեղահանվել են պատերազմի ընթացքում՝ իրենց տարածքներից, որոնք այժմ  գտնվում են  թե Արցախի, թե Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Միջպետական գանգատը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքի խախտումների, դրանց չափի, վնասի գնահատման հարցերն, ըստ էության, կքննվեն երկրորդ փուլում։

Back to top button